Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Ռոզայի և Ժորայի անձնական արխիվից
Տեղադրվել է 04-11-2019
Ժորա և Ռոզա․ երբ պարում է ընտանիքը
Սպորտային պարերի մեծ սիրահար, մարզիչ Ժորա Մխիթարյանին այս ոլորտում շատերը գիտեն։ Երիտասարդ պարողն արդեն հասցրել է հիմնել իր սեփական պարայի ստուդիան և պարային մեծ հմտություններ փոխանցել բազում ուսանողների։

Պարի հանդեպ սերը ժորայի մոտ կրկնապատկվեց, երբ հանդիպեց ապագա կնոջը՝ Ռոզա Հովհաննիսյանին, ուստի պարից զատ այս պարային զուգին միավորեց սերը և նորաստեղծ ընտանիքը։ Գեղեցիկ և անչափ պարային երիտասարդների հետ էլ զրուցել են սպորտային պարերից, դրա հանդեպ հանրության հետաքրքրությունից։

-Ինչպե՞ս հայտնվեցիք բեմում կամ սպորտային պարերի աշխարհում։

Ժորա - Ճակատագիր էր, սկսել եմ պարել ուշ տարիքից՝ 16 տարեկանից, պարզապես հասկացա, որ կարող եմ և հետևաբար փորձեցի, փորձեցի ու ստացվեց։ Որպես ուղղորդող կարող եմ ասել ավագ եղբայրս է եղել, և այդպես իր հետքերով էլ գնացի։ Սկսեցի սիրել պարն ու այն դարձավ առօրյա, այնուհետև՝ ճակատագիր։

-Երբեմն ասում են, որ  սպորտային պարեր ասվածը հայերի համար չէ, կա կարծիք, որ հայերը իրենց մտածելակերպով և կեցվածքով չեն համապատասխանում, համամի՞տ եք այս կարծիքին։

-Ես կարող եմ հստակ ասել՝ ոչ, օրինակ՝ սլավոնական երկրների ներկայացուցիչներին այդքան էլ չեն համապատասխանում, քանի որ իրենք իրենց բնույթով և տեսակով բավականին սառն են, սակայն նրանց մոտ սպորտային պարերը ավելի լավ է ստացվում և հաջողություններն են ավելի շատ քանի որ հատկացվում են ֆինանսներ, կան լավ մարզիչներ և դպրոցներ, առկա է մեծ հովանավորություն, մի խոսքով՝ այն ինչ պակասում է մեզ, իսկ ահա մենք՝ հայերս ունենք մեծ պոտենցիալ, ձգտում, հիանալի երեխաներ, ուստի, եթե լինի նաև աջակցություն, արդյունքն էլ ավելի ակնառու և գոհացնող կլինի։



-Հետաքրքիր է՝ ամեն դպքում հայ հանրության հետաքրքրությունը սպորտային պարերի հանդեպ որքանո՞վ է մեծ։

-Շատ ցավոտ է, բայց հետաքրքրությունը բավականին քիչ է, մոտ 10 տարի առաջ հետաքրքրությունն ավելի մեծ էր, տրամաբանորեն այն պետք է զարգացում ապրեր, սակայն ցավով եմ նշում, որ մարդկանց հետաքրքրություն ավելի շատ անկում ապրեց, պատճառները ժամանակներն են։ Հիմա տեխնորոլգիաների ժամանակաշրջան է, և ծնողները երեխային  հենց այդ ուղղությամբ են  ուղղորդում։ Մարդիկ այս սպորտային պարերի ոլորտում չեն տեսնում գումար, ապագա, հեռանկար․․․․

-Ինչպե՞ս բացահայտեցիք Ռոզային և ստեղծեցիք պարային ընտանիք։

-Ինձ շատ շտապ պարային զույգ էր անհրաժեշտ, իսկ մեր խորհրդի նախագահն առաջարկեց հենց Ռոզային, և հենց այդպես  եղավ մեր ծանոթությունը, պարային զույգը վերածվեց  սիրող սույգի, այնուհետև՝ ընտանիքի։



-Փաստորեն՝ պարային զույգի վեճերը տեղափոխվեցին տուն․․․

Ժորա - Չեմ ճանաչում մի զույգ, ովքեր չվիճեն, հատկապես պետք է փաստել, որ պարային զույգի որակի արդյունքը հենց այս վեճերի-բանավեճերի արդյունքում է ծնվում․․․

-Ռոզա՛, իսկ դուք ի՞նչ կասեք, Ձեր զույգի հետ ամուսնանալով՝ ի՞նչ բարդությունների հանդիպեցիք։

- Ժամանակահատվածը, որ համատեղել էինք պարն ու ընտանիքը, այդքան էլ երկար չէր, քանի որ ծնվեց մեր որդին՝ Մոնթեն, բայց, այո, մի քիչ դժվար էր, քանի որ եթե պարի փորձերի ժամանակ ես մի քիչ զուսպ էի վեճերի առումով, ապա ամուսնությունից հետո մի քիչ առիթավորվեցի (ծիծաղում է )․․․ քանի որ հասկացա մեզ արդեն պարելիս պետք էր մեկը, ով ինչ-որ հարցերում խորհուրդ կտար և կուղղորդեր մեզ։ Մեր հիմնական տարաձայնությունները սկսվեցին նրանից, որ երբ դահլիճ մնում էինք երկուսով, արդեն հասկանում էինք՝ նոր ոչինչ չունենք անելու։



- Մոնթեն պարի հանդեպ սեր ո՞ւնի։

Ռոզա- Հետաքրքիրն այն է, երբ մեր որդուն հարցնում են արդյո՞ք կցանկանա պարով զբաղվել պատասանում է ՝ոչ, սակայն երբ մտնում է դահլիճ ակամայից սկսում է պարել։ Հատուկ չենք ասում և չենք որոշում, բայց ինչ խոսք, կցանկանամ, որ որդիս պարի ուղղությունն ընտրի։

-Ռոզա՛, աշխատում եք փոքրիկների հետ, հետաքրքիր է նրանց հատկապես սպորտային պարերի ո՞ր հատվածք է հետաքրքրում։

-Դե աղջիկների դեպքում, փոքրիկ բարձարկունկներն են, թիթիզ շորիկները և, իհարկե, պարի  գեղեցիկ ռիթմերը, նրանցից շատերը մեծ ցանկություն ունեն բեմ բարձրանալու, պարելու, ինչի արդյունքում պետք է խոստովանեմ՝ ունեմ փոքրիկ սաներ, որոնք տրված գիտելիքը սպունգի  նման է կլանում։

-Լավ, ի՞նչ է ձեզ համար պարը, սա հոբբի՞է, առօրյա՞, մասնագօտությո՞ւն, անբուժելի հիվանդություն․․․

Ռոզա - Երբ պարը թողնում ես, բայց դահլիճում մենակ ես մնում, սկսում ես երաժշտության տակ շարժումներ անել, պարել և հասկանում ես,այո, այն հիվանդության նման է, դու չես կարող ձերբազատվես այդ հիվանդությունից։ Պարը գեղեցիկ բան է, խոսքերը բավական չեն, պարը նկարագրելու համար։ Իմ համար այն եղել և շարունակում է մնալ հրաշք։

Ժորա - Միանշանակ դա հիվանդություն է, ապրելակերպ։ Հիմա ես չեմ պարում, դասավանդում եմ, բայց այս ոլորտում չլինել պարզապես չեմ կարող։ Իմ կյանքի բոլոր լավ օրերն ու հիշողությոնները կապված են  պարի հետ, իրադարձությունները, վերելքներն ու հիաստափությունները, չեմ մտածում՝ ինչ պետք է անեմ առանց պարի։



-Ի՞նչ է սովորեցրել պարը Ռոզային և Ժորային։

Ժորա - Առաջին հերթին այն սովորեցնում ինքնուրույնություն։ Շնորհիվ պարի դու դառնում ես դրական մարդ։ Մարդը, ով միշտ պարի և երաժշտության մեջ է, պարզապես վատ մարդ լինել չի կարող և սպորտային պարը հատկապես սովորեցնում է  տիրապետել աղջիկների հետ շփվելու մեծ արվեստին։

Ռոզա - Ինձ պարը սովորեցրել է համբերություն, պայքարել, չհանձնվել և մարդկանց էլ ավելի լավ ճանաչել։

Իսկ բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն ընտրել սպորտային պարերի աշխարհը, կամ արդեն այս աշխարհում են, ապա Ժորան և Ռոզան խորհուրդ են տալիս հավատալ իրենց ընտրած ուղղությանը և ձգտեն սովորել և չմոռանալ, որ այս ոլորտում անչափ կարևոր է համբերությունը։