Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 24-09-2019
«Ապագա ավագանի» դպրոցն ավարտեց վանաձորցի 20 երիտասարդ
Տարիներ շարունակ Վանաձորն աչքի է ընկնում երիտասարդական քաղաքականության ակտիվությամբ։ Իզուր չէ, որ հենց 2019թ․-ի երիտասարդական տիտղոսը կրում է Վանաձորը։

Երիտասարդական միջոցառումներ, սեմինարներ, քննարկումներ, ճամբարներ, ուսուցողական և կրթական ծրագրեր․․․Ահա այսպես ակտիվ և բուռն է անցնում վանաձորցի երիտասարդների ինչպես նաև պատանիների կյանքը։

Իր ակտիվ գործելակերպով հայտնի «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն «Վանաձոր ինֆոՏուն» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր «Ապագա ավագանի» դպրոցը։ Դպրոցն ուներ հստակ նպատակ, այն է՝ նպաստել լոռեցի երիտասարդների քաղաքացիական ակտիվության բարձրացմանն ու ներգրավմանը՝ տեղական մակարդակներում որոշումների կայացման գործընթացներին։

Դպրոցին մասնակցեց Լոռու մարզում բնակվող 16-25 տարեկան 20 երիտասարդ։ Օրակարգը հագեցած էր ինչպես տեսական, այնպես էլ գործնական առումով։ Այսինքն՝ տեսականորեն ստացած գիտելիքները երիտասարդներին հնարավորություն տրվեց իրացնել հենց տեղում՝ խմբային աշխատանքների միջոցով։ 

Քննարկվող թեմաների կիզակետում էին․
-քաղաքացիական ակտիվությունը
-ՏԻՄ օրենքը
-ֆոնդահայթայթումը
-մասնակցային ավանդական և ոչ ավանդական մեխանիզմները
-տեղեկատվության ազատությունը

Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր։