Նյութը՝ Հայկ Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 17-09-2019
Երիտասարդ ֆրանսիացի ֆուտբոլիստը կհայտնվի՞ «Ռեալում»
Խոսակցությունները չեն դադարում, որ Կիլիան Էմբապեն շուտով կխաղա Մադրիդում։

Համաձայն «El Chiringuito» լրատվամիջոցի ունեցած տեղեկության՝ իսպանական ֆուտբոլի գրանդ ակումբ Մադրիդի «Ռեալը» վերջապես կարողացել է համաձայնության հասնել փարիզյան «Պարի Սեն Ժերմեն»-ի ղեկավարության հետ։ Ակնկալվում է, որ երկու կողմերին հաջողվել է վերջնական պայմանավորվածություն ձեռք բերել 20-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի հարցում։

Իսպանական լրատվամիջոցի տեղեկություններով՝ «սերուցքայինները» համաձայնվել են ուղիղ 225 մլն եվրոյով ձեռք բերել 20-ամյա ֆրանսիացու տրանսֆերը, ընդ որում՝ սա ամբողջական գումարը չէ. փարիզյան ակումբը լրացուցիչ հավելավճարների՝ բոնուսների տեսքով կարող է ստանալ եւս 50 մլն եվրո։

Բացի այդ, հայտնի է դարձել նաեւ, թե որքան գումար է վաստակելու 19 տարեկանում աշխարհի չեմպիոն դարձած Էմբապեն մադրիդյան ակումբ տեղափոխվելու դեպքում։ Այսպես, ֆրանսիացի «հրաշամանուկը» տարեկան ստանալու է 35+5 մլն եվրո, որից 5 մլն եվրոն լինելու են բոնուսների տեսքով՝ լրացուցիչ արդյունավետություն ցուցաբերելու դեպքում։

Նշենք, որ Կիլիան Էմբապեն ներկայում վնասվածք ունի և չի կարողանալու մասնակցել Մադրիդի «Ռեալի» դեմ ՈՒԵՖԱ-ի «Չեմպիոնների լիգայի» խաղին։