Նյութը՝ Հերմինե Կարապետյանի
Լուսանկարները՝ Լիլիթ Պողոսյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 29-10-2019
«Քայլել սովորելուն զուգահեռ խաղալ եմ սովորել»․ Լիլիթ Պողոսյան
Մասնագիտությամբ լրագրող 23-ամյա Լիլիթ Պողոսյանը բադմինթոնով սկսել է զբաղվել 4 տարեկանից, իսկ վերջին երեք տարին Centre of Excellence ծրագրի շրջանակներում բնակվում ու մարզվում է Դանիայում` տարբեր երկրներից ժամանած մարզիկների համար կազմակերպված ճամբարում:
Լիլիթը European Badminton միջազգային մարզաբազայի հայաստանցի միակ անդամն է․ «Մանկուց եմ զբաղվել բադմինթոնով, հայրս՝ Հրաչյա Պողոսյանը, Հայաստանի բադմինթոնի հավաքականի մարզիչն է, ու քայլել սովորելուն զուգահեռ սկսել եմ խաղալ սովորել։ Բայց այդ ամենին ավելի լուրջ վերաբերվեցի, երբ 13 տարեկանից սկսեցի մասնակցել միջազգային մրցաշարերի ու զբաղվել պրոֆեսիոնալ բադմինթոնով։ Հայաստանից միջազգային մրցաշարերի մասնակցելը շատ դժվար էր, դրա համր էլ Դանիա տեղափոխվեցի, հիմա գործս հեշտացել է, ավելի հաճախ եմ մասնակցում միջազգային ամենատարբեր մրցաշարերի, ինչը մեծ փորձ է յուրաքանչյուր մարզիկի համար»,– պատմում է Լիլիթը։



Մարզուհին տարին լավ սկսեց՝ տոնելով հաղթանակներ Իրանի Կարաջ քաղաքի միջազգային մրցաշարում: Սակայն մրցաշարի ընթացքում վնասվածք ստացավ և բժիշկների պահանջով դադարեցրեց մրցելույթը․ «Որոշիչ խաղ էր, էդ հաղթանակից էր կախված կստանամ եվրոպական խաղերի ուղեգիր, թե՞ ոչ։ Աքիլեսյան գարշապարի հետ խնդիրներ վաղուց ունեի, բայց այդքան նկատելի չէր։ Առաջին սեթը խաղացի, երկրորդ սեթի ավարտին կտտոց զգացի։ Գիտեի, որ ինչ–որ բան այն չէ, բայց շարունակեցի խաղալ ու հաղթեցի։ Սակայն դրանից հետո վերադարձա Դանիա ու բժիշկի ցուցումով ժամանակավորապես դադարեցրի մարզումներս»,- հիշում է Լիլիթը։
 
Այնուամենայնիվ Լիլիթի շնորհիվ ամռանը Մինսկում կայացած Եվրոպական խաղերում առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ ունեցավ բադմինթոնի կանանց մենախաղերում: Այդ օրվա հուշերի ու զգացողությունների մասին Լիլիթն անգամ իր բլոգում է գրել. «Մտնում ենք մարզադաշտ, Բաչկովը դիմացից մեր եռագույնն ա տանում: Գիտե՞ք ինչ եմ զգում: Հպարտությո՞ւն: Մեղմ ա ասված: Ուզում եմ կանգնեմ ու բոլորի դիմաց գոռամ, որ ես երազանք եմ ապրում: Բայց ձայնս հաստատ չի լսվի, որովհետև ամբողջ մարզադաշտը գոռում ա: Չեմ հասցնում հասկանամ՝ որ կողմ նայեմ: Այնքան հրաշք պահ է, չեք պատկերացնի: Այդ պահին ամեն ինչ մեջդ տակնուվրա է լինում, այդ պահից հետո դու ինքդ քո կյանքին, քո կարիերային ու քո երկրին սկսում ես լրիվ ուրիշ ձև վերաբերվել: Դու մի ամբողջ երկիր ես ներկայացնում Եվրոպային, դու այդ երկրի կարևորագույն մասն ես քեզ զգում ու դա հպարտության վերին աստիճանն է…»։


 
Լիլիթի հաջորդ նպատակը օլիմպիական խաղերն են։
 
Լիլիթի հայրը՝ Բադմինթոնի Հայաստանի ֆեդերացիայի գործադիր տնօրեն, հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Պողոսյանը հիշում է՝ խորհրդային միության տարիներին ունեցել ենք հզոր դպրոցներ Գյումրիում, Իջևանում, Վանաձորում։ Այժմ էլ ֆեդերացիան աշխատում է այդ ուղղությամբ, բացելով դպրոցներ ոչ միայն Երևանում այլև մարզերի տարբեր քաղաքներում։


 
Վերջին շրջանում մարզաձևի հանդեպ հետաքրքրությունն ավելացել է։ Մարզաձևի հանդեպ հատուկ հետաքրքրություն է առաջացել հատկապես Լիլիթ Պողոսյանի վերջին հաջողություններից, միջազգային մրցաշարերի մասնակցությունից հետո։ «Ով խաղում է բադմինթոն սիրահարվում է այս սպորտաձևին, ասում են, այս ինչ հրաշք մարզաձև է, որովհետև և՛ մատչելի է, և՛ շատ հեշտ, և՛ առողջարար։ Ի վերջո, այն նաև թագավորական մարզաձև է համարվում։ Օրեցօր այս մարզաձևով հետաքրքրվողների թիվն ավելանում է, բայց մենք ուզում ենք աշխատել նաև որակի վրա», –ասում է Պոսոսյանն ու շարունակում,- «ողջ կյանքս երազել եմ ունենաք մեր առանձին մարզադաշտը, որտեղ մենք մեր փորձը կփոխանցենք կրտսեր սերնդին»։
 
Իսկ Հայաստանի առաջատար բադմինթոնիստուհի Լիլիթ Պողոսյանը նոր մրցաշրջանում հանդես կգա գերմանական Trittau ակումբում։ Ասում է՝ մեծ փորձ կուտակելու հնարավորություն ունի երկրորդ բունդեսլիգայում, որը բավականին ուժեղ է ու համալրված է փորձառու խաղացողներով։ Նա կշարունակի ապրել ու մարզվել Դանիայում` Հոլբեկի միջազգային մարզումային կենտրոնում, իսկ լիգայի խաղերին` շաբաթ ու կիրակի օրերին կմեկնի Գերմանիա։ Մինչև դեկտեմբեր Լիլիթի թիմի համար 9 հանդիպում է նախատեսված:


 
Սպորտում և առահասարակ ինչ-որ մի գործում հաջողության հասնելու համար Լիլիթի կարծիքով նախևառաջ պետք է ունենալ աշխատասիրություն ու համառություն. «Առաջին տեղում պետք է լինի աշխատասիրությունը, որ նստել երազելու փոխարեն անընդհատ աշխատես, երազանքիդ հասնելու համար ջանք չխնայես։ Շատ կարևոր է նաև համառությունը, որ կես ճանապարհից երբեք հետ չկանգնես, գնաս մինչև վերջ, մինչև նպատակակետ։ Ու, իհարկե, նպատակասլացություն է պետք, որ դիմակայես ու հաղթահարես բոլոր դժվարությունները»։
 
Դանիայում մարզումներին զուգահեռ Լիլիթը չի մոռանում նաև լրագրողի մասնագիտության մասին։ Նա հոդվածներ է պատրաստում կոնֆեդերացիայի պաշտոնական կայքի համար և վարում է իր անձնական բլոգը, որտեղ ժամանակ առ ժամանակ ակնարկներ ու գրառումներ է տեղադրում իր ամենօրյա կյանքից ու ճանապարհորդություններից: Վերջին գրառումը Եվրոպական խաղերում իր ապրումների ու հույզերի մասին է, որը նա ավարտել է այսպես. «Մեր կյանքում այնքան շատ կետեր կան, որ լրիվ իրարից անկախ, անիմաստ ու շատ հաճախ՝ մեզ խանգարող դեպքեր են թվում: Տարիներ անց կարելի ա բացահայտել հազարավոր «Ինչու հենց տենց եղավ»-ների պատասխանները: Կարելի ա կապել կետերն ու բարձունքների հասնել: Մի օր կմտածես, որ դու ոչնչություն ես, հետո կդառնաս «թույլիկի մեկը», հետո տաղանդդ կբացահայտես ու կսկսես աշխատել ինքդ քո վրա: Արդյունքները գալու են, լսո՞ւմ ես ինձ…արդյունքները հաստատ կզգաս, ուղղակի ժամանակ է պետք: Ինձ 11 տարի էր պետք երազանք իրականացնելու համար, ու, ի դեպ, իսկական օլիմպիական երազանքս դեռ իրականանալու ճանապարհին է, իսկ եվրոպական խաղերը ես նախավարժանք եմ համարում: 11 տարի էր պետք, իսկ էդ ընթացքում միլիոնավոր անգամներ ոչ մի բան չի ստացվել, հազարավոր անգամներ լացել եմ ու հիասթափվել, հարյուրավոր անգամներ պարտվել եմ, ու երևի մի տաս անգամ էլ հաջողության եմ հասել: Իսկ ամենակարևոր թիվը զրոն է, որ ցույց է տալիս, թե քանի անգամ եմ հանձնվել: Կյանքը հիանալի է, մանավանդ, երբ բոլոր անհաջողություններից հետո կարողանում ես ժպտալ ու հպարտորեն սպասել հաջորդ մարտահրավերին»։