Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 15-11-2019
Լեգենդար Էլ Դի Մեոլան ելույթ ունեցավ Հայաստանում
Ամերիկացի վիրտուոզ կիթառահար Էլ Դի Մեոլան համերգով հանդես եկավ Երևանում: Երաժիշտը նոյեմբերի 10-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ինքնատիպ երեկո ներկայացրեց Silk Note Festival-ի շրջանակում: Հայաստանում բացառիկ ջերմությամբ ու մեծ սիրով են ընդունել լեգենդար արտիստին, և նա նույնպես հիացած է եղել հայկական հյուրընկալությամբ:

Նրա համերգն իսկական տոն էր երաժշտի արվեստը գնահատողների համար: Իր խոսքում Էլ Դի Մեոլան առանձնահատուկ նշեց, որ ուրախ է լինել առաջին Silk Note Festival-ի առաջին արտիստներից մեկը: «Մաղթում եմ Silk Note Festival-ին հաջողություն, գիտեմ, որ այն առաջին անգամ է կազմակերպվում: Հպարտ եմ լինել փառատոնի մասնիկը: Ուրախ եմ, որ վերադարձել եմ այստեղ»,-նշեց երաժիշտը:

Էլ Դի Մեոլայի երևանյան համերգն իրականություն դարձավ Silk Note Festival-ի շրջանակում, որը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և «Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է: 

Կիթառի իսկական հերոս Էլ Դի Մեոլան վերջին չորս տասնամյակների ընթացքում միջազգային ասպարեզում ճանաչվել է բարձրագույն կարգի վիրտուոզ: Նրա ցնցող տեխնիկան, ինչպես ակուստիկ, այնպես էլ էլեկտրոնային կիթառներով, Դի Մեոլային արքայական կարգավիճակի է արժանացրել կիթառի երկրպագուների շրջանում, որոնք բաց չեն թողնում նրա և ոչ մի համերգ: