Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 19-10-2019
Երևան-2801.ի՞նչ միջոցառումներ են սպասվում այսօր
Հոկտեմբերի 19-ին Երևանը նշում է հիմնադրման 2801-ամյակը: Տոնի կապակցությամբ մայրաքաղաքում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ:

«Սրտումս Երևան».հենց այս կարգախոսն է ընտրվել այս տարվա համար: Խոստովանությունը բառերով հնչում էր, իսկ ինչպե՞ս այն պետք է գրվեր ու մատուցվեր: Տարբերանշանի ստեղծման ու պաստառների մշակման գործին անցան գրաֆիկ-դիզայներները:

Քաղաքի օրն այս տարի առաջին անգամ հավասարապես կտոնեն բոլոր վարչական շրջաններում:

Հոկտեմբերի 19-ի միջոցառումները կմեկնարկեն ժամը 13:00-ից: Վարչական ամեն մի շրջան կներկայանա իր բնակիչներին համայնքային մարզամշակութային կենտրոնների նախաձեռնություններով:

«Էրեբունի-Երևան 2801» պաշտոնական միջոցառումն ու գալա համերգը կկայանա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ելույթ կունենան Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Ազգային ակադեմիական երգչախումբը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը:
 

Վարչական շրջանների միջոցառումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

Աջափնյակում՝ Գևորգ Չաուշի հրապարակում, կլինի էստրադային համերգ,

Ավանում ծրագիրը մանկապատանեկան է, հանդիպում ենք վարչական շենքի հարակից հրապարակում,

Դասական երաժշտության սիրահարներին հրավիրում ենք Արաբկիր՝ Կոմիտաս 1,

Ջազային մեղեդիներ կհնչեն Դավթաշենում՝ Կենտրոնական զբոսայգում,

Էրեբունին Ձեզ կդիմավորի Ժողովրդական երգ ու պարով՝ Էրեբունի թանգարանի դիմաց,

Կենտրոնում՝ Սարյան–Բուզանդ փողոցների խաչմերուկում, կհավաքվեն փոփի սիրահարները,

Մալաթիա-Սեբաստիայում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, Էստրադային համերգ կլինի,

Էլեկտրոնային երաժշտությունը կհնչի Նոր Նորքում՝ Գայի արձանի հարակից այգու տարածքում,

Ազգագրական երաժշտության հարթակը Նորք-Մարաշում է՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում,

Ռոքի հայ աստղերին կարող եք լսել Նուբարաշենում՝ Վարչական շրջանի հրապարակում,

Հեղինակ-կատարողներին՝ Շենգավիթում՝ Գարեգին Նժդեհի հրապարակում,

Ռետրո երաժշտությունն էլ կհնչի Քանաքեռ-Զեյթունում՝ Պարույր Սևակ-Ռուբինյանց փողոցների խաչմերուկում:

Ժամը 22.00-ին Երևանի երկինքը կլուսավորվի վարչական շրջանների միաժամանակյա հրավառությամբ: