Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-02 20:39
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՀԵՌԱՎԱՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգը։
  • Հեռավար կրթությունն իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով:
  • Հեռավար կրթություն կարող են կազմակերպել հանրակրթական հիմնական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիա ունեցող ուսումնական հաստատությունները, ինչպես նաև Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն ՊՈԱԿ-ում գործող հեռավար ուսուցման կենտրոնը` ՀՈՒԿ-ը:
  • Հեռավար կրթության մասնակիցներն են սովորողները, ուսուցիչները, մանկավարժական աշխատողները, ծնողները կամ սովորողի օրինական ներկայացուցիչը, դպրոցում համապատասխան առարկայական ուսուցչի բացակայության դեպքում՝ ՀՈՒԿ-ի՝ առարկայական մասնագետները:
  • Հեռավար կրթական ծրագրերի բովանդակությունը չի կարող տարբերվել տվյալ առարկայի ծրագրով և չափորոշչով սահմանվածից։

 

Հեռավար ուսուցումը կարող է կազմակերպվել հետևյալ դեպքերում.

  • Եթե հաստատությունը չունի համապատասխան առարկայի մասնագետ՝ մինչև սահմանված կարգով մրցութային հիմունքներով ուսուցչի թափուր տեղի համալրումը:
  • Եթե հայտարարվել է արտակարգ և ֆորս մաժորային իրավիճակ (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն):
  • Դիվանագիտական աշխատանքի անցած ծնողների (օրինական ներկայացուցիչների) կամ օտարերկրյա պետություններում ծնողների հետ ժամանակավոր գտնվող երեխաների համար՝ եթե կրթության իրավունքը չի իրացվել տվյալ երկրում:
  • Այն երեխաների համար, որոնք ունեն առկա ուսուցումն անհնարին դարձնող երկարատև բուժման կարիք:
  • Այն երեխաների համար, որոնք առարկայական կամ սպորտային միջազգային օլիմպիադաների կամ մրցաշարերի մասնակիցներ են և հաճախ են բացակայում երկրից:
  • Այն անձանց համար, ովքեր պետք է մասնակցեն էքստեռն կարգով ավարտական քննություններին՝ հիմնական կամ միջնակարգ կրթության ավարտական փաստաթուղթ ստանալու նպատակով:
  • Սփյուռքում բնակվող, ինչպես նաև Հայաստան վերադառնալ ցանկացող ընտանիքների երեխաների համար, ովքեր լրացուցիչ կրթության միջոցով մտադիր են յուրացնել հիմնական ծրագրեր՝ ՀՀ-ում հանրակրթության մեջ ընդգրկվելու համար: