Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 02-11-2019
Շախմատային դիմակայությունում Հայաստանն ուժեղ էր Ադրբեջանից
Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը պահպանում է մրցանակային տեղ զբաղեցնելու շանսերը։

Վրաստանում շարունակվում է ընթանալ շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը։ Արդեն խաղարկվել է 8 տուր։ Հայաստանի հավաքականը 8-րդ տուրում կարողացավ 2.5 - 1.5 հաշվով հաղթել Ադրբեջանի ընտրանուն։

Որոշիչ դարձավ չորրորդ խաղատախտակի վրա Արման Փաշիկյանի հաղթանակը Էլտաջ Սաֆարլիի նկատմամբ: Հայ գրոսմայստերը հաղթանակը տոնեց մրցախաղի 50-րդ քայլում, երբ անխուսափելիորեն զինվորը թագուհի էր դարձնելու։

Առաջին խաղատախտակի վրա Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով արագորեն ոչ-ոքի էր գրանցել Շահրիյար Մամեդյարովի հետ: Ամենաթեժ պայքարն ընթացել էր երկրորդ ու երրորդ խաղատաղխտակների վրա: Գաբրիել Սարգսյանը մոտ է եղել Արկադի Նայդիշին զիջելուն, սակայն կարողացավ կարեւոր ոչ-ոքի կորզել, իսկ ահա Հրանտ Մելքումյանը մեծ հնարավորություն ուներ Գադիր Գուսեինովին հաղթելուն, սակայն չիրացրեց առավելությունը եւ համաձայնեց ոչ-ոքի արդյունք կնքել։

Մինչեւ վերջին տուրը Հայաստանը վաստակել է 11 միավոր ու այժմ բարձրացել է չորրորդ տեղ: Առաջատար Ուկրաինան 8 տուրից հետո ունի 13 միավոր: Ադրբեջանը 9 միավորով 13-րդն է:

9-րդ՝ վերջին տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Հունաստանի հետ, եւ եթե մրցակից մյուս թիմերը ցանկալի արդյունք գրանցեն, իսկ Հայաստանի հավաքականը հաղթի, ապա մեծ է հավանականությունը առաջատար եռյակում հայտնվելու: