Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Անուշ Մարգարյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 17-09-2019
Անուշ Մարգարյան․ «Հայնտվեցի այնտեղ, որտեղ պետք է լինեի»
Լրագրող-հեքիաթագիր Անուշ Մարգարյանը երկար տարիներ է ինչ հնարավորություն է տալիս բազում փոքրիկների ճանապարհորդելու իր իսկ ստեղծած հեքիաթներում, իսկ ընդամենը մեկ տարի առաջ լույս տեսավ երիտասարդ հեքիաթագրի առաջին գիրքը, որը Անուշը անվանել էր «Թռչող ձվածեղ»։

 Eritasard.am-ն այս անգամ զրուցել է հեքիաթագրի հետ եւ փորձել է հետաքրքիր բացահայտումներ անել։

-Անուշիկի հեքիաթները, կամ պարզապես Անուշը հայտնվեց հեքիաթում, քո եւ հեքիաթի ընկերության մասին մի փոքր կխոսես․․․

-Կյանքիս ուղղությունը ընտրելու նախաձեռնողը ինքս եմ եղել և ասեմ, որ երբեք չեմ երազել գրող դառնալու մասին: Երբ փոքր էի, երազում էի մի քիչ դասական բալետի պարուհի դառնալ, մի քիչ  օպերային երգչուհի, մի քիչ դերասանուհի, հագուստի մոդելավորող և այսպես մի քիչ-մի քիչ հաճելիություն բերել ինքս ինձ: Այսինքն՝ շնորհները առատորեն  տրվել էին և մնում էր միայն ճիշտ կողմնորոշվել: Բայց հետո պարզվեց, որ մի խորը շերտով թաքնված գրելու նկատմամբ նաև մեծ սեր ունեմ և բնածին օժտվածություն: Եվ անցնելով իմ ձեռագրի կերտման ճանապարհը՝ հայնտվեցի այնտեղ, որտեղ պետք է լինեի՝ այսինքն հեքիաթում: Ես միշտ շփոթահար եմ լինում այս հարցից, որորվհետև իրապես չգիտեմ՝ հեքիա՞թն է իմ մեջ, թե՞ ես եմ հեքիաթում, որովհետև հեքիաթը իմ կենսակերպն է, իմ ներսի ու դրսի անատոմիական կառուցվածքը: Եվ այլն… 

-Անո՛ւշ, ինչպե՞ս ես ստեղծում հերոսներիդ եւ արդյո՞ք մշտապես պահում ես կապը, վիճում, զայրանում, կամ գաղտնիքներ  վստահում նրանց․․․

-Շատ նուրբ թել բերեցիք, փորձեմ ամփոփ պատասխանել: Ավելի շատ բառաստեղծման եղանակով եմ նրանց հորինում: Հավատարիմ մնալով հայերենի բառակազմական սկզբունքներին՝ փորձում եմ ստեղծել նորը, գույթյուն չունեցողը: Այ օրինակ Ծառեղջյուրը, որ գլխին ծառ ունի պտուղներով, Բանանթիռը, որ արևադարձային, մոլորված տուրիստ է, Ամպենիկը, որ քաղցրավենիքներ անձրևող ամպիկ է, Գորտնուկ-որթնուկը, որը  շատ եսասեր է և քթից այն կողմը չի տեսնում քթի մեծ գորտնուկի պատճառով, Հոնգորա ծովը, որ գոյացել է Պեպենոտ հսկայի արցունքներից և այլն…Հեքիաթը մի պրպտումի աշխարհ է: Երբ վիճում, զայրանում եմ, անմիջապես նյութը փոխում եմ և ինքնաարտահայտման նոր եղանակներ փնտրում: Սկսում եմ զգեստներ կարել, անսովոր նյութերից զարդ ստեղծել կամ կոլաժային պայուսակներ, կամ էլ երազել օրինակ քայլող ծառի մասին…Այսինքն ինչ-որ բան ստեղծելու անբացատրելի ձգտումը միշտ կա: Եվ ընդհանրպես միշտ այդպես է,ստեղծագործ երանգներով ապրող մարդիկ, որպես կանոն, պարապուրդ չեն սիրում իրենց շուրջը, միշտ հայտնվում են այնտեղ, որտեղ հնարավոր է ձեռագիր թողնել: Իսկ ես գրելու քաղցի պակասից եմ երբեմն դառնում այսքան պրպտող…

-Ասում են՝ հեքիաթ գրելու համար մեծ կենսափորձ անհրաժեշտ չէ, ավելին՝ կյանքի մեծ փորձը կարող է այն փչացնել,ի՞նչ կասի  մեզ այս մասին Անուշ Մարգարյանը։

- Հեքիաթ հորինելու համար ոչ թե կենսափորձ է անհրաժեշտ, այլ՝ անսահման հնարամտություն և երևակայություն, մանուկների հանդեպ սեր ու  նվիրում: Եվ կան հեքիաթի ժանրից բխող որոշ կարևոր առանձնահատկություններ, որոնք պետք է պահպանել: Ահա սրանք են  այն կարևոր բաղադրիչները, որոնք անհրաժեշտ են հեքիաթ գրելու համար …



- Անուշ այսօր տեղին է խոսել հեքիաթի հոգեշտկողական նշանակության մասին,  որքանով ես այս նշանակությանը դու տեղ տալիս քո հեքիաթներում։

- Բնականաբար անչափ կարևորում եմ: Ընթերցողը հերոսի հետ երկար ճանապարհ է անցնում և այդ ճանապարհին հաղթահարում է իր վախերն ու տագնապները։ Եվ, փաստորեն, հաղթահարելով ամեն ինչ՝ հեքիաթը թերապևտիկ նշանակություն է նաև  ձեռք բերում:

- Քո հեքիաթները նույնպես ֆանտաստիկ ժանրից են, վերելակը որը ցանկություն է առաքում, ձվաձեղը որը  թռչում է եւ այսպես շարունակ, ինչո՞ւ են հատկապես քո հեքիաթները անչափ  կտրված մեր իրականությունից․․․

- Հեքիաթը իրականում շատ բարդ գրվող ժանրերից է: Անդերսենն ասում էր՝ նույնիսկ հանճարները հեքիաթներ ստեղծել չեն կարող, բայց հեքիաթների են ձգտում:  Հեքիաթագրության մեջ որքան էլ համարձակ եմ և իմպրովիզների գնացող, միևնույնն է՝  ինձ համար կարևոր է ընթերցողի գնահատականը: Իսկ թե ինչու են այդքան տարբերվող, հավանաբար պատճառներից մեկն այն է, որ կերպարաշարով և կառուցվածքով չեն ենթարկվում դասական պատումի կանոններին: 

- Չեմ կարող ասել, որ հեքիաթներ  ունես  որոնք քաղաքկանացված  են, բայց գիտեմ, որ քաղաքական փոքրիկ փշուրներ այնուամենայնիվ կան․․

- Անխոս, որոշ հեքիաթներ շատ նուրբ հղումով արտացոլում են մեր քաղաքական հասարակարգը և, բնականաբար, ենթադրում են հասուն ընթերցող: Պատանի ընթերցողը սա իհարկե չի նկատում, որովհետև հեքիաթից իր խրատն է քաղում:Եվ միայն խորաթափանց, հասուն ընթերցողը կնկատի  տեքստի հետևում թաքնված քաղաքական հեքիաթը, ինչպես օրինակ մեզ քաջ հայտնի Չիպոլինոյի դեպքում է:

- 2017 թվականը կարեւորվեց մի հանգամանքով. դու հերոսներիդ ոչ միայն կյանք տվեցիր, այլ ավելին՝  հայտնի դարձրեցիր։ Մի փոքր խոսիր քո հեքիաթի հիման վրա նկարահանած  մուլտֆիլմի մասին․․․

- 2017-ը նշանավորվեց նրանով, որ հերոսներիս կենդանացրի մուլտֆիլմում և այն լայն տարածում գտավ երկրի սահմաններից դուրս: «Ատամնաստանի արկածները» մուլտֆիլմի նախագիծը իրականացրեցինք ռեժիսոր Արմեն Եփրեմյանի և իր նվիրյալ ընկերների հետ: Առանց պարտադրանքի, առանց ահ ու դողի երեխաներին սովորեցրինք հետևել բերանի խոռոչի հիգիենային: Եվ քանի որ մուլտֆիլմը շատ ընդունելի և դյուրամարս տարբերակ է երեխաների համար, որոշեցինք խրատի  գաղափարը մատուցել հենց  մուլտֆիլմի տեքով: 15 րոպե տևողությամբ մուլտֆիլմի վրա աշխատել են 12 հոգանոց անիմացիոն խումբ, և քանի որ պատվերը դրսից էր,  դերերը կրկնօրինակել են ռուսական հայտնի «Смешарики» մուլտսերիալի դերասանները: Երբ ասելիքդ տեղ է հասնում, սիրվում ամենափոքրի կողմից, այսպիսի բերկրանքի կրողն ես դառնում…



- Ինչպե՞ս ծնվեց «Թռչող ձվածեղ»-ը։

- «Թռչող ձվածեղ»-ը հեքիաթը ծնվեց մի աննշան ոգեշնչման ալիքից: Իսկ ժողովածուն, որ կրում է հենց այդ վերնագրի  անվանումը, ամփոփում է վերջին երկու տարիների իմ ստեղծագործությունները: Ժողովածուն բաղկացած է 3 բաժիններից՝ հեքիաթներ, առակներ և ֆանտաստիկա՝ հրաշապատում ժանրը: Հերոսներս և իրադարձությունները և իրական են, և անիրական, բայց իրականության հետ մեկնտեղ նաև քաղաքական են: Գրված է դյուրալի բառապաշարով: Հատուկ ուշադրության եմ արժանացրել երգիծանքին, որովհետև հեքիաթում զվարճացնող պահերն էլ չպետք է թերագնահատել:  Երգիծանքի հետ միասին, կիրառել եմ նաև գեղագիտական վախի հնարները այնպես, որ ընթերցողին լարված սպասողականության մեջ դրել, իսկ վերջում անակնկալի մթնոլորտ ստեղծել ինչպես օրինակ  Ծովահրեշի դեպքում, որ բոլորին կուլ է տալիս, ահ ու սարսափ տարածում, բայց ինչպես վերջում պարզվում է, նա մարդկանց ջուրը գցած լավության առաքիչն է: Չակերտները շատ չբացեմ, որ նաև ընթերցողին չզրկեմ գիրքը հայտնագործելու հաճույքից: Հեքիաթներն ուղեկցվում են զարմանահրաշ նկարազարդումներով, որոնց հեղինակը բաղացառապես մանուկներն են: Թե ինչու մեծերի շրջանում չընտրեցի, կարծում եմ արդեն կռահեցիք, որ մանուկների ձեռքով նկարազրդված գիրքը պատանի ընթերցողի գրական քիմքին ավելի հարմար և հասանելի է, քան եթե մեծը նկարազարդեր: Եվ հուսով եմ, որ գիրքը իր դաստիարակիչ կողմերով, իր քաղաքական նուրբ ենթատեքստով, իր ջերմ գունազարդությամբ իր արժանի տեղը կգրավի ընթերցողի գրասեղանին:

- Խնդրում եմ ներկայացնես  քո եւ նախարարութան փոքրիկ համագործակցությունը։

- 2018 թ.-ին ՀՀ մշակույթի, կրթության եւ գիտության նախարարությունները համատեղ նախաձեռնեցին «Քո արվեստը դպրոցում» դրամաշնորհային ծրագրը, որում ընդգրկված էին 3 թիրախային ոլորտ՝ դասական երաժտություն, կերպարվեստ և գրականություն: Ծրագրի շրջանակներում նշված ոլորտի ներկայացուցիչները ներկայացրին իրենց հեղիանակային նախագծերը: Մրցույթի հանձնաժողովն ընտրեց 50 ծրագիր, որում ընդգրկված էր նաև իմ ծրագիրը ՝ հեքիաթաթերապիայի ուսումնական նախագիծը, որը կիրառում եմ ոչ թե ձանձրացնող մանկավարժական մեթոդներով, այլ ժամանակակից, նորակական լուծումներով, խաղերով և գլուխկոտրուկ հարցերով: Դասավանդման այս մոդելը որ մշակել եմ և կիրառել թվով 30 դրոցներում, վստահաբար կարող եմ ասել, որ լիցքաթափում է ծանրաբեռնված աշակերտին և ազատում ուսումնական դժվարություններից: Եվ, փաստորեն, օգտակարն ու զվարճալին մեկտեղելով՝ մենք դասը վերածում ենք փոքրիկ թատրոնի, զարգացնում երևակայությունը,  կոլեկտիվ մտածելու կարողությունը, ծանոթանում բառաստեղծման եղանակներին և մասնակիցը դարձնում խմբակային հեքիաթի ստեղծմանը, որ գեղարվեստական մշակումից հետո առանձին գրքույկի տեսքով լույս է տեսնում: Առհասարակ ստեղծագործող մարդիկ պետք է շատ գնան դպրոց և իրենց փորձն ու գիտելիքը հասանելի դարձնեն կրտսեր սերնդին:

- Ապագա անելիքների մասին կպատմես։

- Գրի առումով  լռության շրջան է հիմա ինձ մոտ, որովհետև աշխատանքային զբաղվածության հետ մեկտեղ նաև գործուղվում եմ սահմանամերձ դպրոցներ, երգեր եմ պատրաստում մանկպատանեկան համույթի համար,որոնք դեռ մշակման փուլում են… Եվ բացի այդ՝ լցվելու նոր պաշարներ եմ հայթայթում իմ թափառումների մեջ: Սյուժետային գրավիչ տարրերով մի ֆանտաստիկ գործ է սավառնում գլխումս, բայց դեռ խորը մշակման կարիք ունի: Իսկ դրա համար նախ պետք է խորապես ծանոթանամ մեր մատենագրությանը և բանահյուսությանը և գերբնական կերպարներ ստեղծելիս արմատը հենց հայ բանահյուսությունից փորձեմ բերել: Հավատացեք՝ հրաշքի պես մի բան կստացվի, եթե կարողանամ վարպետորեն միահյուսել հինը ժամանակակից երևույթների հետ և գրական խորը շտակմամբ կենդանացնել այն ֆենթըզի ժանրի մեջ: