Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 14-09-2019
Երևանում նշում են «Բերքի տոնը»
Սեպտեմբերի 14-ից 15-ը Երևանի Անգլիական այգում տեղի կունենա Գյուղական կյանքի և ավանդույթների 6-րդ փառատոնը:

«Բերքի տոն. գյուղական կյանք և ավանդույթներ» փառատոնը կազմակերպում է «Կանաչ արահետ» ՀԿ-ն, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ: 

Փառատոնը յուրօրինակ հարթակ է, որտեղ ֆերմերները, արտադրողները, վերամշակողները և ներդրողները կարող են հանդիպել, փոխանակվել փորձով, ծանոթանալ նոր շուկաների հետ և համագործակցության հնարավորություններ ստանալ: 



Փառատոնի միջոցով «Կանաչ արահետ» ՀԿ-ն նպատակ ունի դրական փոփոխությունների միջոցով նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության  և գյուղական համայնքների զարգացմանը: Շուրջ 200 օրգանական և բնական գյուղմթերք արտադրողներ, ավանդական ֆերմերային խմբեր, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ և կանանց խմբեր Հայաստանի բոլոր մարզերից և արտերկրից մասնակցելու են այս տարվա Բերքի փառատոնին: Փառատոնը կուղեկցվի բնական ու ավանդական գյուղմթերքի տոնավաճառով: Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնում կցուցադրվեն նաև հեռավոր մարզերի արհեստագործների կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքները:



«Այս միջոցառումն արդեն դառնում է ավանդույթ: 200 մասնակից է մասնակցում՝ Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից: Ներկայացված են նաև 13 մասնակիցներ Վրաստանից: Մենք կարևորում ենք նաև ազգային փոքրամասնությունների ներգրավվածությունը այս միջոցառմանը: Մասնակցում են ասորական, եզդիական համայնքներից ֆերմերային տնտեսության ներկայացուցիչներ: «Կանաչ արահետ» կազմակերպությունը նպաստում է կայուն գյուղատնտեսության և օրգանական գյուղատնտեսության զարգացմանը»,- նշեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը:

Միջոցառման ընթացքում կլինի նաև հատուկ մրցանակաբաշխություն: Մասնակիցներին կտրվեն մրցանակներ և նվերներ` «Լավագույն ֆերմերային խումբ», «Լավագույն կանանց ֆերմերային խումբ» և «Լավագույն ձեռներեց» անվանակարգերում: 



Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը կարևորում է, որ փառատոնի շրջանակում երևանցիներին ներկայացվում է օրգանական և ամենաթարմ մթերքները.  «Փառատոնի ընթացքում երևանցիները կարող են ծանոթանալ գյուղացիների կողմից ներկայացված արտադրանքին: Բերքի տոնը նպաստում է քաղաքում ապրողների և գյուղի ֆերմերների, կանանց խմբերի միավորումների հանդիպմանը: Հպարտ ենք, որ այս փառատոնը արդեն կայացած է, ներգրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների»:

Փառատոնն ուղեկցվելու է ավանդական համերգային ծրագրով` ժողովրդական անվանի երգիչների, երաժիշտների ու մշակութային խմբերի մասնակցությամբ, երեխաների համար նախատեսված ժամանցային կատարումներով ու ներկայացումներով, բեմականացումներով, պարային համարներով: