Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 21-10-2019
Սոնա Վանը հանրությանը ներկայացրեց իր նոր ժողովածուն….
Ինչ էր ասում հայրը Սոնա Վանին: Բանաստեծուհու նոր ժողովածուն հենց այդպես էլ վերնագրված է՝ «Հայրս ասում էր»:

«Իմ ձեւավորման գործում մեծ ազդեցություն է ունեցել հայրս: Նա մասնագիտությամբ ֆիզիկոս էր, բայց գրում էր, նկարում. արվեստի մարդ էր: Ես նրան վաղ եմ կորցրել, բայց մինչ օրս հորս խոսքն ինձ հետ է, հատկապես այն ժամանակ, երբ նստում եմ ճերմակ թղթի առաջ»,- շնորհանդես ընթացքում նշեց  Սոնա Վանը: Նա խոստովանեց նաեւ, որ հաճախ է իր բանաստեղծական խոսքում օգտագործում «հայրս ասում էր» արտահայտությունը: «Նա զգուշացնում էր ուշադիր լինել բառի նկատմամբ, քանի որ այն դառնում է հոգու, հավատի, ճակատագրի մի մասը»:

Սոնա Վանի ստեղծագործությունները թարգմանվել են 25 լեզվով: Դրանք ներշնչում ու գրավում են գրականության նաև երաժշտության սիրահարներին: Բանաստեղծուհու՝ «Լիբրետո անապատի համար» պոեմի հիման վրա կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը գրել է «Ռեքվիեմ անապատի համար» ստեղծագործությունը;

Վաչե Շարաֆյանի համոզմամբ Սոնա Վանի այս ստեղծագործության մեջ «Լիբրետո անապատի համար» պոեմի հատվածների վրա կառուցված նորատիպ լիբրետոն միաձուլվում է ավանդական ռեքվիեմի տեքստի հետ. «Բազմապլաստ ստեղծագործություն է, որտեղ կա հրեշտակի ձայն, այն աշխարհից եկող ձայն, ցավի ու հիշողության ձայն եւ կա դեպի լույս, դրախտ տանող ճանապարհ»:

Շառաֆյանի Ռեքվիեմը մենակատարների, երգչախմբի եւ նվագախմբի համար է։ Հեղինակը հույս ունի, որ համաշխարհային պրեմիերայից հետո ռեքվիեմը կհնչի նաեւ միջազգային բեմերում:

Պատկերասրահ՝ Սոնա Վանի «Հայրս ասում էր» գրքի շնորհանդեսը