Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-06-18 19:06
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵՑ
Կկանոնակարգվի բուհ-աշխատաշուկա կապը. կփոխհատուցվի սովորող և վարձու աշխատող հանդիսացող ուսանողների ուսման վարձը՝ եկամտահարկի գումարներից:

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Գործադիրը հաստատել է ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի այն մասնագիտությունները, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ ուսանողի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկն ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է: Արդյունքում՝ կփոխհատուցվի ներկայացված մասնագիտություններով սովորող և վարձու աշխատող հանդիսացող ուսանողների ուսման վարձը՝  նրանց կողմից վճարված եկամտային հարկի գումարներից: Հիմնավորման համաձայն՝ այսօր աշխատաշուկայում առկա են որոշ մասնագիտություններ,  որոնք շատ դեպքերում թափուր են մնում` դիմողների համապատասխան կրթություն և գիտելիք չունենալու պատճառով: Որոշմամբ կկանոնակարգվի բուհ-աշխատաշուկա կապը և հնարավորություն կընձեռնվի վարձու աշխատող հանդիսացող ուսանողներին ստանալու ուսման վարձի վերադարձ՝ վճարված  եկամտային հարկի գումարներից: Որոշման նպատակներից է նաև խրախուսել երիտասարդ աշխատողներին՝ աշխատանքի անցնելիս աշխատանքային պայմանագիր կնքել գործատուի հետ և աշխատել օրինական դաշտում: