Նյութը՝ Վորլդ Վիժն Հայաստանից
Լուսանկարները՝ Վորլդ Վիժն Հայաստանից
Տեղադրվել է 29-09-2019
Ներկայացվեցին «Հոգատարություն հանուն հավասարության» քառամյա ծրագրի արդյունքները
Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ Վորլդ Վիժն Հայաստանի «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որտեղ ներկայացվեցին 4 տարիների ընթացքում իրականացված աշխատանքի հիմնական արդյունքները, մասնավորապես գենդերային հավասարության, ծնողավարության և բռնության վերաբերյալ կատարված համեմատական վերլուծությունը։
«Այս ծրագիրը Վորլդ Վիժն Հայաստանի կողմից իրականացված առաջին գենդերային ծրագիրն է։ Մենք և՛ անհանգստությամբ և՛ մեծ ոգևորութամբ ենք այդ ճանապարհը անցել։ Մենք պետք է մտնեինք համայնքներ, որտեղ տարիներ շարունակ շատ նրբանկատորեն ենք խոսել գենդերային թեմաներով, մենք պետք է աշխատեինք եկեղեցու հետ։ Այսօր մենք ունենք գործիք, որի օգնությամբ կարողանում ենք աշխատել տղամարդկանց հետ գենդերային հավասարության թեմաներով, և մենք կարող ենք հեշտությամբ օգտագործել գենդեր բառը։ Վորլդ Վիժն ընդունեց մարտահրավերը, և այսօր մենք ներկայացնում ենք կազմակերպության ձեռքբերումները։ Այն փոփոխությունը, որին մենք ականատես եղանք, լինի դա մեծ, թե փոքր, գալիս է ապացուցելու, որ կազմակերպության ջանքերն ու ռեսուրսները ներդրել ենք հենց այնտեղ, որտեղ կար ամենամեծ կարիքը»,-ասաց Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:
 
«Կարող եմ ասել, որ ծրագիրը հասել է իր նպատակին ու կարողացել է փոխել մարդկանց տեսակետներն ու ընկալումները. ավելի մեծ ջանք ու ժամանակ է պահանջում վարքի փոփոխությունը, որը նշված ժամանակահատվածի համար, այնուամենայնիվ, նկատելի է»,- ասաց «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի ղեկավար Սևան Պետրոսյանը:

Ծրագրի գնահատման հիմնական արդյունքներից են.
- հարցվածների շրջանում գենդերային կարծրատիպերի առումով կա դրական փոփոխություն: Սա չափվել է 21 հարցից բաղկացած սանդղակի օգնությամբ, և տվյալների համաձայն կարծրատիպային մտածելակերպ ունեցողների տոկոսը նվազել է: 

Եթե 2015 գրեթե յուրաքանչյուր 2-րդ տղամարդ կարծրատիպային պատկերացում ուներ կնոջ դերի, ընտանիքում տղամարդու և կնոջ աշխատանքի բաշխման մասին, ապա 2019-ին միայն յուրաքաչյուր 5-րդը:
- ընտանիքում երեխաների խնամքին վերաբերող հարցերին հայրերի մասնակցությունը աճել է ծրագրի գրեթե բոլոր մարզերում: 

2015 երեխաներ ունեցող տղամարդկանց 25%-ն էր խաղում իրենց երեխաների հետ: 2019 –ին 76%-ն է նշել, որ ժամանակ են տրամարդում երեխաների հետ խաղալուն:

Ծրագրի գնահատման համար կատարված հետազոտության նպատակն էր պարզել, թե ինչպես է փոխվել մտածելակերպը գենդերային կարծրատիպերի առումով, որքանով հավասարակշռված է ընտանիքում դերերի բաշխումը, հատկապես հայրերի մասնակցությունը երեխաների խնամքին և ինչպես է փոխվել բռնության հետ կապված իրավիճակը այն համայնքներում, որտեղ ծրագիրն իրականացվել է: Ծրագրի վերջնական գնահատումը կատարվել է 2600 հարցվածներից ստացված տվյալների հիման վրա: 
 
«Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի մասին
«Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի նպատակն է փոխել և կանխել կանանց ու աղջիկներին վնասող կարծրատիպային վերաբերմունքն ու վարքագիծը, նպաստել այնպիսի միջավայրի ստեղծմանը, ուր աղջիկներն ու տղաները ծնվում ու արժևորվում են հավասարապես: 
 
Ծրագիրն իրականացվել է Արագածոտն, Գեղարքունիք, Տավուշ, Շիրակ, Լոռի մարզերում և Երևանի Քաղաքեռ-Զեյթուն համայքնում: Ծրագրին մասնակցել են 112 համայնքների 1485 երիտասարդներ ու 1242 ծնողներ: Ծրագրի ընթացքում իրականացվել է 180 համայնքային և մարզային իրազեկման միջոցառում:
 
Ծրագիրը սերտորեն համագործակցել է Հայ Առաքելական Եկեղեցու հետ՝ սեռային հավասարությունը ազգային մակարդակում խթանելու գործում վերջինիս առավել ակտիվ ներգրավելու նպատակով և հոգևոր առաջնորդներին՝ հատկապես սեռով պայմանավորված բռնությունների դեպքերին տեղական մակարդակում ներգրավելու համար:  

Ծրագրի ամփոփիչ տեսանյութը դիտեք այստեղ` 

<iframe width="555" height="370" src="https://www.youtube.com/embed/QyM0YfJZLhw" frameborder="0" allow="accelerometer; autoplay; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>