Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 13-11-2019
Մեկնարկել է «ԿԻՆ» փառատոնը․․․
Երեւանում մեկնարկել է «ԿԻՆ» միջազգային 16-րդ կինոփառատոնը։

Փառատոնի շրջանակում արդեն 16 տարի շարունակ ցուցադրվում են աշխարհի ամենատարբեր կին ռեժիսորների հեղինակած ֆիլմերը` հայ և արտասահմանցի կին կինոռեժիսորների միջև հանդիսանալով փորձի փոխանակման հարթակ։ 

Այս տարի կինոփառատոնի ընթացքում կցուցադրվի 65 ֆիլմ` 13 երկրից, որոնք ընդգրկվել են փառատոնի ծրագրերում: Փառատոնը ներառում է՝ Կարճամետրաժ ֆիլմերի մրցութային, Հյուրերի ծրագրերը, Բրիտանական խորհրդի «Կինոժապավեն՝ իրականությունից», «Կանացի հայացք» կանադական կարճամետրաժ ֆիլմերի ծրագրերը: Փառատոնի ընթացքում կցուցադրվի նաև Մարգարեթ ֆոն Տրոտտայի «Փնտրելով Ինգմար Բերգմանին» ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել Կաննի միջազգային կինոփառատոնի շրջանակում, իսկ ռետրոսպեկտիվ ցուցադրությունը նվիրված է Անյես Վարդայի հիշատակին:



Ինչպես նշեցին կազմակերպիչները այս տարի նույնպես կլինի վարպետության դաս, «Կինը և կինեմատոգրաֆիան» թեմայով կլոր սեղան քննարկում:

Փառատոնի ռետրոսպեկտիվ ցուցադրությունը նվիրված կլինի Ֆրանսիական Նոր Ալիքի տատիկ՝ Անյես Վարդայի հիշատակին, կցուցադրվի իր հայտնի «Կլեո 5-ից 7-ը» ֆիլմը։ 



Հայ հանրությունը հնարավարություն կունենա դիտելու նաև միջազգային կինոքննադատների կողմից բարձր գնահատանքի արժանացած Մարգարեթ ֆոն Տրոտտայի «Փնտրելով Ինգմար Բերգմանին» ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել Կաննի միջազգային կինոփառատոնի շրջանակներում։ 

Այս տարի փառատոնի միջազգային հյուրերն են՝ կանադական «Կանացի հայացք» կինոփառատոնի տնօրեն Լեսլի Անն Կոլս և սցենարիստ Անաստասիա Գորյունովան Ռուսաստանից։ Վերջինս կվարի սցենարագրության վարպետության դաս Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:



16-րդ «ԿԻՆ» միջազգային կինոփառատոնը ավանդույթի համաձայն անցկացվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության դահլիճում։ Բոլոր  ցուցադրությունների մուտքն ազատ է։

Կինոփառատոնը կտևի մինչև նոյեմբերի 15-ը