Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Միլենա Մկրտչյանի
Տեղադրվել է 10-09-2019
Երևանում նշում են Մոսկվայի 872-ամյակը
Օրեր շարունակ Երևանում իրականացվեցին միջոցառումներ՝ նվիրված Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի 872-ամյակին։

Տոնի առիթով Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի վարչությունը, «Միջազգային համագործակցության Մոսկովյան կենտրոն» պետական միավորված ձեռնարկությունը, «Դոմ Մոսկվի» Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը` ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ առաջին անգամ Երևանում կազմակերպեցին  մեծ տոնախմբություն։  

Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում, սեպտեմբերի 8-ին իրականացվեց փողային նվագախմբի փառատոն, տոնավաճառ, ցուցահանդեսներ, վարպետաց դասեր, հյուրասիրություն, ֆլեշմոբ, խաղեր երեխաների համար և այլն: Իսկ 102-րդ ռուսական բազայի զինվորները՝ զինվորական համազգեստով, հյուրասիրություն կազմակերպեցին՝ հնարավորություն տալով անցորդներին փորձելու զինվորական ուտեստներ:   

«Այս տարի ավելի մեծ ֆորմատով է նշվում Մոսկվայի 872-րդ ամյակը: Որոշել ենք համակցել հայկականը և ռուսականը: Մենք գտնվում ենք Հայաստանում՝ Երևանում, բայց պիտի հիշենք, որ միշտ էլ Մոսկվան և Երևանը, բարեկամ քաղաքներ են եղել և կան: Փորձել ենք երկու երկրների մշակույթները և ավանդույթները ներկայացնել այս միջոցառումների միջոցով»,- Eritasard.am-ի հետ զրույցում ասաց «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնի տեղեկատվական բաժնի պատասխանատու Մարիամ Պողոսյանը:

Մարիամ Պողոսյանը նշեց նաև, որ նպատակ ունեն համերգային փոքրիկ ծրագրով ուրախ տրամադրություն պարգևել երևանցիներին: 

Երեկոյան Ազնավուրի հրապարակում կայացավ համերգ, որի ժամանակ ելույթ ունեցան ՀՀ վաստակավոր արտիստ Ֆորշը, «Ռե Մինոր» բենդը, արտիստ Մաքսիմ Նովիկովը, Ալեքսանդր Յագյան, Սոնա Շահգելդյանը և այլք:

Տոնի առիթով միջոցառումեր տեղի ունեցան նաև Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում, Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում, Հայաստանի նկարիչների միությունում, Ռուսական արվեստի թանգարանում, Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիայում։ 

Պատկերասրահ՝ Երևանում իրականացվեցին միջոցառումներ՝ նվիրված Մոսկվայի 872-ամյակին