Նյութը՝ Նազելի Գրիգորյանի
Լուսանկարները՝ Նազելի Գրիգորյանի
Տեղադրվել է 09-09-2019
50 երկիր, 216 արվեստագետ, 325 աշխատանք. մեկնարկել է Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալեն
Երևանում մեկնարկեց Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալեն: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 7-ին, «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում։

Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալեն, որը ներկայացնում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը, իրականացվում է ՀՀ Նախագահի եւ առաջին տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին բազմաթիվ արվեստագետներ, հայտնի հյուրեր, ժյուրիի անդամները, Հայաստանում տարբեր երկրների դեսպաններ և դեսպանությունների ներկայացուցիչներ, որոնք ողջունելով հյուրերին, իրենց շնորհակալական խոսքն ուղղեցին կազմակերպիչներին և մրցույթի մասնակիցներին: Երկրից բացակայելու պատճառով ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա չէր բացման հանդիսավոր արարողությանը: Ողջունելով բիենալեի հյուրերին՝ մասնակիցներին և ժյուրիի անդամներին, ՀՀ Նախագահն իր ուղերձում նշել էր, որ այս նախաձեռնությունը հիրավի մեծ նշանակություն ունի հայ մշակույթի զարգացման մեջ՝ հույս հայտնելով, որ այն իր նշանակալի տեղը կունենա համահայկական մի շարք փառատոնների կողքին:

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախագահ Սոնա Հարությունյանը, ողջունելով ներկաներին, ընդգծեց՝ Առաջին միջազգային բիենալեն տեղի է ունեցել 2017 թ-ին և այն ազդարարելուց հետո մենք 76 երկրից 955 արվեստագետի հայտ ստացանք։ Դա մեր կազմկոմիտեի համար ուրախալի փաստ էր, որովհետև գրանցված 955 արվեստագետի համար Հայաստանը անծանոթ երկիր էր, և, շնորհիվ բիենալեի, նրանք իրենց համար հայտնաբերեցին Հայաստանը:

Կազմակերպության նախագահը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ ցուցաբերված հետաքրքրության համար, և նշեց, որ առաջինից հետո նախաձեռնողները հետամուտ եղան երկրորդ բիենալեի կազմակերպման աշխատանքներին:

«Բիենալեին մասնակցելու արձագանքներն և օտարազգի արվեստագետներից ստացվող նամակները բավականին շատ էին։ Առաջինի համեմատ երկրորդի համար գրանցված արվեստագետների թիվը բավականին աճել է»,- նշեց Սոնա Հարությունյանը և ուրախությամբ ցուցադրությունը հայտարարեց բացված:

Բիենալեի բացման արարողությանը, որը կշարունակվի մինչև դեկտեմբերի 15-ը։ Բացման արարողության ժամանակ ավստրացի հանգահար Քրիստիան Շրաթ Վարկոնին և հայ դուդուկահար Հարություն Չքոլյանը ներկայացրին Կոմիտասի «Հով արեք» ստեղծագործությունը՝ իրենց յուրօրինակ մեկնաբանությամբ:

Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալեի ծրագիրը բաղկացած է երկու բաժնից՝ մրցութային ցուցադրություն և հավելյալ ցուցահանդեսներ։

Մրցույթային ցուցահանդեսում ներկայացված է 50 երկրից 216 արվեստագետի 325 աշխատանք։  Բիենալեի երկրորդ մասը նվիրված է ժամանակակից լեհական, չինական, գերմանական, ֆրանսիական, էստոնական եւ հայկական գեղարվեստական տպագրությանը։ 

Մրցույթի միջազգային ժյուրին այս տարի բաղկացած է 5 մասնագետից, որոնք երկու օրվա ընթացքում կընտրեն հաղթող աշխատանքները և արվեստագետներին։ Ժյուրիի նախագահն է դոկտոր-պրոֆեսոր Մատեուշ Օտրեբան (Լեհաստան), ժյուրիի փոխնախագահ՝ Մարգարիտ Լեհմանը (Շվեյցարիա), ինչպես նաև միջազգային ժյուրիի անդամներն են՝ Հերբերթ Մայերը (Գերմանիա), Լիան Նգն (ԱՄՆ) և Սոնա Հարությունյանը (Հայաստան):

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության կապակցությամբ ժյուրին կշնորհի «Գլխավոր մրցանակ», Առաջին մրցանակ, Երկրորդ մրցանակ և Երրորդ մրցանակ, Հատուկ մրցանակներ՝ «Համահայկական հիմնադրամ»-ի, «Ռուսական գիտամշակութային կենտրոն»-ի կողմից, ինչպես նաև Պատվոգրեր՝ առանձնահատուկ հետաքրքրություն ներկայացնող ուշագրավ գործերի համար:

Պատկերասրահ՝ Մեկնարկեց Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալեն