Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 06-09-2019
Երիտասարդ ճարտարապետները հնարավորություն ունեն մասնակցելու «ProfEye Challenge» նախագծին
Մեկնարկել է «ProfEye Challenge» նախագիծը, որի նպատակն է Երևանի պատմամշակութային դիմագծի վերականգնումը և արդիականացումը:
«ProfEye Challenge»-ը դիզայներների, ճարտարապետների և ճարտարապետական ընկերությունների համար յուրօրինակ հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում կյանքի կոչել նրանց մտահաղացումները:

Նախագծի շրջանակում, որպես առաջին մարտահրավեր, մրցույթի մասնակիցների կողմից կմշակվեն և կառաջարկվեն Երևանի Մամուլի շենքի արտաքին տեսքի ռեստավրացիայի նախագծեր:
 
«ProfEye Challenge» նախագիծն իրականացվում է «Պրոֆ Ալ» ընկերության նախաձեռնությամբ ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի և ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի աջակցությամբ:

«Ընտրված է շատ հետաքրքիր մի շենք՝ Երևանի կոնտրոնում: Բավական հետաքրքիր կառույց, որն ունի և՛ պատմություն, և՛ խորհուրդ: Համոզված եմ, որ մոտ ապագայում մեր հանրությունը Մամուլի շենքը կտեսնեն ավելի գրավիչ, հետաքրքիր և արդիականացված տեսքով»,-  նշեց ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: 


Վերմիշյանը, դիմելով երիտասարդ ճարտարապետներին, ասաց. «Սա հրաշալի հնարավորություն է երիտասարդ ճարտարապետների համար, որպեսզի ցույց տան իրենց պոտենցիալը: Մասնակցե՛ք, եղե՛ք ակտիվ: Համոզված եմ, որ ձեր կարիերայի առաջընթացի ճանապարհին կունենաք հաղթաթուղթ»:  

«ProfEye Challenge»-ի մասնակիցների նախագծերը կներկայացվեն www.profal.am կայքում և կդրվեն բաց քվեարկության: Համաձայն մրցույթի կանոնների՝ նախագծերը կայքում ներկայացվելու են առանց հեղինակների անունների՝ համարակալված: 

«Նախագծի գլխավոր նպատակն է մեր հասարակության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռել պատմամշակութային այն շենքերին, որոնք ունեն վերակառուցման կարիք: Գտնել ներդրողների, ովքեր գումարներ կներդնեն ճարտարապետների և դիզայներների առաջարկած նախագծերը իրականություն դարձնելու համար»,- ասաց «Պրոֆ Ալ» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Էդգար Ավետիսյանը:

Սահմանված է 3 հորիզոնական և երկու անվանակարգ: Հաղթող նախագծեր կճանաչվեն քվեարկության արդյունքում, որը կկայանա հոկտեմբերի 1-7-ը: Նախագծերը կցուցադրվեն նաև Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:



Էդգար Ավետիսյանը նշեց նաև, որ հաղթող ճանաչված հինգ նախագծերի հեղինակները «Պրոֆ Ալ» ընկերության թիմի հետ գործուղվելու են Եվրոպա՝ տարբեր ընկերություններում փորձի փոխանակման համար: Առաջին նախագծի հաղթողների համար «Պրոֆ Ալ» ընկերությունը առանձնացրել է Հունաստանում գտնվող ընկերություններից մեկը: 

ՀՀ պետական գույքի գրանցման և հաշվառման բաժնի պետ Գեղամ Սարգսյանը նշեց, որ պետական գույքի կառավարման կոմիտեն, որպես ՀՀ սեփականություն հանդիսացող շենքը տնօրինող մարմին, նունպես ողջունում է այս գաղափարը: Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց հնարավորությունների սահմանում աջակցել ծրագրի իրականացմանը:

Ծրագիրն իրականացվելու է ողջ Հայաստանում և միայն Երևանով չի սահմանափակվելու: Մամուլի շենքի վերանորոգումից հետո, մարտահրավեր-արշավը կիրականացվի նաև ՀՀ մարզերում:

«ProfEye Challenge»-ի շրջանակում ճարտարապետներն իրենց նախագծերը կարող են ներկայացնել մինչև սեպտեմբերի 28-ը: