Նյութը՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-07-01 20:33
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՕՐԵՆՍԴԻՐԸ ԴԻՄԵԼ Է ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Նախնական մասնագիտական՝ արհեստագործական, եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2020—2021 ուստարվա անվճար ուսուցմամբ՝ նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ ընդունելության տեղերը վերանայելու նպատակով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը դիմել է վարչապետին։

Միջին մասնագիտական կրթությունը, նրա համոզմամբ, ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում գլխավոր ուղղություններից մեկն է, քանի որ ուղղակիորեն կապված է աշխատաշուկայի հետ եւ լրացնում է այն։ Ինչպես ասաց պատգամավորը, եվրոպական մայրցամաքում արդեն վաղուց դա հասկացել են եւ մեծ շեշտադրում են անում միջին մասնագիտական հաստատությունների եւ այդ մասնագիտությունների վրա։ Աշխարհում արդեն երկար ժամանակ է՝ վերլուծություններ եւ հետազոտություններ են արվում, թե ինչպիսի մասնագիտություններ են մոտակա ժամանակներում վերացման վտանգի առաջ հայտնվելու, եւ որ մասնագիտություններն են առաջ գալու։ Այս ամենը Հովհաննիսյանը պայմանավորում է տեխնոլոգիական առաջընթացով, քանի որ արհեստական ինտելեկտի զարգացումը, ըստ նրա, բերելու է մի իրավիճակի, երբ, օրինակ, հաշվապահությունը որպես մասնագիտություն, ապագայում իր տեղը զիջելու է այլ մասնագիտությունների։ «Միջին եւ նախնական մասնագիտական կրթությունը սրընթաց զարգացող աշխարhում աշխատաշուկայի թափուր հաստիքների լրացման արդյունավետ գործիքներից է, որով, մեծ հաշվով, լուծվում է գործազրկության կրճատման եւ քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավման խնդիրը սահմանափակ եւ կարճ ժամանակում։ Այս նպատակով՝ գործընկերներիս ջանքերով օրենսդրական փոփոխություններ էին իրականացվել, ըստ որոնց՝ միջին եւ նախնական մասնագիտական կրթական հաստատություններն անվճար տեղերի հետ մեկտեղ կարող են ունենալ նաեւ վճարովի տեղեր։ Սա շատ լավ հնարավորություն էր միջին եւ նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունների համար՝ ֆինանսական որոշակի անկախություն ձեռք բերելու հարցում»,–նշում է Հովհ. Հովհաննիսյանը։

Ընդհանուր գումարային առումով՝ միջին եւ նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար տեղերը, ըստ նրա, ավելացել են, բայց որոշ մասնագիտությունների գծով, որոնք տնտեսության համար կարող են ապահովել բավականին մեծ մուտքեր եւ աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեն, կրճատվել են։ Ընդգծում է՝ եթե որոշումը չվերանայվի, ապա որոշ մասնագիտությունների գծով ունենալու ենք նախորդ տարիների փորձը միջին եւ նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններում. կառավարության կողմից սահմանված տեղերից ավելի դիմորդներ են լինելու, ովքեր ստիպված հաճախելու են ավագ դպրոց։ «Ցավոք, Հայաստանում այս տարիների ընթացքում չենք ունեցել ամբողջական հետազոտություն, որով կարող էինք հասկանալ, թե ապագայում մեզ ինչ նոր մասնագիտություններ են անհրաժեշտ եւ որոնք են վերանալու, որպեսզի շեշտադրում անենք հենց այդ ուղղությամբ։ Շուկայում ունենք տարբեր մասնագիտությունների գծով լրջագույն պակաս՝ էլեկտրիկներ, խառատներ, կարուձեւի մասնագետներ եւ այլն։ Այս իմաստով միջին մասնագիտական հաստատությունները կարեւոր են այդ բացը լրացնելու համար։ Այս տարի տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններից հետո որոշեցինք թույլատրել ուսումնական հաստատություններին ունենալ վճարովի տեղեր, ինչի շնորհիվ նրանք կկարողանան գեներացնել գումարներ՝ պահանջված մասնագիտությունների գծով։ Այսպիսով, նաեւ իրենք կհոգան իրենց հոգսերը եւ կախված չեն լինի պետությունից։ Ցավոք, այս տարի ականատես եղանք  անվճար տեղերի կրճատման։ Եթե նախկինում միջինի գծով 8000 էր, իսկ նախնականի գծով՝ 4000, այսօր համապատասխանաբար մոտ 2000 պակասել է միջինից եւ 1900՝ նախնական մասնագիտականից»,–մանրամասնեց պատգամավորը։

Այս օրենսդրական փոփոխության նպատակն է պահպանել անվճար տեղերի քանակը եւ զուգահեռաբար ավելացնել վճարովի տեղերը։ Այս տեսանկյունից պատգամավորը կարծում է, որ կառավարությունը պետք է վերանայի որոշումը, որովհետեւ, ըստ նրա, որոշ մասնագիտությունների գծով կրճատումները հետագայում կարող են ծանր անդրադառնալ աշխատաշուկայի վրա. «Օրինակ, ՏՏ ոլորտը, խոհարարության, տուրիզմի ոլորտները, որտեղ իրատեսական մեծ պահանջարկ ունենք։ ՏՏ ոլորտում պետք է ավելացնել ոչ միայն տեղերը, այլեւ այս մասնագիտությունների գծով նոր ուսումնական հաստատությունները, որպեսզի կարողանանք բավարարել շուկայի պահանջարկը»։

 

 «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ