Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Վահե Խաչիկյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 31-07-2019
«Ես Վանաձորի երիտասարդական ոլորտի զարկերակն եմ»․ Վահե Խաչիկյան
Eritasard.am-ն իր նոր «Վանաձորի զարկերակը» հեղինակային շարքում շարունակում է ներկայացնել քաղաքի ակտիվ դեմքերին։ Այս անգամ խորագրի շրջանակներում միասին կփորձենք բացահայտել Վահե Խաչիկյանին։

Վահեն 25 տարեկան է, Վանաձորի ամենակատիվ երիտասարդներից։ Վանաձորում ապրում է արդեն 10 տարի, աշխատում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ում, համակարգում է «Վանաձորի ԻնֆոՏան» ծրագրերը։ 

Իմ աշխատանքը կապված է․․․
երիտասարդների հետ։ Այլ կերպ ասած՝ զբաղվում եմ երիտասարդական աշխատանքով։ Աշխատանքս ինքնին բազմաբնույթ է և երբեմն չի սահմանափակվում միայն «Վանաձորի ԻնֆոՏան» ծրագրերի համակարգմամբ։ Այլ ծրագրեր ևս համակարգում եմ, որոնցից է Վանաձորի երիտասարդական քաղաքականության մշակման ծրագիրը։ 

Երիտասարդական աշխատանքով զբաղվելու նպատակը․․․
լոռեցի երիտասարդների ինքնաճանաչումը, ակտիվությունը, իրազեկվածությունը խթանելն է, ինչպես նաև նրանց շրջանում մեդիագրագիտության մակարդակի բարձրացումը, քննադատական մտածողության զարգացումը։ Դրա համար իրականացնում ենք դասընթացներ, միջոցառումներ։ 

Աշխատանքային սեղանիս կարևոր առարկաներից են․․․
նոթատետրը, համակարգիչը, և իհարկե՝ ջրի բաժակը կամ թերմոսը։ 



2 տարի մի քանի ամիս աշխատելով հասցրել եմ․․․
շատ միջոցառումներ, քննարկումներ, հանդիպումներ, դասընթացներ կազմակերպել։ Աշխատել եմ շատ երիտասարդների հետ։ Մեծամտաբար չհնչի, սակայն, նրանց կյանքում կարողացել եմ որևէ բան փոխել, ինքս էլ մշտապես սովորելու գործընթացի մեջ եմ։ Մշտապես փորձում եմ պահը որսալ և նոր գործիքներ սովորել։ 

Պատրաստվում եմ․․․
արտերկրում վերապատրաստվել՝ գիտելիքներս համալրելու համար։ Ինչպես նաև ընդգրկուն ու լայն գործունեություն ծավալել՝ արդեն մարզի մակարդակով՝ աշխատելով համայնքների երիտասարդների հետ։ 

ՏԻՄագետ խաղը ստեղծել եմ, որպեսզի․․․
այլընտրանքային  տարբերակով երիտասարդներին կրթելու, իրազակելու համար։

Վանաձորն աշխարհի ամենա․․․
խոնավ, ջերմ, տաք, գժոտ վայրն է, ամենա ամենան։ 

Վանաձորի երիտասարդներն ամենա․․․
«դեպրեսված», արևոտ, ջերմ, իրարից տարբերն են։

Վանաձորն ինձ համար․․․
ապրեկակերպ է։ Ես ինձ Վանաձորից դուրս չեմ պատկերացնում։ 


 
Ես Վանաձորի համար․․․
կարծում եմ՝ կարևոր եմ։ 

Վանաձորի բարբառով ամենասիրելի արտահայտություներիցս են․․․
Ազիզ ես քեզ սիրըմ եմ, Ազիզ լա ինձ ճիտ արա։

Քաղաքում ամենասիրելի վայրը․․․
Տիգրան Մեծ պողոտայի Խիմզավոդի հատվածն է, որը չնայած կենտրոնական փողոց է, սակայն ամենահանգիստն ու քիչ մարդաշատն է։ Սիրում եմ նաև նոր բացված Համերաշխության պուրակը, որն ընկերներով անվանում ենք Երիտասարդական պուրակ։ Եվ երրորդ սիրելի վայրը՝ աշխատավայրս է։ 

Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը Վանաձորում սպասվում են․․․
հետաքրքիր միջոցառումներ։ Մասնավորապես՝ պանելային քննարկում, որը կրում է «Փոխակերպելով կրթությունը» խորագիրը, Հնարավորությունների տոնավաճառ, որի շրջանակներում կլինեն վարպետության դասեր, ինչպես նաև սպասվում են մի շարք սպորտային միջոցառումներ, և իհարկե՝ տոնական համերգ։ 

Ես Վանաձորի․․․
երիտասարդական ոլորտի զարկերակն եմ։

Նշենք, որ «Վանաձորի զարկերակը» շարքը նվիրված է Վանաձորի՝ 2019թ․Երիտասարդական մայրաքաղաք հռչակվելուն։