Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Միլենա Մկրտչյանի
Տեղադրվել է 05-10-2019
ԵՄ-ն աջակցում է երիտասարդների նորարարական գաղափարների իրականացմանը
«EU Neighbours East» նախագծի կողմից հոկտեմբերի 4-ին կազմակերպվեց «Open East media think tank» միջոցառումը, որի ընթացքում ներկայացվեցին Հայաստանի նորարարությունների և երիտասարդության ոլորտներում ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը:

Հայաստանում ԵՄ նորանշանակ դեսպան Անդրեա Վիկտորինը կարևորում է, որ ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ում տարբեր ոլորտների զարգացումը:

«Մենք աջակցում ենք Հայաստանում բարեփոխումներին և զարգացմանը: Շատ կարևոր է Հայաստանում զարգացնել ձեռներեցությունը, նորարարությունը, կրթությունը, գիտությունը, թվայնացումը և ստեղծարարությունը: Մենք օգնում ենք երիտասարդների, ովքեր ունեն հետաքրքիր նախաձեռնություններ»,- նշեց Վիկտորինը:

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին, թե ինչ դրամաշնորհներ և օժանդակություն է հասանելի Հայաստանում՝ «Հորիզոն 2020», «EU4Youth», «EU4Bussines», «Քաղաքապետերը հանուն տնտեսական զարգացման» ծրագրերի շրջանակներում: Հանդիպմանը ներկա էին նաև ԵՄ-ի կողմից արդեն իսկ դրամաշնորհներ ստացած մասնակիցներ:

«EU4Youth. Ավելի լավ հմտություններ ավելի լավ ապագայի համար» ծրագրի նպատակն է ամրապնդել անապահով երիտասարդության շրջանում ձեռնարկատիրական ներուժն ու կրթության հնարավորությունները՝ կրթական դասընթացների, նոր կապերի հաստատման միջոցով: 



Ծրագրի մասնակից Անի Ավետիսյանը սովորում է  ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Նախորդ տարվա նոյեմբերից  «Save the children»-ի անդամ է: Նա ԵՄ աջակցություն է ստացել: Անիի գաղափարներն ուղղված են գյուղական համայնքում երիտասարդների մասնակցությամբ ճամբարի կազմակերպմանը՝ հիմքում դնելով նոր հմտությունների ձեռքբերումը:

«Իմ նախաձեռնությամբ մեր համայնքում՝ Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում, կազմակերպեցինք մեկշաբաթյա ճամբար, որին մասնակցեցին գյուղի  մոտ 100 դպրոցականներ: Ճամբարում ներառեցինք նաև դասընթացներ՝ անձի զարգացման, բուհ ընդունվելու, աշխատաշուկա մուտք գործելու հմտությունների վերաբերյալ»,- պատմում է Անին, և հավելում, որ  համայնքում իրականացվել են նաև բնապահպանական միջոցառումներ՝ աղբահավաք և իրազեկում՝ բնակիչների շրջանում՝ համայնքը, շրջակա միջավայրը մաքուր պահելու վերաբերյալ: 

Ամալյա Նավասարդյանը ևս մասնակցում է ծրագրին: Նա ներկայացնում է Սևանի բազմագործառութային քոլեջը: Լրագրողների հետ զրույցում նշեց, որ  «Save the children» կազմակերպության հետ համագործակցության շրջանակում բարելավել են իրենց կրթական մոդուլային ծրագիրը և դասավանդումը դարձրել են ավելի արդյունավետ:

«ԵՄ-ի աջակցությամբ մեր պրակտիկ դասերն առավել արդյունավետ դարձնելու համար ստացել ենք նյութատեխնիկական բազա, համակարգիչներ, պրոեկտոր: «Save the children»-ի փորձագետների հետ աշխատել ենք կրթական ծրագիրը բարելավելու ուղղությամբ: Անցկացվել է վերապատրաստում, և մեզ սովորցրել  են տեսական և գործնական դասընթացները կազմակերպելու նոր մեթոդներ և մոտեցումներ: Այդ ծրագիրը արդեն ներդրվել է մեր քոլեջում և զգում ենք արդյունքները»,-ասաց Ամալյա Նավասարդյանը:

Նշենք, որ ԵՄ-ի կողմից երբևէ իրականացված խոշորագույն ծրագիրը «Հորիզոն-2020»-ն է: Ծրագրում կատարվել է 30 միլիարդ եվրոյի ներդրում 2018-2020թթ. ընթացքում: Ծրագրին միևնույն կանոնակարգերի ներքո մասնակցում են մի քանի երկրներ: Հաայաստանը ԵՄ-ի «Հորիզոն 2020» հետազոտությունների և նորարարությունների շրջանակային ծրագրի լիարժեք անդամ է, ինչը նշանակում է, որ ՀՀ քաղաքացիները կարող են իրենց նորարարական բիզնես գաղափարը իրականացնելու համար ԵՄ-ից դրամաշնորհ ստանալ միևնույն հիմունքներով, ինչ ԵՄ ընկերությունները: