Նյութը՝ Հերմինե Կարապետյանի
Լուսանկարները՝ Հերմինե Կարապետյանի
Տեղադրվել է 22-09-2019
Հայտնի, անհայտ, սկսնակ ու արդեն կայացած արվեստագետների գործերը մեկ հարթակում՝ «Արվեստանոց»-ում
Սեպտեմբերի 20-ին «Արվեստանոց» արտ-սրճարանում ներկայացվեց ժամանակակից տարբեր սերունդների հայ արվեստագետների մեկական ստեղծագործություն: Ցուցահանդեսի գաղափարը Նաիրի Գրիգորյանին է:

Արդեն թվով երկրորդ վերնիսաժը ներկայացնում է հայտնի, անհայտ, սկսնակ ու արդեն կայացած ժամանակակից ամենատարբեր ժանրերում ստեղծագործող արվեստագտների, «Արվեստանոց» արտ-սրճարանը դարձնելով արվեստի ու արվեստագետների երկխոսություն յուրահատուկ հարթակ:



Ցուցադրության համադրող, արվեստաբան Լուիզա Խաչումյանն ասաց, որ ցուցադրությունը ուղղեկցվելու է նաև շատ հետաքրքիր քննարկմամբ, ներկայացված աշխատանքների ժանրերի, տեխնիկայի, գունային համադրումների ու մոտեցման շուրջ. «Այս յուրահատուկ մթնոլորտում, սկսնակ արվեստագետը կարող է ինչ-որ նոր բան սովորել, արդեն կայացածը, կարող է ևս մեկ անգամ վերանայել այսօրվա տենդենցները, թե ի՞նչ է տեղի ունենում այսօր մեր քաղաքում, մեր շուրջ»:

Վերնիսաժ 2 նախագծի շրջանակներում արտ-սրճարանում ներկայացված է 27 հեղինակի՝ 4 քանդակագործի և 23 նկարիչի ստեղծագործություններ:  



Արվեստաբան Լուիզա Խաչումյանը պարզաբանեց, որ արվեստագետներին ընտրելու հարցում ոչ մի հստակ չափանիշ կամ չափորոշիչ չկա. «Կան արվետագետներ, որոնց ինքս եմ առաջարկել մասնակցել, կան նաև մարդիկ, որ արդեն ներկայացված լինելով մեզ մոտ ևս մեկ անգամ ցանկություն են հայտնում ներկայանալ: Կան նաև հեղինակներ, որ հատուկ այս նախագծի համար նոր գործ են ստեղծել: Նախագծի գլխավոր մեխը՝ նպատակն այն է, որ մեկ տեղում հավաքվեն արվեստագետներն ու  արվեստասերները: Իսկ հաջորդ վերնիսաժը համար մեկ այլ կոնցեպտ կմտածենք», -ասաց համադրողը:

Ծրագրի շրջանակներում կազմակերպվում են նաև «Մի նկարի պատմություն» խորագրով հանդիպումների շարք, որի ընթացքում առանձին-առանձին  ներկայացվում է ցուցադրված աշխատանքներից յուրաքանչյուրը



Արվեստաբան Լուիզա Խաչումյանն անկեղծանում է, որ նոր է ձուլվում այս բնագավառին և արվեստագետներիի հետ շփումը անչափ հաճելի է. «Իմ նպատակը որպես արվեստաբան, արվեստագետներին արվեստանոցներից հանելն է:  Այդ նույն մթնոլորտը, երբ գնում ես ինչ-որ մի նկարչի արվեստանոց, կարելի է գտնել այստեղ՝ սրճարանում, որտեղ կարելի է մի գավաթ գինու շուրջ զրուցել, բանավիճել, և պարզապես խոսել արվեստի շուրջ», -նշեց արվեստաբան ու ավելացրեց, որ նախապես մշակված ոչ մի  սցենար, կամ կանոնակարգված օրակարգ չկա, ամեն ինչ  իմպրովիզ է:

Պատկերասրահ՝ Ցուցահանդես «Արվեստանոց»-ում