Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լիլիթ Սարգսյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 31-10-2019
«Ես Վանաձորի իրավական ոլորտի զարկերակներից եմ»․ Լիլիթ Սարգսյան
Eritasard.am-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել 2019թ․ երիտասարդական մայրաքաղաք Վանաձորի ակտիվ երիտասաարդներին` «Վանաձորի զարկերակը» հեղինակային շարքում։ Այս անգամ մեր հյուրն իրավաբան Լիլիթ Սարգսյանն է։

Լիլիթը 23 տարեկան է։ Ծնվել է Դսեղում, սակայն 17 տարեկանում տեղափոխվել է Վանաձոր։ Սովորել է Վանաձորի պետական համալսարանում, այնուհետև կրթությունը շարունակել «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանում։ Իսկ այժմ պատրաստվում է ընդունվել նաև Փաստաբանական դպրոց։ 

Որոշեցի ընտրել իրավաբանի մասնագիտությունը, որովհետև․․․
մշտապես ցանկացել եմ գործունեություն ծավալել այնպիսի ոլորտում, որտեղ կկարողանայի որևէ դրական փոփոխություն իրականացնել, իսկ իրավաբանության ոլորտը նման հնարավորության համար լավագույն տարբերակն է։ Ի դեպ փոքրուց եմ հետաքրքրվել և սիրել այս ոլորտը։ Ես շատ ուրախ եմ, որ այնպիսի ընտանիքում եմ դաստիարակվել, որտեղ մասնագիտական ոլորտն ընտրելու ազատ հնարավորություն եմ ունեցել։ 

Բնույթով զգացմունքային եմ, սակայն․․․
փորձում եմ հաղթահարել, որովհետև գիտակցում եմ, որ երբեմն չափազանց զգացմունքային լինելը կարող է խանգարել աշխատանքում։ Բայց, իրականում, կարևորը լավ մասնագետ լինելն է։

Լինելով երիտասարդ․․․
փորձում եմ ակտիվ մասնակցություն ունենալ տարբեր սեմինարների, թրեյնինգների, որոնց ընթացքում գիտելիքներս համալրում եմ, փորձ եմ ձեռք բերում, ծանոթանում լավ մասնագետների հետ։ Եվ ամենևին էլ պարտադիր չէ, որ մասնակցությունս լինի հենց մասնագիտական ոլորտում։ Ո՛չ, կարծում եմ պետք է գաղափար ունենալ բոլոր ոլորտներից, ուստի աշխատում եմ տարբեր ոլորտների սեմինարների մասնակցել։ 
 


Արդեն 5 տարի աշխատում եմ․․․
«Արկատ» իրավաբանական գրասենյակում։ Այս տարիների ընթացքում բավականին փորձ եմ կուտակել, որով կիսվում եմ նաև ոլորտում առաջին քայլեր անող երիտասարդների հետ։ 

Լավ իրավաբան լինելու համար պետք է․․․
առաջին հերթին լինել լավ մարդ։ Իրավաբանը պետք է ոչ միայն մասնագիտական գիտելիքներ ունենա, այլ նաև մարդկանց հետ շփվելու կարողություն։ 

Վանաձորն աշխարհի ամենա․․․
հոգեհարազատ վայրն  է, որտեղ ես կարողանում եմ հանգստանալ, զուգահեռ մոտիվացվել և զինվել նոր գաղափարներով։
 


Վանաձորի երիտասարդներն աշխարհի ամենա․․․
խելացի, տաղանդավոր և կրեատիվն են։ 

Վանաձորի իրավաբաններն ամենա․․․
խելացի և հաղթականն են։

Վանաձորն ինձ համար․․․
ամենամոտիվացնող քաղաքն է։

Քաղաքում ամենասիրելի վայրերն են․․․
Լճերը, Բուսաբանական այգին։ 

Վանաձորի բարբառով սիրելի արտահայտություններս են․․․
ազիզ և ազիզ լա մի շշացրա։ 

Ես Վանաձորի․․․
Իրավական ոլորտի զարկերակներից եմ։