Նյութը՝ Հերմինե Կարապետյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 17-07-2019
Հանդիպում-քննարկում՝ Եվրոպայի խորհրդի փորձագիտական թիմի մասնակցությամբ
Եվրոպայի խորհրդի երիտասարդական քաղաքականության խորհրդատվական առաքելության փորձագիտական խումբն այս օրերին գտնվում է Հայաստանում:

Առաքելության հիմնական նպատակն է աջակցել ՀՀ իշխանություններին՝ ի դեմս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, երիտասարդական պետական քաղաքականության իրավական դաշտի կատարելագործման հարցում, մասնավորապես` ներկայացնելով առաջարկություններ երիտասարդության հարցերի ոլորտում Եվրոպայի խորհրդի նորմերի և ստանդարտների հիման վրա Հայաստանի ազգային երիտասարդական ռազմավարության վերանայման վերաբերյալ: 

Առաքելության շրջանակում այսօր Երևանի «Իբիս» հյուրանոցում տեղի ունեցավ  հանդիպում-քննարկում Եվրոպայի խորհրդի փորձագիտական թիմի և ազգային երիտասարդական քաղաքականության մեջ ներգրավված շահագրգիռ կողմերի՝ ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիննների, երիտասարդական և միջազգային կազմակերպությունների  ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպմանը հրավիրվել էին նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի, ՄԱԿ-ի կառույցների հայաստանյան գրասենյակների ներկայացուցիչներ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, շնորհակալությւոն հայտնելով ԵԽ փորձագիտական խմբին ՀՀ իշխանություններին աջակցելու համար, նշեց, որ հանդիպումը միտված է ոլորտում առկա խնդիրների քննարկմանը և դրանց լուծման ուղիների մշակմանը: «Բոլորովին վերջերս ստանձնելով ոլորտի կառավարումը՝ միանգամից բացահայտեցի, թե որքան անելիքներ ունենք երիտասարդական քաղաքականության կատարելագործման առումով՝ հատկապես իրավական դաշտում: Մեր գերնպատակն է ունենալ կրթված ու բանիմաց երիտասարդություն, որոնք ակտիվ ներգրավված կլինեն հասարակական-քաղաքական կյանք: Որպես նոր Հայաստանի ամենաերիտասարդ պետական պաշտոնյա՝ ինձ համար կրկնակի պատասխանատվություն է ստանձնել ոլորտի կառավարումը: Երիտասարդներն իրենց կարողությունները ցույց են տվել միշտ ու բոլոր հնարավոր մակարդակներում.  դրա լավագույն դրսևորումը եղավ նաև թավշա հեղափոխության ժամանակ երիտասարդական խմբերի ակտիվ ներգրավվածությունը երկրում տիրող գործընթացներում»,-նշեց փոխնախարարը՝ հույս հայտնելով, որ շատ արագ հնարավոր կլինի կանոնակարգել ոլորտը, քանզի ժամանակի հրամայական է՝ ունենալ երիտասարդության մասին առանձին օրենք և ռազմավարություն:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանն էլ նշեց, որ այս նախաձեռնությունը և  Եվրոպայի խորհրդի երիտասարդական քաղաքականության խորհրդատվական առաքելության փորձագիտական խմբի ներկայությունը ՀՀ-ում շատ կարևոր է. «Հորդորում եմ մասնակից գերատեսչությունների ներկայացուցիչներին լինել առավելագույնս կառուցողական,  որպեսզի այսօրվա քննարկումով կարողանանք զարկ տալ երիտասարդական քաղաքականության իրավական դաշտի կատարելագործման գործընթացին: Վստահեցնում եմ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության այս նոր, մեծ գերատեսչության համալիր կառույցում շուտով կսկսվի բոլոր այն նախագծերի իրականացումը, որոնք նախկինում չենք կարողացել իրագործել»,- ասաց Թամարա Թորոսյանը: 

Նա նաև նշեց, որ այսօր տեսնում ենք համայնքային մակարդակներում տեղական երիտասարդական քաղաքականության գործիքների մշակման քայլեր, որը ևս շատ կարևոր է ընդհանուր ազգային ռազմավարության նախագծի վերամշակման գործընթացքում:

Նշենք, որ  ԵԽ փորձագիտական խմբի կազմում ընդգրկված են Երիտասարդության հարցերի եվրոպական ղեկավար կոմիտեի, Երիտասարդության խորհրդատվական բյուրոյի, Երիտասարդական ֆորումի, ԵԽ քարտուղարության մեկական ներկայացուցիչ և եվրոպական երիտասարդական քաղաքականության պրոֆեսոր-գլխավոր զեկուցող:

Հուլիսի 17-ին նախատեսվում է այց Գյումրի, հանդիպում-քննարկումներ ՀՀ Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի, Գյումրիում գործող երիտասարդական կազմակերպությունների հետ:

Հուլիսի 18-ին փորձագիտական խումբն այցի արդյունքները կամփոփի նախարարությունում նախատեսված հանդիպում-քննարկմամբ:

Պատկերասրահ՝ Եվրոպայի խորհրդի փորձագիտական խմբի այցը Հայաստան