Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 08-07-2019
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը մեկնարկեց «Մակաբույծը» ֆիլմով
Կաննի միջազգային կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի այս տարվա դափնեկիր Չուն-հո Պոնի «Մակաբույծը» ֆիլմով տրվեց Երևանի 16-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մեկնարկը:
Նույն օրը՝ հուլիսի 7-ին Շառլ Ազնավուրի հրապարակում կայացավ հոբելյանական պատվո աստղերի տեղադրում Բագրատ Հովհաննիսյանի 90, Արման Մանարյանի 90 և Գենադի Մելքոնյանի 75-ամյա հոբելյանների առիթով:

Այնուհետև Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ կարմիր գորգի և փառատոնի բացման արարողությունը:

 «Այս տարի փառատոնի շրջանակում երեք վայրերում՝ Ազնավուրի հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Ազատության հրապարակում գործելու են ինֆո կետեր, որտեղ հնարավոր կլինի ծանոթանալ փառատոնի ծրագրերին, ինչպես նաև ձեռք բերել փառատոնային աքսեսուարներ»,- նշեց «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ փառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 7-14-ը: 

Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ, ինչպես նաև ընտրվել են մի շարք կինոնկարներ աշխարհի հեղինակավոր կինոփառատոներից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից: Փառատոնն ունենալու է միջազգային լիամետրաժ (խաղարկային և վավերագրական), ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթներ, իսկ արտամրցութային ծրագիրը ներառելու է «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցույթը: Մնացած ծրագրերը ոչ մրցութային են. դրանք են՝ «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք»:

«Ոսկե ծիրանն» այս տարի ունի նաև նոր տարբերանշան, որն արտահայտում է փառատոնի նոր կազմի ինքնատիպ մոտեցումը 16-րդ տարին անցկացվող իրադարձությանը: Այն մինիմալիստական է, ներկայացնում է հայերեն «Ծ» տառը: Այդ տառի միջոցով լոգոյի հեղինակը փորձել է ստանալ փառատոնի խորհրդանիշ համարվող ծիրանը:

Պատկերասրահ՝ 16-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մեկնարկը