Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-06-29 17:54
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԻՊՈԹԵԿԱՅԻՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ՝ ՈՒՂՂՎԱԾ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման հարցերը կառավարության ուշադրության կենտրոնում են: Մշակվել և փուլ առ փուլ կյանքի են կոչվում տարբեր ուղղություններով ծրագրեր, որոնք իրենց ազդեցությունը կթողնեն ժողովրդագրական իրավիճակի բարելավման վրա:

«Արմենպրեսե-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշեց, որ դեռ 2017 թվականին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի պատվերով կատարված ուսումնասիրությամբ վերհանվել են անձի վերարտադրողական վարքագծի վրա ազդող հիմնական գործոնները: Ըստ ուսումնասիրությունների՝ առաջին տեղում աշխատանքն է, եկամտաստեղծ գործունեությամբ զբաղվելը, երկրորդ տեղում՝ բնակարանային ապահովության խնդիրները:

ՀՀ վարչապետի ղեկավարությամբ գործում է ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ: Այդ խորհրդի շրջանակում ծավալված քննարկումների արդյունքում մշակվել են մի քանի ուղղություններով ծրագրեր, որոնք արդեն կյանքի են կոչվում:

«Առաջիինն այն է, ինչին ականատես ենք լինում: Հուլիսի 1-ից բարձրանում է առաջին և երկրորդ ծնված երեխայի միանվագ նպաստի չափը: Այսօր, համապատասխանաբար, 50 հազար և 150 հազար դրամի փոխարեն կսահմանվի 300 հազար դրամ»,- ասաց Սմբատ Սաիյանը:

Հաջորդ ուղղությունը բնակարանային ապահովության աջակցության ծրագրերն են՝ ուղղված երեխա ունեցող ընտանիքներին: Այս տարվա հուլիսի 1-ից կմեկնարկեն նաև այս ուղղությամբ նախատեսված ծրագրերը: Առաջինը միանվագ դրամական աջակցությունն է՝ ուղղված մարզերում բնակարան ձեռք բերող անձանց:

«Առաջին ծրագրի շրջանակում մարզային բնակավայրում հիպոթեկային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերող ընտանիքներին տրվում է միանվագ աջակցություն բնակարանի արժեքի հինգ տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ միլիոն դրամը: Տրամադրվող աջակցության չափը կապված է ընտանիքում երեխաների առկայության հետ: Ծրագրից օգտվելու համար պարտադիր պայման է ընտանիքում երկու անչափահաս երեխայի առկայությունը»,- ասաց նախարարի տեղակալը:

Երկրորդը կանխավճարի ապահովագրության ծրագիրն է: Երկրորդ ծրագրի շրջանակում պետությունը քաղաքացուն հատկացնում է որոշակի աջակցություն, որն ուղղվում է կանխավճարի ապահովագրությանը: Պետությունն, ըստ էության, ապահովագրում է շահառուի կանխավճար վճարելու պարտավորությունը:

Երրորդ ծրագրի համաձայն՝ հիպոթեկային վարկ մարող ընտանիքում, եթե հուլիսի 1-ից երեխա է ծնվում, ապա պետությունը որոշակիորեն կմարի այդ հիպոթեկային վարկի մայր գումարի մի մասը:

«Մասնավորապես, մարզային բնակավայրում, եթե դա լինի առաջին կամ երկրորդ երեխան, ապա աջակցությունը հիպոթեկային վարկի 10 տոկոսի չափով է, իսկ Երևանում հինգ տոկոսի չափով: Եթե ընտանիքում երրորդ և հաջորդ երեխան է ծնվում, ապա մարումների չափը մարզային բնակավայրում կկազմի 50 տոկոս, Երևանում՝ 25 տոկոսի չափով»,- ասաց նա:

Նախարարի տեղակալը վստահեցրեց, որ սրանք բնակարանային ապահովության միակ ծրագրերը չեն: Առաջիկայում ականատես կլինենք նոր ծրագրերի: Նախատեսվում է շինարարության տեսքով նպատակային ծրագրեր իրականցնել մարզերում: Մարզային բնակավայրերում այդ խնդիրը սուր է դրված: Բնակարանաշինարարության բացակայությունը, ըստ էութան, թույլ չի տալիս մեր հայրենակիցներին օգտվել եկամտահարկի վերադարձի ծրագրից: