Նյութը՝ Դավիթ Գրիգորյանից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 20-08-2019
«Ֆրեսկո» 6–րդ փառատոնի շրջանակում Հայաստան կժամանեն տարբեր փառատոնների ներկայացուցիչներ
Օգոստոսի 23-30-ը Հայաստանում անցկացվելիք «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 6–րդ միջազգային փառատոնի շրջանակում Հայաստան կժամանեն ներկայացուցիչներ աշխարհի 5 փառատոններից:

Իտալիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից մեր երկիր ժամանած մասնագետները «Ֆրեսկո»-ի շրջանակում կներկայացնեն սեփական փառատոնների փորձը, առաքելությունը և լավագույն ֆիլմերը: Մասնավորապես, Հայաստան կժամանեն ներկայացուցիչներ «Պատուհան» դեպի Եվրոպա» ռուսական կինոյի, «Պոկրով» միջազգային ուղղափառ կինոյի, «Սակրոֆիլմ» կաթոլիկ ֆիլմերի, «Կրոնն այսօր» միջազգային ֆիլմերի փառատոններից:  

«Ֆրեսկո»-ին մասնակցելու համար մեր երկիր է ժամանում 30 հյուր, որոնց ցանկում են կինոփառատոների նախագահներ, կինոգործիչներ, հոգևորականներ: Նրանք ոչ միայն կմասնակցեն «Ֆրեսկո»-ի ծրագրերին, այլև կբացահայտեն Հայաստանը, կայցելեն Մատենադարան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

Փառատոնի շրջանակում կկայանա երկու բացման արարողություն: Օգոստոսի 23-ին «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի  «Բարձունքի հատակից» ֆիլմը, որից հետո կկայանա հանդիպում - քննարկում  ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Թամարա Ցոցորիայի և քառակի մրցանակակիր, աշխարհի չեմպիոն, երկակի պարալիմպիկ չեմպիոն Ալեքսեյ Մոշկինի հետ, ով ֆիլմի գլխավոր հերոսի նախատիպն է: Իսկ օգոստոսի 24-ին Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների տարածքում կկայանա փառատոնի բացօթյա հանդիսավոր բացման արարողությունը, որտեղ Արթո Թունչբոյաջյանի, Վահան Արծրունու և Վահագն Հայրապետյանի կատարմամբ կհնչեն Կոմիտասի գործերը: Փառատոնային յուրաքանչյուր օրվա մեկնարկ կտրվի  համերգային ծրագրով: 

Միջոցառման շրջանակներում նախատեսված է իրականացնել «Մարդը նշանակետի տակ (Man in focus)» խորագրով կոնֆերանս, ինչպես նաև վարպետության դասեր, համերգներ, ֆիլմերի դիտում-քննարկումներ: 

Տեղեկացնենք, որ փառատոնին այս տարի ներկայացվել է 2000 հայտ՝ 32 երկրներից, որոնցից ընտրվել է 37 ֆիլմ 17 երկրից: Մրցութային ծրագրում ընդգրկվել են ֆիլմեր, որոնք դեռևս ցուցադրված չեն եղել համացանցում: Ժյուրիի կազմում միջազգային կինոգործիչներ, հոգևորականներ և արվետագետներ են: Փառատոնը կեզրափակվի մրցանակաբաշխության արարողությամբ: