Նյութը՝ ԵՊՀ հանրային կապերի ծառայությունից
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 29-09-2019
ԵՊՀ մեծարման և առաջինկուրսեցիների երդման հանդիսավոր արարողություն ու տոնական համերգ՝ նվիրված համալսարանի հիմնադրման 100-ամյակին
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում երեկ տեղի է ունեցել ԵՊՀ մեծարման և առաջինկուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը, որն այս տարի նվիրված էր համալսարանի հիմնադրման հարյուրամյակին:

Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես հանդիսավոր արարողությունը կազմակերպել և օրը տոնական էին դարձրել ԵՊՀ ռեկտորատը և Մշակույթի կենտրոնը:

Համալսարանականի բարձր կոչումը ստանալու և այն արժանապատիվ կրելու համար առաջինկուրսեցիներին շնորհավորելու էին եկել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, պրոռեկտորները, ֆակուլտետների դեկաններ, տարբեր ստորաբաժանումների, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական կառույցների ներկայացուցիչներ, ուսանողներ և բոլոր ժամանակների համալսարանականներ:

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը մինչ տոնական համերգի սկիզբը ողջունեց ներկաներին և հանդես եկավ շնորհավորական ելույթով։ Նախ նա անդրադարձավ ԵՊՀ հիմնադրմանը՝ նշելով, որ այն հիմնադրվել է 1919 թ․, և հիմնադրման առաջին իսկ օրվանից դասախոսներ են հրավիրվել Եվրոպայից ու Ռուսաստանից, սակայն տարիներ անց համալսարանի սաները կարողացան բարձրորակ կադրերով ապահովել ոչ միայն Երևանի պետական համալսարանը, այլև հանրապետության գիտական հիմնարկները,  արդյունաբերությունը, մշակութային ու հասարակական կյանքը, որոնք հիմնականում ակտիվ էին ԵՊՀ-ի շրջանավարտների շնորհիվ։

«100-ամյա գործունեության ընթացքում համալսարանը տվել է բազմաթիվ նշանավոր այրեր»,- նշեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը։

«Այսօր հավաքվել ենք բարի գալուստ ասելու երկրորդ հարյուրամյակի առաջին առաջինկուրսեցիներին,- ասաց Գ․Գևորգյանը և հավելեց,- դա մեծ պատասխանատվություն է, և դուք պետք է բարձր պահեք Մայր բուհի ուսանողը լինելու բարձր պատիվը»։

Նա կոչ արեց առաջինկուրսեցիներին լինել ստեղծագործ և նախաձեռնող, քանի որ 21-րդ դարում դեռևս ամեն ինչ չէ, որ հետազոտված է։ Իր ողջույնի խոսքը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն ավարտեց՝ ևս մեկ անգամ շնորհավորելով ԵՊՀ 100-ամյակի կապակցությամբ։

Այս տարի երդման տեքստը կարդալու պատասխանատվությունն ու պատիվն ընձեռված էին Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Բագրատ Մարտիրոսյանին ու Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Սոֆյա Մարտիրոսյանին:

ԵՊՀ մեծարման և առաջինկուրսեցիների երդման հանդիսավոր արարողությանը ԵՊՀ ուսանողներին ու բոլոր ներկաներին շնորհավորելու և իրենց կատարումներով ելույթ ունենալու էին եկել երգիչներ Գոռ Սուջյանը, Արամ MP3-ը և DJ Շանթը:

Նրանք հանդես եկան իրենց լավագույն կատարումներով, շնորհավորեցին համալսարանականներին 100-ամյակի կապակցությամբ և ստացան նվերներ ԵՊՀ մշակույթի կենտրոնի կողմից:

ԵՊՀ 100-ամյակին նվիրված համերգն ավարտվեց տոնական հրավառությամբ:

Պատկերասրահ՝ ԵՊՀ 100-ամյակին նվիրված համերգ