Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Անի Գևորգյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 31-10-2019
«Ես Վանաձորի արվեստի զարկերակներից եմ»․ Անի Գևորգյան
Eritasard.am-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել Վանաձորի ակտիվ երիտասարդներին՝ իր «Վանաձորի զարկերակը» շարքում։ Այս անգամ մեր խորագրում ներկայացնում ենք ռեժիսոր Անի Գևորգյանին։

Անին 29 տարեկան է։ Վանաձորում բնակվում է ծնված օրվանից։ Իսկ թե որ ոլորտի զարկերակն է ակտիվ պահում Անին, կբացահայտենք միասին։ 

Ռեժիսորի մասնագիտության ընտրությունը համարում եմ․․․

երջանիկ պատահականություն։ Իմ կամքին հակառակ ծնողներս ընդունելության փաստաթղթերս հանձնել էին քույրական տեխնիկում։ Որոշեցի փոքրիկ խորամանկության դիմել։ Մայրիկիս փոխարեն զանգահարեցի տեխնիկում և ասացի, որ տեղափոխվում ենք Դիլիջան, ուստի չեմ կարող սովորել այդտեղ։ 

Ընդունվեցի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի վանաձորյան մասնաճյուղ՝ նախապատրաստական կուրս։ Ցավոք, հաղորդավարական բաժինը, որտեղ ուզում էի սովորել, այդպես էլ չբացվեց, ուստի բակալավրի կրթությունս  ստացա դերասանական բաժնում։ Գերազանց ավարտելուց հետո ընդունվեցի ռեժիսուրայի բաժին, ընդ որում՝ կրկին Վանաձորում, քանի որ ես ինձ այստեղ եմ միշտ հանգիստ ու լավ զգում։ 

Սկզբում ծնողներս դեմ էին, սակայն․․․
ժամանակի ընթացքում հասկացան և ընդունեցին, որ դա իմ ապրելակերպն է։ Ավելին, նրանք ևս սիրում են, ինձ հետ ապրում, երբեմն էլ՝ օգնում։ 



Աշխատանքային մեկնարկը որպես ռեժիսոր տրվեց․․․
մագիստրատուրայում սովորելու ժամանակ։ Պաշտպանության ժամանակ որոշեցի բեմադրությամբ ներկայանալ՝ «Սեր հոլանդական պանրում» կատակերգությամբ։  Այդ ժամանակ աշխատում էի թե՛ ուսանողների, թե՛ պրոֆեսիոնալ դերասանների հետ։ Մեծ ուրախություն և հպարտություն էր, քանի որ հանդիսատեսը հավանել էր։ Արձագանքներն այնքան բուռն էին, որ ներկայացումը ոչ միայն ներառվեց խաղացանկում, այլ առաջարկ ստացանք հանդես գալ այլ մարզերում ևս։ 
 
Արդեն 9 տարի աշխատում եմ․․․
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի վանաձորյան մասնաճյուղում։ Դասավանդում եմ եվրոպական և հայկական թատրոնի պատմություն։ Ինչպես նաև ռեժիսուրայի բաժնում կուրսղեկ եմ։ 

Ես որպես երիտասարդ Վանաձորում․․․
փորձում եմ իմ մասնագիտական ոլորտում անել հնարավորը, որպեսզի ճանաչելի դարձնեմ թաքնված, ստվերում մնացած շատ տաղանդավոր երիտասարդների։ Ժամանակը ցույց է տալիս, որ նրանց հարցում չեմ սխալվում։ 



Երբ ինչ-որ բան շատ ես ուզում և ձգտում, ապա․․․
կարողանում ես հասնել։ Այո՛, կան դժվարություններ, տարածք վարձակալելու և այլնի հետ, սակայն, ցանկությունն ու ձգտումն առավել հզոր են գտնվում։ Ի վերջո, ոչնչի հեշտ չէ հասնել կյանքում՝ ցանկացած ոլորտում։ Ես դա ասում եմ իմ սեփական օրինակով։ 

Ֆիլմերի մասին մտածել եմ, սակայն․․․
թատրոնն իմ պարագայում հաղթել է։ Գուցե նրա համար, որ պահը հասունացած չէ։ 

Վանաձորն աշխարհի ամենա․․․ 
հրաշք քաղաքն է։ 

Վանաձորի երիտասարդներն աշխարհի ամենա․․․
ալարկոտն ու ֆենոմենալն են։

Վանաձորի ռեժիսորներն ամենա․․․
տարբեր, կորած ու հայտնին են։ 
 


Վանաձորի հանդիսատեսն ամենա․․․
խստապահանջն ու հասկացողն է։ 

Վանաձորն ինձ համար․․․
երանություն է։ 

Ես Վանաձորի համար․․․
երանգներից մեկն եմ։

Քաղաքում ամենասիրելի վայրերը․․․
որտեղ մարդիկ չկան, երբ միայն բնությունն է։ 

Վանաձորի բարբառով սիրելի արտահայտությունս է․․․
ըլարիլ մի։

Ես Վանաձորի․․․
արվեստի զարկերակներից եմ։