Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 12-09-2019
Ընթերցողները կարող են բացահայտել Հ. Թումանյանի լուսանկարչական տաղանդը
Սեպտեմբերի 11-ին Հովհաննես Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ գրողի թանգարանում բացվեց «Թումանյանը՝ լուսանկարիչ» խորագրով ցուցահանդեսը:

Ցուցահանդեսում ներկայացված են Թումանյանի՝ իր զավակներին արած լուսանկարների հավաքածուն, ինչպես նաև բանաստեղծի շքեղ լուսանկարչական ալբոմները։

Հովհաննես Թումանյանի նախասիրություններից է եղել լուսանկարչությունը։ Տիկնոջ՝ Օլգայի վկայությամբ առաջին լուսանկարչական սարքը ձեռք է բերել 1896 թվականին։ Ունեցել է երեք ապարատ, որոնցից ոչ մեկը, ցավոք չի պահպանվել։ 

Լուսանկարում էր ընտանիքի անդամներին, ընկերներին, բարեկամներին, «Վերնատան» հավաքույթները, գեղեցիկ տեսարաններ, որոնք երևում էին բնակարանի  պատուհանից և պատշգամբից։ Ավագ որդին՝ Մուշեղն էլ լուսանկարում էր հայրիկին ընկերների հետ։

Ցուցահանդեսի երկրորդ բաժինը «Արմենպրես» լրատվական գործակալության արխիվային բացառիկ նյութերն են Հովհ․ Թումանյանի ծննդյան 100-ամյակից։  «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, ներկայացնելով գործակալության եզակի ցուցանմուշները, կարևորեց, որ դրանք ունեն բացառիկ արխիվային արժեք: 

«Անցած տարի, երբ մենք թվայնացնում էինք «Արմենպրեսի» ֆոտոարխիվ, ի հայտ եկան այդ լուսանկարչական հետաքրքրական ֆոնդերը: Սա առիթ եղավ ևս մեկ անգամ ցույց տալու այդ ցուցադրությունը, հասկանալու՝  որքանով է արդիական եղել լրագրողների, լուսանկարիչների, մոնտաժողների աշխատանքը 50 տարի առաջ: Նրանք բավականին առաջ են եղել իրենց ժամանակից: Անկյունաքարն այն է, որ Թումանյանն է հավերժ: Այսինքն, Թումանյանը 50 տարի առաջ, 50 տարի հետո, 500 տարի հետո էլ կա, լինելու է նույնքան հարազատ, նույնքան հասկանալի, մեծ, պայծառ և վառ, ինչպես եղել է կենդանության օրոք»,- նշեց «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:

Արամ Անանյանը հավելեց նաև, որ ցանկություն ունեն ցուցադրությունը տանել Դսեղ և Թբիլիսի. «Նպատակ  ունենք ցուցադրությունը տանել Դսեղ: Եթե հաջողվի, Կոմիտասի 150-ամյակին նույնանման ցուցադրություն կկազմակերպենք և ցուցահանդես կիրականացնենք Թբիլիսիի Թումանյանի տանը, որը Կոմիտասի և Թումանյանի ամենասիրելի հավաքատեղին էր: Այդպիսով, մեր մեծերին իրենց ծննդյան 150-րդ տարում նույնպես  կհավաքենք և կմիավորենք իրենց սիրելի մշակութային օջախում» :

Ցուցահանդեսը անցկացվում է Հայաստանում 1-ին միջազգային հայկական ֆոտոփառատոնի շրջանակում։ Այն բաց կլինի մինչև սեպտեմբերի 20-ը:

Պատկերասրահ՝ «Թումանյանը՝ լուսանկարիչ» խորագրով ցուցահանդեսը