Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-04 12:09
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ. ՃԳՆԱԺԱՄԸ ՀԵՇՏ ԵՎ ԱՐԱԳ ՉԻ ՀԱՂԹԱՀԱՐՎԻ
Աշխատանքային շուկայի վրա համավարակի ազդեցությունը շատ ավելի նշանակալի եղավ, քան ենթադրվում էր։

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) դիտարկում է իրադարձությունների զարգացման երեք հնարավոր տարբերակ, որոնցից ոչ մեկը փորձագետներին մեծ լավատեսություն չի ներշնչում։ Աշխատաշուկայում իրավիճակը համավարակից առաջ տիրողլ վիճակից լավ չի լինի։ «Չարժե սպսել, թե մենք հեշտ ու արագ դուրս կգանք ճգնաժամից»,- ասել է ԱՄԿ-ի ղեկավար Գայ Ռայդերը։

Արդեն իսկ հայտնի է, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում աշխատանքային ժամերը կրճատվել են 14%-ով, ինչը համարժեք է 400 միլիոն աշխատատեղի կրճատման։ Դեռ վերջերս ԱՄԿ-ի փորձագետները կանխատեսում էին, որ այս ժամանակահատվածում աշխատաժամերի կրճատումը կկազմի 10,7%՝ համապատասխանաբար՝ 305մլն աշխատատեղ։ Բայց սա դեռ վերջը չէ։ Ամենալավատեսական սցենարի համաձայն՝ երրորդ եռամսյակում աշխատաժամերը կկրճատվեն ևս 1,2%-ով, ինչը նշանակում է 34 միլիոն աշխատատեղի կորուստ։ Վատթարագույն տարբերակով՝ կանխատեսվում է համավարակի նոր ալիք, բնականաբար՝ նոր կարանտին և տնտեսության ծայրահեղ դանդաղ վերականգնում։ Այդ իրավիճակում աշխատաժամերը կկրճատվեն ևս 11,9%-ով, ինչը համարժեք է 340 միլիոն աշխատատեղի։ Գայ Ռայդերը կոչ է արել բոլոր երկրներին պայքարել անհավասարության դեմ և տնտեսության վերականգնման իրենց ծրագրերում հաշվի առնել բնակչության ամենախոցելի խավերի շահերը։ Այս հայտարարությունը հնչել է COVID-19-ին նվիրված գլոբալ համաժողովի շեմին։ «Որոշումները, որոնք մենք ընդունելու ենք այսօր, ազդելու են մեր կյանքի վրա նաև 2030 թվականից հետո։ Թեպետ տարբեր պետություններ գտնվում են վարակի դեմ պայքարի տարբեր փուլերում, և իրականում շատ բան է արված, սական եթե մենք ուզում ենք ստեղծել ավելի լավ պայմաններ, քան տիրում էին համավարակից առաջ, ապա պետք է կրկնապատկենք մեր ջանքերը»,- ասելէ Գայ Ռայդերը։

Համավարակի սկզբից ի վեր կառավարություններն արդեն ծախսել են 10 տրիլիոն դոլար՝ ազգաբնակչությանը սոցիալական աջակցություն տրամադրելու նպատակով։ Սակայն այդ գումարի 88%-ը բաշխվել է զարգացած տնտեսություն ունեցող երկրներում. օգնության փաթեթներն այդ երկրներում կազմել է Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) շուրջ 5%-ը։ Զարգացող երկներում մարդկանց ստացած օժանդակությունը կազմել է ՀՆԱ-ի ընդամենը 2,2%-ը, իսկ պակաս զարգացած երկրներում այդ ցուցանիշն էլ ավելի պակաս է։