Նյութը՝ Էլիզա Պետրոսյանի, Ռազմիկ Մնացականյանի, Նարեկ Ալեքսանյանի, Նենե Մկրտչյանի Սիրանուշ Խաչատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 28-11-2019
Ոչ ֆորմալ կրթության էությունն ու առանձնահատկությունները
Յուրաքանչյուր ոք գիտակցում է, որ լավ ապագայի տեսլականը բացվում է առաջին հերթին լավ կրթության առկայության դեպքում։ Անդրադառնալով կրթության ֆորմալ և ոչ ֆորմալ տեսակներին, կարևոր ենք համարում նշել, որ նշված երկու տարբերակները միմյանցից անկախ և արդյունավետ լինել չեն կարող։ Դրանք մեկը մյուսին հավասարապես լրացնելու համար են։

Ոչ ֆորմալ կրթությունը  առաջին հերթին կոչված է կատարել նոր բացահայտումներ` անձի հնարավորությունների ու ցանկությունների սահմանն ավելի արտահայտիչ դարձնելով։ Ոչ ֆորմալ կրթությունը սովորողի մեջ բացահայտում և ձևավորում է անձնային ավելի հոգեբանական որակներ, հնարավորություն է տալիս ոչ կաղապարված մտքերի արտահայտմանն ու ինքնադրսևորմանը։ Ոչ ֆորմալ կրթական գործընթացը շեղվում է արդեն գործող ֆորմալ կրթության սահմաններից և սովորողին տալիս է ավելի աշխարհաճանաչման հնարավորություն։ Սովորողը հնարավորություն է ստանում իրեն բացահայտել ակտիվ ուսումնական գործընթացի ժամանակ։ Այս կրթաձևը չի ենթադրում ֆորմալ կրթության մերժում, այն լրացնում է ֆորմալ կրթությանն ու դարձնում ավելի արդյունավետ:

Ոչ ֆորմալ կրթության ի տարբերություն ֆորմալ կրթության կամավոր է և ոչ պարտադրված, ստանդարտացված չէ և սովորողին և ուսուցանողին տալիս է ճկունություն կրթական նպատակները իրականացնելու համար: Այն կարող է լինել կարճ տևողությամբ և ինտենսիվությամբ, և այն սովորաբար տրամադրվում է կարճատև դասընթացների, սեմինարների կամ վերապատրաստումների տեսքով: Ոչ ֆորմալ կրթությունը կարող է ներառել այն ծրագրերը, որոնք նպաստում են մեծահասակների և երիտասարդների գրագիտությանը և արտադպրոցական տարիքի երեխաների կրթությանը, ինչպես նաև կյանքի հմտությունների, աշխատանքային հմտությունների և սոցիալական կամ մշակութային զարգացմանն ուղղված ծրագրերին: 

Ոչ ֆորմալ կրթության առանձանահտկություններից մեկն այն է, որ ուսուցումն իրականացվում է հորիզոնական մակարդակում: Այսինքն ուսուցման գործընթացում ներառված անձինք՝ մասնակիցները հենց իրենք են գեներացնում գիտելիքը՝ դասընթացավարների, ֆասիլիտատորների օգնությամբ, ովքեր գտնվում են հավասար հարթության վրա ու ունեն հավասարապես ազատ արտահայտվելու ու գործելու իրավունքը: Ոչ ֆորմալ կրթությունը հնարավորություն է տալիս անձին  զարգանալ, ինքնահաստատվել ու ունենալ սեփական կարծիք, ինչպես նաև արտահայտել այն: Այն մոտիվացնում է ստեղծել նոր գաղափարներ ու փնտրել ուղիներ դրանք իրագործելու համար: Հակառակ, ֆորմալ կրթության, որը հիմնականում աշխատում է սովորողի ինտելեկտուալ դաշտի վրա, ոչ որմալ կրթությունը ունի հոլիստիկ մոտեցում և հավասարապես աշխատում է ինտելեկտի, հմտությունների և արժեքների/վերաբերմունքի զարգացման վրա:

Ի տարբերություն ֆորմալ կրթության՝ ոչ ֆորմալ կրթության դեպքում գնահատումը կատարվում է ինքնագնահատման միջոցով, որի շնորհիվ մասնակիցը վեր է հանում իր ուժեղ ու թույլ կողմերը, կարողանում ինքն իր վրա զգալ սեմինարի/դասընթացի արդյունավետությունն ու ազատ արտահայտում է իր բողոքները, առաջարկները կամ ցանկությունները՝ կապված դասընթացի որակի բարելավման հետ:

Մեր օրերում, ի շահ երիտասարդների, ֆորմալ կրթության կողքին զուգահեռ ավելանում են նաև ոչ ֆորմալ կրթությունից օգտվելու հնարավորությունները, ինչն էլ ստիպում է զգալ դրա կարևորությունն ու նշանակությունը երիտասարդի զարգացման գործում:

Նյութը պատրաստվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող երիտասարդական աշխատողների վերապատրաստման դասընթացի շրջանակներում, մասնակիցների կողմից: