Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 01-09-2019
Գիտելիքի օրը՝ տարբեր երկրներում
Այսօր Գիտելիքի, գրի և դպրության օրն է։ Սեպտեմբերի 1-ով ազդարարվում է նոր ուսումնական տարվա սկիզբը։ Շատերի համար այսօր կհնչի դպրոցական առաջին զանգը, իսկ շատերի համար էլ՝ շարունակություն կլինի նոր ուսումնական տարում իրենց գիտելիքները համալրելու համար։

Eritasard.am-ը ներկայացնում է, թե ինչպես են սեպտեմբերի 1-ը նշում տարբեր երկրներում։

Մեծ Բրիտանիա

Մեծ Բրիտանիայում Գիտելիքի օրը երբեմն նշում են ոչ թե սեպտեմբերի 1-ին, այլ սեպտեմբերի 3-ին, 4-ին, իսկ երբեմն էլ՝ օգոստոսի 30-ին կամ 31-ին։ Տեղական իշխանություններն օրն ընտրում են հաշվի առելով այլ միջոցառումներ։ Առաջին դասարանցիները Մեծ Բրիտանիայում դպրոց են հաճախում 5 տարեկանից, իսկ Հյուսիսային Իռլանդիայի հատվածում՝ 4։ 



Գերմանիա

Ուսումնական տարվա մեկնարկը Գերմանիայում տրվում է օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին։ Տոնական միջոցառումները դպրոցականներին ուղեկցում են երկրի տարբեր հատվածներում։ Ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուր առաջին դասարանցի դպրոց է գնում ծաղկեփնջով, սակայն ոչ սովորական, այլ՝ իր ձեռքով զարդարված։ 



Ճապոնիա

Ծագող արևի երկրում Գիտելիքի օրը սկսվում է ապրիլ ամսին։ Դա համընկնում է սակուրաների ծաղկման հետ։ Դպրոց երեխաների հաճախում են 6 տարեկանից։ Երեխաներն ապրիլի 1-ին գնում են դպրոց, ծանոթանում իրենց սուսուցչի, ընկերների հետ, իսկ մեկ շաբաթ անց՝ սկսում դասերը։ 

ԱՄՆ

ԱՄՆ-ի տարբեր հատվածներում Գիտելիքի օրը տարբեր օրեր են նշում։ Շատ դպրոցներում ուսումնական տարվա մեկնարկը տրվում է օգոստոսից ՝ Աշխատանքի օրվան նվիրված տոնակատարություններից 1-2 օր հետո։ 



Չինաստան

Ուսումնական տարվա մեկնարկը տրվում է սեպտեմբերի 1-ին։ Սակայն, Չինաստանում երեխաները ծաղկեփնջերով գնում են ոչ թե սեպտեմբերի 1-ին, այլ՝ Ուսուցչի օրը։ Առաջին դասարանցիները դպրոց են հաճախում 6 տարեկանից։ Չինաստանում երեխաներն ունենում են հագեցած ուսումնական տարի։ 



Նիդերլանդներ

Նիդերլանդներում երեխաները դպրոց են գնում 4 տարեկանը լրանալու հենց հաջորդ օրը։ Եթե այդ օրը համընկնում է արձակուրդների հետ, ապա ուսուցիչը երեխայի համար փոքրիկ ճանաչողական այց է կազմակերպում դպրոցում։ Ուսումնական տարվա մեկնարկը սկսվում է օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին։ Մի շարք դպրոցներում ավանդույթ կա․ այդ օրը երեխաներին պաղպաղակ են բաժանում։ 



Արգենտինա

Արգենտինայում երեխաները դպրոց են հաճախում 6 կամ 7 տարեկանից։ Արգենտինայի որոշ դպրոցներում երեխաները հատուկ համազգեստ են կրում՝ համապատասխան տարբերանշանով։ 



Հարավային Աֆրիկա

Հարավային Աֆրիկայում երեխաները դպրոց են հաճախում 5,5-6 տարեկանից։ Ուսումնական տարվա մեկնարկն այստեղ ազդարարվում է ոչ թե սեպտեմբերին, այլ՝ հունվարին։ Այստեղ, ի տարբերություն այլ երկրների, ուսումնական տարվա մեկնարկը չի ազդարարվում առաջին զանգով, տոնական միջոցառումներով, այլ պարզապես ինչպես սովորական օր երեխաները գնում են դպրոց։ 



Հայաստան

Դե իսկ մեր երկրում՝ Հայաստանում, Գիտելիքի օրը նշվում է մեծ շուքով։ Գունավոր փուչիկներ, ծաղիկներ, ժպիտներ, բարձր տրամադրություն։ Սեպտեմբերի 1-ին երեխաները և հատկապես ծնողները պատրաստվում են 1 ամիս շուտ՝ գնում հագուստ, գրենական պիտույքներ, պայուսակ և անհրաժեշտ այլ պարագաներ։ Հայաստանի բոլոր դպրոցներում առաջին զանգը յուրահատուկ նշանակություն ունի։