Նյութը՝ Նազելի Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 06-09-2019
«Եթե ֆիլմը հավանել եք, բրավո դերասաններին, եթե չեք հավանել, իմ ձախողումն է». Արշալույս Հարությունյան
Հաճախ եք «փորփրում» դիմացինի հեռախոսը, իսկ ինչպե՞ս կարձագանքեք, երբ ձեր մտերիմներից մեկը խախտի այդ սահմանը: Մեզ երբեմն թվում է, թե ճանաչում ենք մեր մտերիմներին և նրանք որևէ գաղտնիք չունեն և չեն էլ կարող ունենալ մեզանից:

«Անհայտ բաժանորդ» ֆիլմի հերոսներն էլ գրեթե այդ կարծիքին են, մինչև չեն սկսում մի խաղ,  որը շրջադարձային է լինում բոլորի համար:

Ֆիլմը, որի ռեժիսորը Արշալույս Հարությունյանն է, իտալական «Իդեալական անծանոթներ» ֆիլմի պաշտոնական «ռիմեյքն» է: Հայ հասարակությունը հասցրել էր դիտել այն նաև թատերական տարբերակով:

Խորեն Լևոնյանի, Նազենի Հովհաննիսյանի, Սոս Ջանիբեկյանի, Անի Խաչիկյանի, Բաբկեն Չոբանյանի, Մարջան Ավետիսյանի և Արթուր Մանուկյանի մասնակցությամբ  ֆիլմը,  ինչպես նշում է ռեժիսորը, հարաբերությունների կատակերգությունն է:

«Ֆիլմում շատ թեմաներ են շոշափվում՝ սեր, դավաճանություն, հարաբերություններում ոչ այնքան ազնիվ քայլեր:  Ես այն անվանել եմ հարաբերությունների կատակերգություն, քանի որ «գադջեթների» հետևանքով մենք հարաբերությունների մեջ էլ դրսևորման ձևերն, ասես, կորցրել ենք: Այնտեղ պարունակվող մեսիջներն են՝ հարգել դիմացինի ազատության սահմանը, մարդուն ընկալել այնպիսին, ինչպիսին կա, ինչպիսին իրեն ցանկանում է մատուցել, փորձել հասկանալ սեփական տարածությունն ու ազատությունը, հասկանալ ու գնահատել նաեւ դիմացինի ազատությունը»,-նշեց ռեժիսորը:



Սեպտեմբերի 5-ին, ֆիլմի առաջին դիտումից հետո ծավալված քննարկամանը, ռեժիսորը «գնդակն» իր վրա վերցրեց,- «Եթե ֆիլմը հավանել եք, բրավո դերասաններին, եթե չեք հավանել, իմ ձախողումն է»:

Ֆիլմում գլխավոր են բոլոր հերոսները: Չկան առանձնացված վատ և լավ կերպարներ. բոլորն էլ թաքցնում են ինչ-որ բան: Նրանք և՛ սխալական են, և՛ իդեալական իրենց տեսակով: Թեև զարգացումներն արագ են, իսկ գործողությունները կատարվում են միայն մեկ վայրում, միևնույն է նկարահանումների ընթացքում բարդություններ եղել են, որին անդրադարձավ դերասան Խորեն Լևոնյանը,- «Երևի, բոլորը կփաստեն, որ սա մեր կյանքի ամենադժվար նկարահանումներից մեկն էր: Ամեն շարժում 7 ռակուրսով 3 անգամ նկարել ենք,- ասաց դերասանը՝ հավելելով, որ էական է ձեռքբերումները և այն մարդկանց հետ հարաբերությունները, որոնց հետ նա ընկերացավ այս ընթացքում,- «Օրինակ, Անի Խաչիկյանին չէի ճանաչում, հիմա շատ եմ սիրում իրեն: Հիմա բոլորս ընկերներ ենք»:

Սոս Ջանիբեկյանը ֆիլմի նպատակի, ստացած էմոցիաների և փոփոխությունների մասին խոսելիս լակոնիկ էր,- «Ես հասկացա, որ ամենամեծ պարզ դրությունն ամենամեծ քաոսն է»:

Դերասանուհի Անի Խաչիկյանի կածիքով ֆիլմն իրար նկատմամբ ուշադիր, հոգատար լինելու հաղորդագրություն ունի: 



«Պատմությունն այն մասին չէ, թե ինչքան ավելի լավ կարող ենք թաքցնել ինչ-որ բաներ մեր կյանքում: Իհարկե, դիմացինի անձնական կյանքը պետք է հարգել, ընտրությունների և որոշումների մեջ էլ պետք է լինել ավելի նրբանկատ»,- նշեց դերասանուհին:

«Ֆիլմն ինձ անընդհատ հիշեցնում է, որ մենք ընտրության հնարավորություն ունենք, որի մասին մոռանում ենք շատ երջանիկ կամ դժբախտ ժամանակ: Մեր ամբողջ կյանքի ձեռքբերումներն ու կորուստները մեր ընտրության արդյունք են՝ պաշտպանե՞լ ընկերոջը նեղ դրության մեջ, դավաճանե՞լ, ընտրե՞լ գաղտնիքներով ապրել, թե՞ պարզ ճակատով: Այս բոլորն ընտրություն են»,-նշեց դերասան Բաբկեն Չոբանյանը:

Նազենի Հովհաննիսյանը դիտել է ֆիլմի բոլոր տարբերակները,- «Մոտեցումները տարբեր են, բայց վերջում բոլորի մոտ հաղորդագրությունը մեկն  է՝ խնայենք, խնամենք, լինենք ուշադիր, փորձենք, գոնե, չխանգարել, երբ պահը գալիս է, ձեռք մեկնենք ինքներս մեզ և մեր կողքիններին, ոչ թե միանգամից մեղադրենք ու թաղենք: Արշոն հիանալի կերպով տվել է յուրօրինակ վերջաբան, որը, գուցե, ավելի հուզական է, ավելի բնորոշ մեզ»,- նշեց դերասանուհին:

Մարջան Ավետիսյանը վստահ է՝ յուրաքանչյուրն  ինչ-որ բան թաքցնում է մյուսից:



«Ինձ համար ֆիլմն իրար կյանքը չփորփրելու և դիմացինի անձնական տարածքը հարգելու մասին է,- նշեց դերասանուհին, հավելելով,- «Պետք է իմանաս այնքան, որքան դիմացինը քեզ թույլ է տալիս, իսկ երբ իմանում ես ավելին, փորձես ընդունել դա, անգամ, եթե հակառակ կարծիքն ունես»,- նշեց դերասանուհին

«Մարդիկ ու հարաբերությունները տարբեր են»,- վստահ է Արթուր Մանուկյանը,- «պետք է սնել ու պահպանել հարաբերությունները: Խնդիրների մասին կարելի է լռել, ծածկել ու անցել, կարելի է և խոսել, բացահայտել, քննարկել ու տեսնել՝ հնարավո՞ր է ապրել դրանց հետ, թե չէ»:

Ֆիլմի պրոդյուսերներն են Արման Միտոյանը, Ռուբեն Դիշդիշյանն ու Արեն Հայրապետյանը, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը, նկարիչը՝ Հրաչ Քեշիշյանը, որի հետ ստացված համագործակցելու միջնորդությունը դերասանուհի Նազենի Հովհաննիսյանինն էր: