Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Էդգար Քոչարյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 31-10-2019
«Ես Վանաձորի բազմազբաղության և արագության զարկերակներից եմ»․ Էդգար Քոչարյան
Eritasard.am-ն իր «Վանաձորի զարկերակը» հեղինակային շարքում շարունակում է ներկայացնել 2019թ․ երիտասարդական մայրաքաղաք հռչակված Վանաձորի ակտիվ երիտասաարդներին։ Այս անգամ մեր հյուրը Վանաձորի բազմազբաղ բնակիչներից մեկն է՝ դերասան, հեռուստահաղորդավար, հանդիսավար Էդգար Քոչարյանը։

Միասին կփորձենք բացահայտել, թե Վանաձորի որ զարկերակն է Էդգարը։ 

Որոշեցի դառնալ դերասան, որովհետև․․․
թատերական արվեստի նկատմամբ հետաքրքրություն և սեր եղել է դեռ փոքրուց։  «Կայծ» թերթում հայտարարություն տեսա, որում ասվում էր, որ մեծանուն դերասաններ Գրետա Մեջլումյանը և Ռազմիկ Խոսրոևը երաժշտական դպրոցում թատերական խմբակ են բացել։ Գնացի ընդունելության քննության (ընդ որում միայն ես էի), ասացին, երբ խումբը կհավաքվի՝ կտեղեկացնեն։ Սակայն, չէին կարողացել կապ հաստատել ինձ հետ։ Բայց փորձեցի հաջորդ տարի․ ընդունվեցի միանգամից 2-րդ կուրս։ Ցավոք խմբակը շուտով փակվեց, բայց կապս Ռազմիկ Խոսրոևի հետ շարունակվեց։ Իմացանք, որ Վրույր Հարությունյանն է խմբակ բացել, որոշեցի գնալ։ Եվ արդեն 1998թ․-ին ընդունվեցի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ։
 


Որպես հեռուստահաղորդավար սկսեցի աշխատել․․․
«Ֆորտունա» Լոռու մարզային հեռուստաընկերությունում՝ Վարդուհի Անանյանի հրավերով։ Սկզբում իհարկե տարակուսանք կար, սակայն, ի վերջո, որոշեցի փորձել։ Մի քանի տարի վարեցի ժամանցային «Բաց սենյակ» հաղորդումը։ Վերջերս հաղորդումը վերաբացվեց, սակայն, ցավոք, ժամանակիս սղության և զբաղվածության պատճառով չընդունեցի առաջարկը։ 
 
Թատրոնում սկսել եմ աշխատել ․․․
2005թ-ից և առ այսօր աշխատում եմ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ 



Որպես հանդիսավար սկսել աշխատել․․․
2008թ․-ից։ Ընկերներիցս մեկն առաջարկեց իր հարսանիքը վարել։ Սկզբում մերժեցի։ Ես բնավորությամբ փակ մարդ եմ, մշտապես խուսափել եմ կենացնել հնչեցնելուց, սակայն կրկին որոշեցի փորձել։ Ինչ խոսք, սկզբում դժվար էր, սակայն ժամանակի ընթացքում հասկացա, որ այս ոլորտը ևս սիրում եմ։ 

Վանաձորն աշխարհի ամենա․․․
լացկան (եղանակային առումով), բարի, ազնիվ, անմիջական քաղաքն է։ 

Վանաձորի երիտասարդներն աշխարհի ամենա․․․
անմիջականն են։

Վանաձորի դերասաններն ամենա․․․
տաղանդավորների թվում են։
 


Վանաձորի հանդիսավարներն ամենա․․․
քրտնաջանն ու շատ աշխատողն են։ 

Վանաձորն ինձ համար․․․
աշխարհի ամենահարազատ, տաքուկ վայրն է։ Ոչ թե եղանակային առումով, այլ ներքին ջերմությամբ, որն առանձնահատուկ է։ 

Քաղաքում ամենասիրելի վայրերն են․․․
ապրածս կյանքի վայրերը։ Մանկությունս՝ Մաշտոցի սեփականներ, պատանեկություն, երիտասարդություն՝ Վարդանլու, իսկ ներկա պահին՝ Լագեր թաղամաս։ Նաև սիրում եմ Լճերի և Թթու ջրի հատվածը։  

Վանաձորի բարբառով սիրելի արտահայտություններս են․․․
բարլուս։ Ես շատ եմ օգտագործում՝ անկախ օրվա ժամից։ Եվ իհարկե՝ ազիզ։ 

Ես Վանաձորի․․․
բազմազբաղության և արագության զարկերակներից եմ։