Նյութը՝ Երիտասարդական ակումբների դաշնությունից
Լուսանկարները՝ Երիտասարդական ակումբների դաշնությունից
Տեղադրվել է 29-07-2019
Ավելի քան 10000 մարդ Վարդավառը նշեց Գեղարդում և Գառնիում
Քրիստոսի պայծառակերպության՝ Վարդավառի տոնը մեծ հանդիսությամբ նշվեց համաշխարհային նյութական մշակույթի գանձարանի մասը կազմող Հայաստանի խոշոր հուշարձանների՝ Գեղարդի և Գառնիի տարածքում՝ «Վարդավառ» միջազգային փառատոնի շրջանակում։

Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը՝ Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) հուլիսի 28-ին կազմակերպեց արդեն ավանդական դարձած «Վարդավառ» փառատոնը, որը վեցերորդ տարին անընդմեջ համախմբեց բազմաթիվ երիտասարդների, Հայաստան ժամանած հյուրերի և այս տոնի հազարավոր սիրահարների: Փառատոնի նպատակն է ներկայացնել ազգային-ավանդական մշակույթը, լայն հասարակությանը ճանաչելի դարձնել Վարդավառի տոնական և ծիսական առանձնահատկությունները: 

Ճանաչողական, կրթական և մշակութային «Վարդավառ» փառատոնի միջացառումները բազմաթիվ էին. պատարագ  Գեղարդավանքում, ազգային-ավանդական մշակույթը, ՀՀ մարզերի բերքն ու բարիքը ներկայացնող տաղավարներ Գառնիում, ազգային խաղեր, բեմականացված ներկայացումներ, Աստղիկ դիցուհուն նվիրված հին-հայկական արարողություն, ազգային երգ ու պար, ձեռքի աշխատանքների ցուցադրություն, ծիսական ուտեստներ, հատուկ «Քուեստ» (Quest) երիտասարդների ու փառատոնի հյուրերի համար: 

Փառատոնի ողջ ընթացքում Գառնիի տաճարի տարածքում առկա էր «կենդանի գրադարանը»՝ տոնի պատմությանն ու առանձնահատկություններին քաջատեղյակ մարդիկ, ովքեր իրենց գիտելիքներով էին կիսվում Փառատոնի հայ և օտարերկրացի մասնակիցների հետ։  

Ուղիղ կեսօրին Գառնիում փառատոնի բացման խոսքով հանդես եկավ Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը՝ կարևորելով հայկական մշակույթի վերհանումը, երիտասարդության շրջանում ազգային-հոգևոր արժեքների պահպանումը, Հայաստանի կայուն աճն ապահովող զբոսաշրջության ոլորտի ու Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանն ուղղված այս տոնի նշանակությունը.  «Վարդավառը երիտասարդության ամենասիրված տոներից է, իսկ Գեղարդում և Գառնիում այն  կազմակերպելն էլ ավելի մեծ շուք է հաղորդում մեր փառատոնին: Ազգային, մշակութային ավանդույթները տարածողները երիտասարդներն են, հենց նրանք պետք է պահպանեն ու հանրահռչակեն դրանք՝ լավագույնս ծանոթ լինելով մեր պապերի թողած ժառանգությանը: Եվ, վերջապես, աշխարհի տարբեր անկյուններից Վարդավառի փառատոնին մասնակցելու համար Հայաստան ժամանած հյուրերը մշակութային նման միջոցառումներին մասնակցելով էլ ավելի լավ են ճանաչում ու սիրում հայերիս»:

Նշենք, որ ամեն տարի Փառատոնի ծրագրում ընդգրկվում է ինչպես Վարդավառի եկեղեցական, այնպես էլ մինչքրիստոնեական ծիսակատարությունները՝ առավել ամբողջականորեն ներկայացնելու Վարդավառի խորհուրդը, տոնի էությունը: Դե իսկ միմյանց վրա ջուր ցողելու արարողությունը փառատոնի ողջ ընթացքում ուղեկցեց բոլոր մասնակիցներին, հյուրերին՝ առիթ դառնալու բաղմաթիվ հետաքրքիր լուսանկարների, ուրախ տրամադրության: 

Փառատոնը կազմակերպմանն օժանդակեց ՀՀ Կոտայքի մարզպետարանը և փորձեցին խանգարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Գառնիի աշխատակիցները: