Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 17-07-2019
Ֆիլմադարան. «Ռեմբո 5.Վերջին արյունը»՝ լեգենդար շարքի վերջին մասը
Սիլվեստր Ստալոնեն վերադառնում է վերջին չորս տասնամյակների հանրահայտ մարտիկ, հերոս Ջոն Ռեմբոյի կերպարով: Այժմ նա պետք է դիմակայի իր անցյալին և վերհիշի իր զորեղ, անողոք մարտական հմտությունները, որպեսզի վրեժխնդիր լինի իր վերջին առաքելությունում:

Ֆիլմի կարգախոսն է՝ «Իսկական  հերոսը պայքարում է մինչև վերջ»:

2018 թվականի օգոստոսին, երբ հայտնի դարձավ, որ  սկսվել են դերասանական կազմի ընտրման աշխատանքները, Սիլվեստր Ստալոնեն վերսկսեց իր ակտիվ ֆիզիկական մարզումները՝ Ջոն Ռեմբոյի դերին վերադառնալու համար: Սեպտեմբերին արդեն պարզ դարձավ, որ «Օսկար»-ի և «Ոսկե գլոբուս»-ի հավակնորդ Ադրիանա Բարասան այս ֆիլմում կկատարի ագարակի տիրուհու՝ Մարիայի դերը: Մարիան Ռեմբոյի ընկերուհին է և այն ագարակի տիրուհին, որտեղ բնակվում է Ռեմբոն, և  ում աղջկան առևանգում են Մեքսիկայում: 

Ֆիլմում նկարահանվել են Պաս Վեգան, Սերխիո Պերիս-Մենչետան, Ադրիանա Բարրասան, Իվետտ Մոնրեալը, Խոակին  Կոսիոն,  Օսկար Խաենադան, Լուիս Մենդիլորը և այլք:  

Հոկտեմբերին հայտարարվեց, որ իսպանացի դերասանուհի Պաս Վեգան ֆիլմում կմարմնավորի գլխավոր հերոսուհու դերը՝ լրագրողուհի և նախկին զինվորական Կարմեն Դելգադոյի կերպարը, ով միանում է Ռեմբոյին՝ գտնելու համար առևանգված Գաբրիելին: Վերջինիս մարմնավորելու է Իվետտ Մոնրեալը: 

Ստալոնեն «Ռեմբո 5»-ի սցենարը գրել է Մեթյու Սիրյուլնիկի և Դեյվիդ Մորելլի հետ համատեղ: Ստեղծագործական գործընթացը վերահսկվում է պրոդյուսերներ Ավի Լերների, Կեվին Կինգ Տեմպլտոնի և Լես Ուէլդոնի կողմից:

Արիզոնա վերադառնալուց տարիներ հետո պատերազմի վետերան Ջոն Ռեմբոն աշխատում է վարել հանգիստ և խաղաղ կյանք իր հոր ագարակում: Նա երազում է մոռանալ անցյալի հրեշավոր պատմությունը և հանգիստ ապրել՝ հոգ տանելով ագարակի կենդանիների և հատկապես ձիերի մասին: Վերջին բանը, որի մասին նա ուզում էր մտածել՝ դա պատերազմն էր: Չնայած նա երկար տարիներ փակ կյանք էր վարում, սակայն կապ էր պահում իր մոտ ընկերուհի՝ Մարիայի հետ, ով իր ամբողջ կյանքը աշխատելով ագարակում, օգնում է նրան կենցաղային հարցերում: Մարիայի ազգականուհի Գաբրիելլան ուշադրություն չդարձնելով Ջոնի և Մարիայի խոսքերին որոշում է գնալ Մեքսիկա, գտնել հորը և անձամբ պարզել, թե ինչու է լքել իրենց տարիներ առաջ: Նա իր նպատակին չի հասնում. նրան առևանգում են: Ռեմբոյին այլ տարբերակ չի մնում, քան կրկին ձեռքը զենք վերցնել,  հատել ամերիկամեքսիկական սահմանը և գտնել աղջկան: Նա բացահայտում  է քրեական կազմակերպության գործունեությունը, որը զբաղվում է կանանց վաճառքով: Ռեմբոն ծանոթանում է մի լրագրողուհու հետ, ում քույրը նույնպես կորել է: Գործի դնելով իր ողջ փորձն ու հմտությունները Ռեմբոն մտադրվում է ամեն գնով կասեցնել մարդկանց վաճառքով զբաղվող ավազակախմբի անմարդկայնի գործունեությունը:  

Եվ քանի որ «Ռեմբո 5»-ը պետք է դառնա այս զինվորական մարտիկի մասին պատմող ֆիլմաշարի վերջին ֆիլմը, երկրպագուները ցանկություն են հայտնում, որ ֆիլմի վերջում Ռեմբոյին վերջապես տեսնեն իր ընտանիքում: Այդպիսով ֆիլմը կապացուցի, որ Ռեմբոն ավելին է, քան պատերազմը, ինչի վառ ապացույցը կհանդիսանա նրա ընտանեկան կյանքը և կյանքի հետագա խաղաղ տարիները:

Ֆիլմը մեծ էկրաններին կցուցադրվի «Ռեմբո 4»-ի պրեմիերայից  11 տարի անց: ԱՄՆ-ի տարածքում՝ կինոթատրոններում և վարձույթի կետերում այն կցուցադրվի սեպտեմբերի 20-ին: 

Պաշտոնական թրեյլերը՝