Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Անուշ Գրիգորյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 14-07-2019
Հավատն է հաղթանակի հիմքը
Երիտասարդ հայ բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի բռնցքամարտի չեմպիոն է:
22-ամյա հայուհուն տեսնելով՝ դժվար է պատկերացնել, որ նման նուրբ աղջնակը կարող է ոչ միայն ինքնապաշտպանվել, այլ նաև գրանցել մեծ հաղթանակներ սպորտում, մասնավորապես՝ բռնցքամարտում: Սակայն տեսնելով նրա՝ սպորտում գրանցած հաջողությունները, համոզվում ես, որ հաղթանակին հասնելու ամենակարևոր նախապայմաններից են կամքի ուժը և նպատակասլացությունը, բռնցքամարտում՝ տեխնիկան:

Անուշ Գրիգորյանը ծնվել է Արմավիր մարզի Գայ գյուղում: Սովորել է տեղի դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական համալսարանի մարզչամանկավարժական բաժինը: Բռնցքամարտով զբաղվում է ինը տարեկանից: 

Այս տարի՝ մարտի 17-ին, Վլադիկավկազում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնության եզրափակիչ մենամարտերտում Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը հաղթեց ռուս բռնցքամարտիկին և արժանացավ չեմպիոնի կոչմանը: Իսկ արդեն ապրիլի 13-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում կայացած բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Անուշ Գրիգորյանը եզրափակիչ մրցամարտում նվաճեց ոսկե մեդալ՝ հաղթելով իռլանդուհի Կառլի Մաք-Նաուլիին: 

Ինչո՞ւ որոշեց երիտասարդ հայուհին զբաղվել պրոֆեսիոնալ բռնցքամարտով, ինպե՞ս արձագանքեցին ծնողները, ի՞նչ դժվարություններ է հաղթահարել, ո՞րն է մարզուհու մոտիվացիան սպորտում և այլ հարցերի շուրջ Eritasard.am-ը զրուցել է աշխարհի և Եվրոպայի բռնցքամարտի չեմպիոն Անուշ Գրիգորյանի հետ


-Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիք զբաղվել սպորտով: 
 
2007 թվականին, երբ դիտեցի Վախթանգ Դարչինյանի՝  հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, նախկին WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի չեմպիոնի մենամարտը, ինձ մոտ սեր առաջացավ դեպի բռնցքամարտը: Ինձ հատկապես գրավում էին բռնցքամարտի մրցումներ դիտելու ընթացքում սպասումները, ոգևորության զգացումը: Վիկ Դարչինյանի հաղթանակը ինձ շատ մոտիվացրեց և կարևոր դեր խաղաց իմ ընտրության հարցում: Ես 9 տարեկան էի, խնդրեցի հայրիկիս, որ ինձ տանի բռնցքամարտի, սակայն այդ ժամանակ գյուղում չկար բռնցքամարտի մարզադպրոց: Այդ թվականին Արամայիս Մնացականյանը եկավ Հայաստան և հիմնեց մարզադպրոց, բայց ոչ թե բռնցքամարտի, այլ՝ քինգ-բոքսինգի դպրոց: Սկսեցի մարզվել քինգ-բոքսինգով: Ճիշտ է՝ շատ մեծ դժվարությամբ, քանի որ մի կերպ համոզեցի ծնողներիս, որ թույլ տան հաճախեմ: Երբ 2010 թվականին աղջիկների բռնցքամարտը դարձավ օլիմպիական մարզաձև ես և հայրս որոշեցինք, որ պետք է զբաղվեմ պրոֆեսիոնալ բռնցքամարտով: 2010 թվականին ընդունվեցի Խաչիկ Խաչատրյանի բռնցքամարտի դպրոց, որտեղից էլ սկսվեց իմ մեծ կարիերան սպորտի աշխարհում: 

-Ինչպե՞ս արձագանքեցին Ձեր ծնողները, երբ հայտնեցիք նրանց՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտով զբաղվելու ձեր որոշման մասին:
 
Հայրս էլ, մայրս էլ շատ են սպորտ սիրել: Սակայն սկզբում շատ դեմ էին, որ ես զբաղվեմ բռնցքամարտով: Ես խնդրում էի, լաց էի լինում, որ թողնեն գնամ… Վերջապես մերոնք զիջեցին: Հայրս տեսնում էր, որ ցանկությունս շատ մեծ է և ի վերջո տվեց իր համաձայնությունը: Ծնողներիս, ընտանիքիս համար շատ դժվար է, քանի որ տեսնում են, թե ինչպիսի դժվարությունների միջով եմ անցնում: Մինչև գնում եմ մրցումների ու վերադառնում եմ մերոնք շատ մեծ սթրեսի միջով են անցնում, բայց հետո ուրախանում են և անսահման հպարտության ապրում: 



-Ո՞րն է Ձեր մոտիվացիան սպորտում:
 
Շատ բաներ կան, որ օգնում են ոտքի կանգնել և ուժ են տալիս պայքարելու: Հաճախ եմ ինքս ինձ հետ խոսում, կրկնում եմ, որ չկա ոչ մի անհաղթահարելի դժվարություն, որովհետև բոլորի կյանքում էլ լինում են դժվար օրեր, սև գիծ, և հարկավոր չէ հուսահատվել: Իմ մոտիվացիան իմ հավատն է: Յուրաքանչյուր պարագայում, յուրաքանչյուր գործ սկսելուց ես միայն հավատով եմ առաջնորդվում: Հավատում եմ իմ արած գործին, և որ ամեն ինչ լավ է լինելու: Եթե վատի մասին մտածեմ՝ հաստատ վատ կլինի: Ռինգ դուրս գալուց առաջ ես միշտ աղոթում եմ, խաչակնքվում և նոր սկսում մենամարտը: Կապ չունի թե դու մարզիկ ես, խոհարար թե մեկ այլ մասնագիտության տեր մարդ: Դու պետք է հավատաս քո սկսած գործին: Ես հավատում եմ այն խոսքին, որ եթե մանանեխի չափ հավատ ունենաս, ապա սարեր շուռ կտաս: Ամեն մի մարզում տալիս է իր սերմերը: Ճիշտ է՝ կան ձախողումներ, վնասվածքներ, դժվար օրեր, սակայն ամեն մի դժվարությունից հետո գալիս է երջանիկ պահ: Նույնիսկ, երբ վնասվածք էի ստացել և 7 ամիս չէի մարզվում, բոլորը կարծում էին, որ թողնելու եմ սպորտը: Սակայն ես ինքս ինձ հավատում էի և ամեն բան լավ ստացվեց:

- Չնայած նրան, որ Դուք զբաղվում եք բռնցքամարտով, որը կոպիտ սպորտաձև է, շարունակում եք պահպանել Ձեր նուրբ արտաքինը: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում համատեղել երկու, թվում է թե տարբեր հատկանիշները՝ ուժը և կանացիությունը: 
 
Կոպիտ սպորտաձև և նուրբ արտաքին. ես բնույթով այդպիսին եմ: Միայն ռինգում կռվել, ցույց տալ ուժերը և լինել խելացի, իսկ առօրյա կյանքում լինել այնպիսին, ինչպիսին որ կամ՝ հատուկ ոչ մի բան չեմ անում (ժպտում է): 



-Համաձա՞յն եք այն կարծիքի հետ, որ հաղթում է, ոչ թե նա, ով լավ է հարվածում, այլ նա, ով լավ պաշտպանվում է:
 
Ինձ համար ռինգում հաղթում է նա, ով ավելի խելացի է գտնվում: Ամեն օր մեզ օգնում է մեր գիտակցությունը: Սպորտը բացառություն չէ: 

-Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդ աղջիկներին և տղաներին, որոնք ցանկանում են զբաղվել բռնցքամարտով:
 
Ամենաառաջինը՝ մի լսեք շրջապատի կարծիքը, քանի որ ոչ ոք Ձեր փոխարեն Ձեր կյանքը չի ապրելու: Եթե սիրում եք բռնցքամարտը և ունեք լուրջ, հեռանկարային նպատակներն անպայման զբաղվեք: Կարևորը սպորտին գիտակցորեն մոտենալն է, քանի որ այդ կյանքը հեշտ չէ:  Պետք է գնաս քո նպատակի հետևից՝ քրտնաջան աշխատելով: 



Հ.Գ.: Անուշ Գրգորյանը  մասնակցել է նաև հունիսի 21-ից հուլիսի 1-ը Մինսկում ընթացող Եվրոպական խաղեր 2019-ին: Ցավոք1/4 եզրափակիչում պարտություն կրելուց հետո լքել է մրցապայքարը, որից հետո կատարել է հետևյալ գրառումը. «Երբևէ չեմ խուսափել այն նկարներից որտեղ բարձրացված է հակառակորդիս ձեռքը,այն էլ վիճելի մենամարտում,ընդհակառակ՝ ես այդ նկարներից նոր ուժ ու նոր պայքար եմ սկսում,որոնք էլ ինձ դեպի նոր հաղթանակներ է տանում...

Հավատն է հաղթանակի հիմքը...
Պայքարիր ու մի օր կհասնես...»