Նյութը՝ Դիլիջանի միջազգային դպրոցից
Լուսանկարները՝ Դիլիջանի միջազգային դպրոցից
Տեղադրվել է 12-09-2019
Կրթության ներդրման 5 տարի
Դիլիջանի միջազգային դպրոցում մեկնարկել է ուսումնական նոր տարին։ Դպրոցն իր դռներն է բացել 117 նոր աշակերտի համար։ Այստեղ, այժմ ուսանում է 226 աշակերտ՝ ավելի քան 80 երկրներից։

Դասավանդող անձնակազմը նույնպես համալրվել է նոր մասնագետներով․ այժմ կա 36 ուսուցիչ՝ 15 երկրներից։

Այս տարի լրանում է Դիլիջանի միջազգային դպրոցի 5 ամյակը։ 2014 թվականին բացման պահից ի վեր կրթական այս հաստատությունն ընդլայնվել և հզորացել է ժամանակակից Հայաստանին զուգահեռ։ Այս 5 տարիների ընթացքում դպրոցը հասցրել է առեղծվածային շինարարական տեղանքից վերածվել քաղաքի անբաժանելի մասի, UWC շարժման անդամի, տարածաշրջանի և Հայաստանի զարգացման և միջազգայնացման կարևոր դերակատարի: Իսկ հյուրընկալ դիլիջանցիները ջեմորեն իրենց գողտրիկ քաղաքում ընդունում են օտարերկրացիներին՝ օգնելով, որ դպրոցի անձնակազմն ու աշակերտները զգան իրենց ինչպես տանը։

Բազմաթիվ մարդկանց և կազմակերպությունների աջակցության շնորհիվ դպրոցն ունի հետևյալ ձեռքբերումները․
• 388 շրջանավարտ՝ 105 երկրներից
• 6 ուսուցիչ՝ 15 երկրներից
• 45 արտադասարանական սոցիալական նախագիծ
• 500+ հովանավոր
• 26 միլիոն դոլարի կրթաթոշակ
• 60 վերադարձող շրջանավարտ 
• արտադասարանական նախագծերին և միջոցառումներին մասնակից 3000 տեղացի երեխաներ

2019-2020 թ․թ․ ուսումնական տարվա ողջ ընթացքում դպրոցի 5 ամյակին նվիրված զանազան միջոցառումներ կանցկացվեն, որոնց ընթացքում հաստատությունը հանրությանը կներկայացնի իր արդեն գրանցած ձեռքբերումներն ու առավել զարգանալու, հզորանալու տեսլականը։

Մեր նպատակն է նպաստել ուսանողների անձնական աճին՝ զուգահեռաբար կրթության միջոցով աջակցելով տեղական համայնքի զարգացմանը և ավելի խաղաղ, արդար ու ապահով միջավայրի ստեղծմանը։ Դիլիջանի միջազգային դպրոցը կշարունակի կենտրոնանալ իր կրթության համաշխարհային որակի պահպանման և ուսանողների բազմազանության վրա:

«Դիլիջանի միջազգային դպրոցի մեծագույն մարտահրավերներից մեկն է եղել համապատասխանացնել դպրոցի ընդհանուր առաքելությունը հյուրընկալող երկրի իսկության հետ և դառնալ «ժողովրդին միավորելու ուժը»՝ դպրոցի և UWC-ի շարժման շրջանակներում։ Ինձ թվում է, որ բավականին մեծ աշխատանք է կատարվել այս ուղղությամբ։ Դիլիջանի դպրոցի արժեքների վրա հիմնված կրթության ազդեցությունը հնարավորություն կտա ամրապնդել փոխադարձ պատասխանատվությունը, միջմշակութային փոխըմբռնումը և կայունությունը»,- ասում է դպրոցի տնօրեն Գաբրիել Աբադ Ֆերնանդեսը։