Նյութը՝ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից
Լուսանկարները՝ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից
Տեղադրվել է 05-09-2019
Ավարտվեց Լևոն Հայրապետյանի հիշատակի Սամբոյի միջազգային մրցաշարը
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, «Լևոն Հայրապետյանի անվան սամբոյի և ձյուդոյի մարզական ակումբը» և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2019թ. սեպտեմբերի 2-ին «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» մարզասրահում անցկացրեցին Լևոն Հայրապետյանի հիշատակին նվիրված սամբոյի միջազգային մրցաշար:

Մրցաշարին մասնակցեցին պատվիրակություններ Բելոռուսից, Իսրայելից, Լիտվայից, Հունաստանից, Ռումինիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Արցախից, Հայաստանից:

Լևոն Հայրապետյանը Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի երկարամյա նախագահն էր, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի հիմնադիր-տնօրենը, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ, Միջազգային կարգի ,,էքստրա,, դասի մրցավար, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, ում՝ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահության ընթացքում  հայ սամբիստները աշխարհի և Եվրոպայի առաջնություններում նվաճել են ավելի քան 700 ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ: Նա արցախյան շարժման և պատերազմի ակտիվ մասնակից էր, ուներ գնդապետի զինվորական կոչում, 2000-2007 թթ եղել էր ՀՀ ՊՆ Բանակի կենտրոնական մարզական ակումբի պետ, զորամասի հրամանատար:

Կանանց 5 քաշային կարգերում Ռումինիայի ընտրանին նվաճեց 4 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ, Ֆրանսիան՝ 1 արծաթե մեդալ, Հայաստանը՝ 1 ոսկի, 2 արծաթ, 7 բրոնզ:

Տղամարդկանց 9 քաշային կարգերում մեդալների դասակարգումը հետևյալն է.
Հայաստան՝ 2 ոսկի, 4 արծաթ, 10 բրոնզ
Վրաստան՝ 2 ոսկի, 3 արծաթ, 3 բրոնզ
Ռուսաստան՝   2 ոսկի, 1 արծաթ, 1 բրոնզ
Ռումինիա՝ 2 ոսկի, 1 բրոնզ
Հունաստան՝ 1 ոսկի
Բելոռուս՝ 1 արծաթ, 3 բրոնզ

Մրցումների արձանագրությունները՝ գլխավոր մրցավար Է. Ասլանյանի և գլխավոր քարտուղար Մ. Հովհաննիսյանի ստորագրություններով կցվում են սույն հաղորդագրությանը:

Սեպտեմբերի 3-ին՝ մրցումների հաջորդ օրը, բոլոր պատվիրակությունների ներկայացուցիչները այցելեցին ,,Եռաբլուր,, պանթեոն՝ հարգանքի ոտւրք մատուցելու Լևոն Հայրապետյանի հիշատակին, ապա՝ նույն մարզասրահում տեղի ունեցավ ուսումնամարզական հավաք, տեսական սեմինար՝ մարզիչների ու մրցավարների, գործնական համատեղ պարապմունք՝ մարզիկների համար: Օրվա երկրորդ կեսին պատվիրակությունների համար կազմակերպվեց ճամփորդություն դեպի Գառնի, Գեղարդ:

Սեպտեմբերի 4-ին ուսումնամարզական հավաքի մասնակիցները մեկնեցին Սևանի թերակղզի, ապա Տավուշի մարզի Լաստիվեր՝ մարզական քայլարշավի: