Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-06-27 10:20
ՀԱՅՏՆԻ ԵՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ. ԲՈՒՀ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2020 թվականի միասնական քննությունների օրերը՝ ըստ առարկաների.
  • հուլիսի 2-ին՝ Օտար լեզուներ (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իտալերեն, իսպաներեն)
  • հուլիսի 4-ին՝ Հայոց պատմություն, Աշխարհագրություն, Քիմիա
  • հուլիսի 6-ին՝ Մաթեմատիկա
  • հուլիսի 8-ին՝ Հայոց լեզու և հայ գրականություն, Կենսաբանություն, Ֆիզիկա։

«Ընդունելության քննություններն անցկացվելու են 45 քննական կենտրոններում (նախկին 30-ի փոխարեն): Եթե նախկինում մեկ քննական կենտրոնը նախատեսված էր 200-250 դիմորդի համար, ապա այս տարի քննություն հանձնողների թիվը չի գերազանցի 120-ը, և յուրաքանչյուր դահլիճում կլինի 40-60 դիմորդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Քննություններն անցկացվելու են անվտանգության աննախադեպ պայմաններում՝
հաշվի առնելով Պարետի որոշմամբ նախատեսված անվտանգության բոլոր կանոնները։ Քննություն հանձնողների միջև կպահպանվի սոցիալական հեռավորությունը, ամբողջ տարածքը, կահույքը, անգամ գրիչները  կախտահանվեն։ Յուրաքանչյուր մասնակցի կտրամադրվեն սանիտարական պաշտպանության անհատական միջոցներ: Ոստիկանությունը կիրականացնի հսկողություն՝ ավելորդ կուտակումներից խուսափելու համար:

Այս տարի դիմորդները բուհ կընդունվեն նոր կանոնների համաձայն։ Հունիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովը արտահերթ նիստի ժամանակ երկորրդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Հանրակրթության մասին» օրենքում մասնագիտությունների և առարկաների ցանկում նախատեսված փոփոխությունները։ Փոփոխությունները ներկայացնելիս ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ դրանք պայմանավորված են երկրում կորոնավիրուսի տարածմամբ, որի պատճառով դիտարկվում էր նույնիսկ ընդունելության քննություններից հրաժարվելու տարբերակը, սակայն ի վերջո որոշում ընդունվեց դիմորդներին բուհ ընդունվելու հնարավորություն տալ՝ միայն մեկ քննություն հանձնելով։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր նախարարը, dimord.am հատուկ կայքի միջոցով բուհ ընդունվելու հայտ է ներկայացրել ավելի քան 4 հազար 4 հարյուր դիմորդ։