Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Փաստաբանների պալատից և Երեմ Դավթյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 28-10-2019
«Միայն աշխատասիրությամբ կարելի է հասնել հաջողության»․ փաստաբան Երեմ Դավթյան
Eritasard.am-ի «Հաջողության գրավականը» շարքում շարունակում ենք ներկայացնել խելացի, նպատակասլաց, բազմակողմանի զարգացած երիտասարդների, որոնք երիտասարդ տարիքում աչքի են ընկնում իրենց կատարած աշխատանքներով և ծավալած գործունեությամբ: Այս անգամ մեր խորագրի հյուրը փաստաբան, 26-ամյա Երեմ Դավթյանն է:

Մասնագիտության ընտրության հստակ որոշում․․․

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի ՀՀ Ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետ։ Ընդունելությունս համընկավ ակադեմիայի ընդունելության կարգի փոփոխության հետ, ուստի ընդունվելուց հետո ծառայության անցա ՀՀ Զինված ուժերում։ Զորացրվելուց հետո ուսումս շարունակեցի։ 

Առհասարակ, Ոստիկանության ակադեմիայի յուրաքանչյուր ուսանող, որպես մասնագիտական ուղի մտածում է ընտրել ոստիկանի, քննիչի, դատախազի մասնագիտությունը, բայց իմ դիրքորոշումը տարիների ընթացքում փոխվեց․ ես ընտրեցի փաստաբանի մասնագիտությունը։ 

Ծնողներս ցանկանում էին, որպեսզի ոստիկան դառնամ։ Հայրս ոստիկանության համակարգում է աշխատում։ Վերջինս ըմբռնումով մոտեցավ փաստաբան դառնալու որոշմանս։ Ի վերջո, կարծում եմ, որ ամեն մարդ պետք է ընտրի այն մասնագիտությունը, որն իսկապես հոգեհարազատ է իրեն։ Իմ պարագայում հենց այդպես էլ եղավ։ 

Կրթության շարունակություն, գիտելիքների համալրում, ինքնազարգացում․․․

Ոստիկանության ակադեմիայի բակալավրն ավարտելուց հետո, բնականաբար, շարունակեցի ուսումս։ Վերապատրասման կուրս անցա Իրավաբանության դպրոցում, ընդ որում՝ այն բազմապրոֆիլ էր, քանի որ կուրսը ներառում էր քրեական իրավունք, քննչական գործողություններ, դրանց առանձնահատկությունները և այլն։ Սովորել եմ նաև Հանրային դիվանագիտության դպրոցում և Փաստաբանների դպրոցում։ Ուսումնական այդ գործընթացների ժամանակ կրկին համոզվեցի, որ ոստիկանի, քննիչի, դատախազի մասնագիտությունը հոգեհարազատ չեն, ուստի կենտրոնացա փաստաբանի մասնագիտության վրա։ 
 


Աշխատանքային առաջին քայլերը, Փաստաբանական շտապօգնության ծառայության ղեկավար․․․

2018թ․-ի դեկտեմբերի 6-ին ստանալով փաստաբանի արտոնագիր, հաջորդ օրն արդեն անցա աշխատանքի։ Մասնագիտացված եմ քրեաիրավական ոլորտով, զբաղվում եմ բացառապես քրեական գործերով։  

Հանդիսանում եմ փաստաբան Տիգրան Ղազարյանի կողմից հիմնած Փաստաբանական շտապօգնության ծառայության ղեկավար։ 

Փաստաբանական շտապօգնության ծառայությունը հիմնադրվել է 2016թ․ նոյեմբերին։ Նման ծառայության հիմնման գաղափարն ու նպատակը եղել է քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելը։ Շատ քաղաքացիներ, որոնք հայտնվում էին Ոստիկանությունում, երբեմն ոչ իրենց օգտին ցուցմունքներ էին տալիս լինելով բարոյահոգեբանորեն ճնշված վիճակում։ Դիմելով փաստաբանին, նրանք անկեղծանում էին, որ, եթե իրենց կողքին այդ պահին լիներ փաստաբան, ապա իրազեկ կլինեին, թե նման իրավիճակում ինչպես պետք է վարվել։ 
 


Հասկացանք, որ մեր քաղաքացիները նման ծառայության կարիքն իսկապես ունեն։ Սա թերևս նման է Շտապ բժշկական օգնության մեխանիզմին, սակայն այս պարագայում մենք ցուցաբերում ենք իրավական օգնություն։ Առհասարակ փաստաբանի հանդեպ վստահությունն ավելի է մեծացել, հատկապես հարցաքննություններից հետո։ Քաղաքացիների գիտակցական մակարդակը ևս բարձրացել է։ Վերջիններս շատ դեպքերում արդեն հրաժարվում ենք առանց փաստաբանի որևէ խնդրահարույց հարց լուծել։ 

Մեծ ցանկություն կա, որ ոչ միայն փաստաբանների, այլ ամբողջ իրավական ոլորտի նկատմամբ հավատը փոխվի։ Իհարկե, այս ամենը կախված է նաև ամբողջ իրավապահ համակարգի աշխատակիցների գործունեությունից։ 

Հատկանիշներ, որոնք պետք է ունենա փաստաբանը․․․

Թերևս ամենակարևորն ու առաջինը, որ պետք է նշեմ աշխատասիրությունն է։ Կարևոր է նաև, որպեսզի փաստաբանը լինի բնավորությամբ կայուն, չտրվի հուզական պոռկումներին, ունենա քաղաքացիների հետ շփվելու ունակություն, տրամաբանություն և իհարկե՝ համբերատարություն։ 

Սեմինարներ, դասընթացներ, գործունեության ծավալում՝ բացառապես ՀՀ-ում․․․

Առհասարակ կարևորում եմ նաև դասընթացներին և սեմինարներին մասնակցությունս։ Դրանք թե՛ մասնագիտական գիտելիքների համալրման հարցում են օգնում, թե՛ փորձի փոխանակման։ Հետագայում նպատակ կա նաև թրեյնինգներ անցկացնել, որոնք կարծում եմ կօգնեն երիտասարդ իրավաբաններին գիտելիքներ համալրելու և փորձ ձեռք բերելու հարցում։   

Արտերկրում աշխատելու մասին չեմ մտածել։ Անկեղծ ասած՝ նման ցանկություն չեմ ունեցել և չունեմ, քանի որ ցանկանում եմ իմ ներդրումն ունենալ ՀՀ-ում։
 


Նախասիրություններ․․․ 

Մոտ  7-8 տարի զբաղվել եմ ֆուտբոլով։ Ընդ որում՝ վերջերս, 5-6 հոգուց բաղկացած  փաստաբանների մեր թիմը զբաղեցրեց առաջին տեղը՝  Փաստաբանների պալատի կողմից կազմակերպած  մրցույթում։ 

Վերջին 5-6 տարվա ընթացքում կարդում եմ մասնագիտական գրքեր։ Կարծում եմ՝ կատարելագործվելու, ինքնակրթվելու, զարգանալու համար փաստաբանը մասնագիտական գրականություն պետք է մշտապես կարդա։ 


 
Հետադարձ հայացք, ինքնագնահատում․․․

Իրականում չեմ ցանկանա, որ հասնի այնպիսի մի պահ, որ սկսեմ մտածել, զգալ, որ հասել եմ ամեն ինչի, քանի որ այդ պահից արդեն պարզապես կանգ կառնեմ, կսկսեմ չգործել, իսկ այդ ամենը կտանի ճահճացման։ Եվ սա կարծում եմ բոլոր մասնագետների պարագայում է։ 

Հաջողության գրավականը․․․
Աշխատասիրությունն ու վճռականությունը։  Առհասարակ ես կարևորում եմ աշխատասիրությունը, քանի որ միայն աշխատասիրությամբ կարելի է հասնել հաջողության։