Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 16-11-2019
Վահե Վան Պողոսյանը անհատական ցուցահանդեսով ներկայացավ հանրությանը
Նոյեմբերի 13-ին Կամերային թատրոնում բացվեց Վահե Վան Պողոսյանի անհատական ցուցահանդեսը։

Երիտասարտ նկարչի ցուցահանդեսը ՀՀ մշակույթի նախարարության եւ Երևանի կամերային պետական թատրոնի համատեղ նախաձեռնությունն էր։

Վահե Վան Պողոսյանի ստեղծագործությունները մեծ հիացմունք էին առաջացրել ներկաների մոտ: Թեեւ Վահե Վան Պողոսյանը հանրությանը ներկայացել է ե՛ւ անհատական, ե՛ւ հանրապետական մի շարք ցուցահանդեսներով, այնուամենայնիվ, երիտասարդ նկարչի համար այս ցուցահանդեսը եւս պարտավորեցնող էր ու սպասված։

Վահե Վան Պողոսյանին շնորհավորելու եւ նրա աշխատանքները տեսնելու էին եկել, ոչ միայն Վահեի ընկերներն ու բարեկամները, այլ մարդիկ ովքեր գնահատում են Վահեի արվեստը։

30-ամյա արվեստագետը ուսանել է գեղանկարիչ-քանդակագործ Գեւորգ Մշեցու արվեստանոցում, իսկ 2007-2011 թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան ԵՊՄՀ-ի գեղարվեստի ֆակուլտետում: Ինչպես մշտապես նշում է Վահեն, միշտ պատրաստակամ է իր գիտելիքներն ու ժամանակը տրամադրել բոլոր նրանց, ովքեր ցանկություն ունեն էլ ավելի մոտ կանգնելու արվեստի այս  ճյուղին, ուստի երեւի հենց այդ գիտակցության հետեւանքն է, որ երիտասարդն այսօր դասավանդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀԸԲՄ-ի Նորքի Հայորդյաց տանը։

Հիշեցնենք, որ «Կամերային ցուցահանդեսների» նպատակն է հնարավորություն ընձեռել Երեւանում եւ ՀՀ մարզերում ապրող տաղանդաշատ եւ գուցե նաեւ մոռացված արվեստագետներին՝ իրենց ստեղծագործություններով ներկայանալու հանրությանը: Այն միաժամանակ հարթակ է ցուցադրության հետ մեկտեղ կազմակերպել նաեւ ստեղծագործությունների վաճառք։

Վահե Վան Պողոսյանի աշխատանքների ցուցահանդես-վաճառքը կգործի մինչեւ ս. թ. նոյեմբերի 30-ը։

Պատկերասրահ՝ Վահե Վան Պողոսյանի անհատական ցուցահանդեսը