Նյութը՝ Նազելի Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 07-11-2019
Սոս Սարգսյանի 90-ամյա հոբելյանին նվիրված միջացառում ազգային գրադարանում
Սոս Սարգսյանի 90-ամյա հոբելյանին նվիրված միջացառումների շրջանակներում՝ Հայաստանի ազգային գրադարանում կայացավ Վարպետի հեղինակած «Ոտնամաններս» պատմվածքի ընթերցանությունը, որին մասնակցեցին Վարպետի հիմնադրած Համազգային թատրոնի դերասանները:

«Մենք որոշել ենք Սոս Սարգսյանին ներկայացնել որպես գրող: Որպես դերասան, կինոյի վարպետ, բեմի վարպետ մենք նրան անընդհատ տեսնում ենք, բայց որպես գրող մի փոքր անտեսված է մնացել, և մենք փորձեցինք ներկայացնել նրան որպես գրող »,- անդրադառնալով միջոցառման գլխավոր սկզբունքնին, նշեց Ազգային գրադարանի տեղեկատվության և հանրային կապերի պատասխանատու Սուսաննա Չիչակյանը:

Թատրոնի և կինոյի մեծ վարպետը նաև մեկ տասնյակից ավելի հրաշալի գրքերի հեղինակ է: Նրա մասին գրքերը, ամսագրերում տեղ գտած նրա ստեղծագործությունները և հոդվածները, և գրադարանի ֆոտոարխիվից որոշ լուսանկարներ ներկայացված են Ազգային գրադարանի Փոքր ցուցասրահում: 

Միջոցառման գլխավոր մեղավորներից՝ Համազգայինի դերասան Վարշամ Գևորգյանը հաճախ է խորհուրդ տալիս ծանոթանալ իր ուսուցչի գործունեությանը՝ ստեղծագործություններին և ֆիլմերին:

«Սոս Սարգսյանի ստեղծագործություններից յուրաքանչյուրն առանձին արժեք է, որոնցից է «Ոտնամաններս» պատմվածքը, որի ընթերցանությունը պատահական չէր»,- նշեց դերասանը:

Տաթև Ղազարյանը մեծ հաճույքով է համաձայնել մասնակցել այս միջոցառմանը և ուրախ է, որ Ազգային գրադարանը նույնպես անդրադարձել է Սոս Սարգսյանի 90-ամյակին: Նրա, ինչպես մյուս դերասանների համար, շատ կարևոր է Վարպետի արժեքներով առաջնորդվելն ու նրա թողած գործը շարունակելը: 

Դերասանուհին շեշտում է,- «Մեր ամենագլխավոր սկզբունքն ազնիվ լինելն է, հատկապես, մեր կատարած աշխատանքում: Կարևոր է լինել ճաշակով, արարել արվեստ և չհեռանալ մեր ակունքներից»:

Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը վստահ է՝ մեր բոլորի մեջ թաքուն ապրում է Սոս Սարգսյանը: 

«Մենք շատ հաճախ զրուցում ենք իր հետ»,-նշում է դերասանը, հավելելով՝ Վարպետին ժպիտով են հիշում, նրա բարոյականությունը, համբերատարությունը, զսպվածությունը: 

«Նրա համար ամենակարևորը մարդկային արժեքներ էին: Չէր կարող հանդուրժել սուտը, խաբեությունը: Շիտակ մարդ էր, պարզ, անմիջական: Բարի մարդ էր, սրտացավ մարդ էր, հոգատար մարդ էր՝ ծնողի պես»-եզրափակեց Արման Նավասարդյանը:

Հիշեցնենք, որ հայ թատրոնի նահապետ, «Համազգային» թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանի ծննդյան 90-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը նշանավորվեց հոկտեմբերի 24-ին, Համազգային թատրոնում հոբելյանական բեմադրությամբ:

Պատկերասրահ՝ Սոս Սարգսյանի 90-ամյա հոբելյանին նվիրված միջացառում