Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 07-11-2019
Jamiroquai-ի ելույթով մեկնարկեց Silk Note Festival-ը
Նոյեմբերի 6-ին մեկնարկեց լավագույն արտիստներին Հայաստանում համախմբող Silk Note Festival-ը: Նոյեմբերի 6-10-ը Երևանում սպասվում է իսկական տոն: Փառատոնի շրջանակում մեր երկրում համերգներով հանդես կգան աշխարհահռչակ Jamiroquai-ն, The Parov Stelar Band-ը և Էլ Դի Մեոլան:

Silk Note Festival-ը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և «Մշակութային տուրիզմի զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է, փառատոնի գործընկերն է Berin Iglesias Art-ը: 



Փառատոնի մեկնարկին ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Silk Note Festival-ի տնօրեն Արազ Բաղդասարյանը նշեց, որ այս փառատոնը նպատակ ունի ներգրավվել զբոսաշրջիկներին և Հայաստանը դարձնել գրավիչ՝ այլ երկրներից արտիստներ բերելու միջոցով: «Փառատոնի շրջանակում մենք տարբեր ոճի երաժշտություն ենք ներկայացնելու, լինելու են միայն ամենաճանաչված արտիստները: Մեր նպատակներից է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում պահել մեր երկիրը: Ամեն ինչ պետք է անենք, որ մեր համերգները և գործունեությունը լինի միջազգային չափանիշներին համապատասխան»,- ընդգծեց նա՝ շեշտելով, որ փառատոնի շրջանակում լինելու են չտեսնված, չլսված համերգներ: 



Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիայի նախագահ, Silk Note Festival-ի գեղարվեստական ղեկավար Ժորա Սարգսյանն առանձնահատուկ կարևորեց նման մեծամասշտաբ իրադարձության անցկացումը մեր երկրում: Նա ներկայացրեց փառատոնի արտիստներին, համերգների ցանկը՝ առանձնահատուկ շշետելով, որ ընտրվել են այնպիսի արտիստներ, որոնց երկար տարիներ սպասել են Հայաստանում: 



Նոյեմբերի 6-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Գրեմմիի դափնեկիր և Բրիտս մրցանակի առաջադրված, Գինեսի ռեկորդակիր Jamiroquai խմբի համերգը: Այն անցավ ջերմ ու ինքնատիպ մթնոլորտում՝ գեղեցիկ լուսային շոուի ուղեկցությամբ: Համերգին հնչեցին խմբի սիրված ու հայտնի հիթերը: Հանդիսատեսը համերգային երեկոն ընդունեց մեծ ջերմությամբ: 



Նոյեմբերի 8-ին, ժամը 19:00 Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում փառատոնի շրջանակում կկայանա եվրոպական փառատոնների այս տարվա ֆավորիտ The Parov Stelar Band-ի համերգը: Նոյեմբերի 10-ին, ժամը 18:00 Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա վիրտուոզ կիթառահար, աշխարհահռչակ երաժիշտ Էլ Դի Մեոլայի համերգը: 



Հավելենք, որ Silk Note Festival-ը տարածաշրջանում բացառիկ փառատոն է: Այն ոչ միայն տեղացիներին, այլև զբոսաշրջիկներին առաջարկելու է բացառիկ համերգներ, որոնց հեդլայներները կլինեն աշխարհահռչակ արտիստներ: Համերգներից ստացված հասույթն ուղղվելու է մարզերում մշակութային օջախների վերակառուցմանը: 

Պատկերասրահ՝ Jamiroquai-ը Հայաստանում