Նյութը՝ Հերմինե Կարապետյանի
Լուսանկարները՝ Լուսինե Պետրոսյանի
Տեղադրվել է 31-08-2019
Շուրջ 60 երեխա ստեղծել են իրենց ամառային ոճը
Օգոստոսի 31-ին առանձնահատուկ խանդավառություն էր տիրում Venice սրճարանում, որտեղ տեղի ունեցավ աննախադեպ նորաձևության ցուցադրություն՝ «Ստեղծիր քո ամառային ոճը» խորագրով։

Ցուցադրությունն առանձնահատուկ էր, քանզի ներկայացվեց «Lilit Summer School» ծրագրի՝ 6-12 տարեկան սաների ձեռքերով մոդելավորված զգեստներն ու պատրաստած աքսեսուարները։

«Lilit Summer School» ծրագրի շրջանակներում ամռան երկու ամիսների ընթացքում Lilit Fashion School նորաձևության դպրոցում սովորել են շուրջ 60 երեխա: Նկարիչ, դիզայներ, Լիլիթ Մարգարյանը նշեց, որ սաներից շատերը արտասահմանցի երեխաներ են եղել, որոնք ամառն անցկացրել են հայրենիքում. «Ունեինք աշակերտներ Միացյալ նահանգներից, Ֆրանսիայից, Կանադայից, Ռուսաստանի դաշնությունից, Հոլանդիայից և այլ երկրներից: Երեխաները մեծ խանդավառությամբ էին հաճախում դասերին, նույնիսկ մինչև հաջորդ շաբաթ չէին ուզում սպասել, լաց էին լինում, որ դասերն ավելի հաճախ անենք: Գալիս էին սիրով ու մեծ նվիրումով», -ասաց դիզայները:   

Երկու ամիսների ընթացքում երեխաները պատրաստել են բազմաթիվ աքսեսուարներ, գլխազարդեր ու կրծքազարդեր, շապիկներ, գլխարկներ, պայուսակներ, բատիկ աշխատանքներ, կիսաշրջազգեստներ՝ ստեղծելով շուրջ 400 նմուշ: Բացի դրանից նրանք նաև արեցին իրենց առաջին դեֆիլեն, ներկայացնելով իրենց իսկ գործերը: 

9-ամյա Նարե Գրիգորյանին նորաձևության խորհրդավոր ու կախարդական աշխարհը միշտ հետաքրքրել է: Դասերի մասին իմանալուն պես որոշել է մասնակցել. «Երկու ամիսները ինձ շատ բան տվեցին: Ինձ համար շատ թանկ են իմ ձեռքերով ստեղծած առաջին աշխատանքներս, բացի այդ մթնոլորտն էր շատ լավը՝ աղջիկները, ուսուցիչներս», -պատմեց Նարեն և հավելեց, որ ցանկանում է  դառնալ դիզայներ, մոդելավորող:

Լիլիթ Մարգարյանը խոստովանեց, որ աշխատանքային քսան տարիների ընթացքում այսպիսի մեծ խանդավառություն դեռևս չէր ունեցել, այսքան շատ էներգիա՝ դրական լիցքեր չէր ստացել. «Միշտ դասավանդել եմ տարիքով մեծերի, 16-ից սկսած մինչև 40 անց մարդկանց հետ եմ աշխատել: Երեխաների հետ աշխատելու փորձն առաջին անգամ էր ու նայելով նրանց վստահաբար կարող եմ ասել, որ մենք ունենք խոստումնալից ապագա, տաղանդավոր սերունդ: Ինձ զարմացնում էին նրանց մտահղացումները: Երեխաների հետ աշխատելիս այնքան բան ես սովորում, այնքան մեծ էներգիա ես ստանում, և հետո դաշտը մաքուր է՝ անմիջապես ընկալում են խորհուրդները», -նշեց դիզայներն ու ասաց, որ ունեն  սաներ որոնց անունը ապագայում դեռ կլսենք:

Ամառային դպրոց դիմողների քանակն այնքան շատ է եղել, որ անգամ տարիքային փոքրիկ խախտում են արել՝ ունեցել են 5 և 13 ամյա սաներ: 

Հնգամյա Կարինեն մեծ խանդավառությամբ էր կրում ուսուցիչների օգնությամբ իր պատրաստած կիսաշրջազգեստը, շապիկն ու պայուսակը:

Սակայն սա դեռ վերջը չէ, սեպտեմբերի 16-ից «Lilit Summer School»–ում մեկնարկելու են աշնային եռամսյա դասընթացներ:

Պատկերասրահ՝ Նորաձևության ցուցադրություն՝ «Ստեղծիր քո ամառային ոճը» խորագրով