Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Անահիտ Կարապետյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 31-08-2019
«Ես Վանաձորը չլքելու, այստեղ արարելու, ապրելու զարկերակն եմ»․ Անահիտ Կարապետյան
Eritasard.am-ն իր նոր «Վանաձորի զարկերակը» հեղինակային շարքում այս անգամ ներկայացնում է Անահիտ Կարապետյանին, որը Վանաձորի ամենակտիվ, մի քանի մասնագիտություններ համատեղող, բազմազբաղ, ժպտերես, ակտիվ երիտասարդներից է։ Իսկ թե որ զարկերակն է ակտիվ պահում՝ կպարզենք միասին։

Անահիտը 26 տարեկան է։ Վանաձորում ապրում է ծնված օրվանից։ Ունի մի քանի մասնագիտություն։  Ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրա բաժինը։ Իսկ այժմ Կառավարման ակադեմիայի Զբոսաշրջության կառավարում բաժնի մագիստրատուրայի ուսանող է։ 

Դասավանդում է «Գայաննա» կենտրոնի պարային դպրոց-ստուդիայում, զբաղվում ակտիվ երիտասարդական գոործունեությամբ, դրա հետ մեկտեղ՝ հանդիսանում Վանաձոր համայնքի ավագանու  Լուսավոր Հայաստան խմբակցությամբ քարտուղար։ 

Որպես պարուսույց աշխատում եմ․․․
18 տարեկանից։ Իրականում ամբողջ կյանքս պարարվեստի մեջ եմ եղել։ Հաճախել եմ «Գայաննա» կենտրոնի պարային դպրոց-ստուդիա, որտեղ 15 տարեկանից կամավորության սկզբունքով եղել եմ պարուսույցի օգնական, իսկ մի քանի տարի անց՝ պարուսույց։
 


Որպես պարուսույց փորձում եմ․․․
կրթել կադրեր, որոնք իսկապես գրագետ, գիտակից պարողներ կդառնան։ Իրականում, պարը շատ կարևոր դաստիարակչական գործիք է, քանի որ երեխաները սովորում են ոչ միայն գրագետ պարել, այլ նաև թիմային աշխատել, ինչն իրենց անհրաժեշտ է ամբողջ կյանքի ընթացքում՝ բոլոր ոլորտներում։ 

Երբ խոսքերը չեն բավարարում․․․
օգնության է գալիս պարը։ Պարը լավագույն արտահայտչամիջոցն է՝ հույզերի, մտքերի, ապրումների․․․

Երկրորդ մասնագիտությանս ընտրությունը կապված էր․․․
պարի հետ։ Քանի որ «Գայաննա» կենտրոնը նաև ճանաչողական արշավներ է կազմակերպում, ուստի ժամանակի ընթացքում հասկացա, որ զբոսաշրջության ոլորտն ինձ շատ է հետաքրքրում։  Որոշեցի զարգացնել գիտելիքներս։ Ի դեպ, մեծ ցանկություն ունեմ պարարվեստն ու զբոսաշրջությունը զուգորդել, զարգացնել էթնոմշակույթը։ 

Որոշեցի մտնել քաղաքական դաշտ որովհետև․․․
մասնագիտությունից զատ մշտապես ակտիվ քաղաքացի եմ եղել։ 2010թ-ից սկսած ակտիվ մասնակցել եմ տարբեր ցույցերի, ակցիաների, ընդ որում՝ և՛ Վանաձորում, և՛ Երևանում։ Եկավ մի պահ, երբ հասկացա, որ քաղաքացիական ակտիվիստ լինելը կարևոր է, սակայն առավել կարևոր է, որպեսզի քո խոսքն ու քայլերը լսելի լինեն։ Եվ ոչ միայն իմ, այլ այն բոլոր քաղաքացիների, որոնք պայքարների կիզակետում են եղել։ Որոշեցի, որ հենց այդ մեկը կարող եմ ես լինել, սակայն չկտրվելով քաղաքացիական հասարակությունից և իրականությունից։ 



Որպես երիտասարդ փորձում եմ․․․
իմ և ընկերներիս օրինակով ցույց տալ, որ Վանաձորն ակտիվ է, շնչում է։ Առհասարակ մեզ մոտ երիտասարդները խմբերի են բաժանվում։ Գերակտիվ և «քնած»։ Վերջիներս շատ մեծ պոտենցիալ ունեն, սակայն տեղյակ չեն երբեմն։ Գերակտիվները փորձում են ամեն կերպ ակտիվացնել նրանց։ 

Վանաձորն աշխարհի ամենա․․․
«տաք», ջերմ․․․ քաղաքն է։

Վանաձորի երիտասարդներն ամենա․․․
իսկականն են, բնականն են․․․

Վանաձորն ինձ համար․․․
ապրելակերպ է։ Առանց Վանաձորի չեմ կարող, առանց Վանաձորի շնչառությունս իմը չէ։



Ես Վանաձորի համար․․․
կարծում եմ՝ արև եմ, որը բազում մարդկանց ևս դրդում է լինել արև։ 

Վանաձորի բարբառով ամենասիրելի արտահայտություներիցս են․․․
Ղոչաղ կացեք։

Քաղաքում ամենասիրելի վայրը․․
Բուսաբանական այգին է, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի քաղաք՝ հատկապես անձրևից հետո։ Սիրում եմ «Թեյնիկ» սրճարանը, որտեղ հոգեպես հանգստություն և ազատություն ես զգում։ 

Ես Վանաձորի․․․
տեղում արարելու, քաղաքը չլքելու, ապրելու  զարկերակն եմ։ Ի դեպ, ընկերներից մեկը մի օր ասաց՝ «Դու այն մարդն ես, որը ստիպում է, որպեսզի քաղաքից չարտագաղթեն»։ 

Նշենք, «Վանաձորի զարկերակը» շարքը նվիրված է Վանաձորի՝ 2019թ․Երիտասարդական մայրաքաղաք հռչակվելուն։