Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Էմմա Մաթևոսյանի
Տեղադրվել է 25-07-2019
Տերյանական օրեր՝ Ջավախքի Գանձա գյուղում
Ինչպես արդեն նշել էինք հուլիսի 20-ին և 21-ին Ջավախքի Կարզախ և Գանձա գյուղերում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը տեղական իշխանությունների հետ համատեղ իրականացրեց «Ջիվանական և տերյանական օրեր» տոնակատարությունները:
Ջիվանական օրերին հաջորդեցին տերյանական տոնակատարությունները՝ մեծ գրողի հայրենի գյուղում՝ Գանձայում։ Մեկնարկը տրվեց Գանձայի Սուրբ Կարապետ եկեղեցում մատուցված պատարագով։ Այնուհետև այց կատարվեց գրողի տուն-թանգարան։ 
 
«Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նմանօրինակ միջոցաջումները կարևոր են հայ-վրացական հարաբերությունների զարգացման համար։ Նրա խոսքով՝ մշակույթն ինքնին հոգևոր սնունդ է, որը կարևոր է մարդկանց առօրյա հոգսերից կտրելու համար։ Իսկ մեծն բանաստեղծի յուրաքանչյուր տող մարդկանց տանում է դեպի սերը, ջերմությունը։ Անգամ տխուր պահերին նրա տողերը հուսադրում են։ 
 
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անի Մոսոյանը շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու և այս տոնակատարություններին մասնակցելու համար։ 
«Մաքուր և ադամանդյա պոեզիան մերձեցնում է մարդկանց։ Վահան Տերյանն այս տասնամյակներին դարձել է հայ և վրաց գրականությունների և ժողովուրդների իսկական բարեկամության և եղբայրության առհավատչյա»,-իր ելույթում ասաց քաղաքապետը։ 
 
Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանն իր ելույթը սկսեց աղոթքով։ Վարդապետ Ամիրյանի խոսքով՝ օրը հիշատակի և օրհնության շատ կարևոր օր է, քանի որ նշում և ոգեկոչում ենք Վահան Տերյանի պայծառ հիշատակը։ «Ջիվանական և տերյանական օրերը կարծես Ջավախք աշխարհում գնահատանքի և մեծարանքի կարևոր օրեր են։ Ազգը հավերժ կապրի, եթե իր մշակույթն առողջ է, եթե մշակույթը ծնում է այնպիսի մարդիկ, որոնք գալիս են զարգացնելու, լուսավորելու առանց այն էլ հայ ժողովրդի հարուստ մշակութային կյանքը։ Ե՛վ Ջիվանին, և՛ Վահան Տերյանն այն մնայում արժեքներն են, որոնք դարեր ի վեր պետք է ամուր ու շեն պահեն հայ ժողովրդի մշակութային արժեքները, պետք է պատճառ դառնան, որպեսզի հայ ժողովրդի բարեկամ ժողովուրդները կարողանան ուրախանալ այս մեծությունների համար։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է հպարտանա, որ ունի այսպիսի հայորդիներ իր հողում՝ իր հողից և ջրից ծնված»,-նշեց նա։ 

Նշենք, որ այս տարի տերյանական տոնակատարությունները թվով 53-րդն էին։