Նյութը՝ Հասմիկ Կոշկարյանը
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-05 19:38
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՔ ԿՈՐԵԵՐԵՆ ՍՈՎՈՐԵԼ
Տևական աշխատանքից հետո Հայաստանում բացվել է Սեջոնգ Հակդանգ դպրոցի մասնաճյուղը: Սեջոնգ Հակդանգը Կորեայում հայտնի դպրոց է, որի հիմնական նպատակը կորեական մշակույթի և կորեերենի տարածումն է ամբողջ աշխարհում:

Որևէ երկրում այդ դպրոցի մասնաճյուղն ունենալու համար բավական մեծ ջանքեր են պետք: Արդեն սեպտեմբերից դպրոցը կգործի նաև Երևանում՝ Բրյուսովի պետական համալսարանում: Համալսարանի կորեերեն բաժնի և Սեջոնգ Հակդանգ դպրոցի դասախոս Շուշան Խատայանի հետ զրուցել ենք Հայաստանում կորեերենի պահանջարկի, լեզվի իմացության առավելությունների, ինչպես նաև նորաբաց դպրոցի մասին:

 

Ժամանակի սղությունն այլևս լեզու սովորելու գործում խոչընդոտ չէ

Երեք անգամ դիմել էինք, ու չէր ստացվել։ Չորրորդ փորձը պսակվեց հաջողությամբ, և վերջապես կարողացանք Հայաստանում բացել դպրոցի մասնաճյուղը: Իրականում կորեական կողմի պահանջները շատ-շատ են: Հստակ չեմ կարող ասել՝ նախորդ փորձերն ինչու ձախողվեցին. ըստ երևույթին առաջնորդվում էին մեր երկրում կորեերենի ու կորեական մշակույթի տարածվածության մակարդակով, այդ ամենի հանդեպ մարդկանց հետաքրքրության աստիճանով ու, թերևս, նախորդ տարիներին այդ հետաքրքրվածությունը չէին նկատել£ Իսկ այս տարի տեսան: Հայաստանում Սեջոնգ Հակդանգի մասնաճյուղն ունենալու հարցում օգնեց նաև Մոսկվայում Կորեայի դեսպանատունը, որը մեզ համար երաշխավորագիր ներկայացրեց: Սեջոնգ Հակդանգը պրոֆեսիոնալ լեզվի դպրոց է, որը գործում է մոտ 60 երկրում: Մարդիկ, որոնք ժամանակային խնդիր ունեին և չէին կարողանում կորեերենի անհատական դասերի հաճախել, այժմ հնարավորություն ունեն երեկոյան ժամերին ոչ միայն  լեզու սովորել, այլև ուսումնասիրել կորեական մշակույթ, սպորտ: Լեզվի դասընթացներ կկազմակերպվեն ոչ միայն սկսնակների, այլև իմացության միջին մակարդակ ապահովելու համար: Սեջոնգ դպրոցի սերտիֆիկատը կփաստի, որ տիրապետում եք կորեերենի այնպիսի մակարդակի, որը թույլ է տալիս աշխատել, որոշակի գործունեություն ծավալել:

 

Փոքր-ինչ շեղվելու ենք ուսուցման՝ մեզ ծանոթ ձևերից

Դասընթացներն անցկացվելու են Սեջոնգ Հակդանգում տպագրված գրքերով, և դասախոսներն իրենք նախքան դասավանդումը մասնակցելու են դասընթացների։ Ամեն ինչ անելու ենք, որ ուսուցման ընթացքը ավելի հետաքրքիր և արդյունավետ լինի: Դասերը կուղեկցվեն տարբեր տեսանյութերի կամ կորեական դրամաների դիտումով: Հատուկ դասընթացներ վարելու համար հրավիրվելու են տարբեր մասնագետներ: Այսինքն, մի փոքր շեղվելու ենք ուսումնական այլ հաստատություններում, համալսարաններում մեզ հայտնի դասապրոցեսից, բայց, բնականաբար, ավանդական ձևն էլ լինելու, որ մարդիկ ստանան լեզվական անհրաժեշտ գիտելիքներ ու հետագայում դրանք կիրառեն տարբեր բնագավառներում:

 

Դրամաները՝ կորեերենի հանդեպ հետաքրքրության աղբյուր

Մեր հասարակության մեջ կորեերենի հանդեպ հետաքրքրությունը մեծ է: Երբ 2008 թվականին ես էի սովորում կորեերեն, այսպիսի հետաքրքրություն չկար։ Մինչդեռ հիմա՝ մասնավորապես վերջին հինգ տարիների ընթացքում, դրսևորվում է լեզու սովորելու մեծ ցանկություն, և պատճառը կորեական դրամաներն են: Սկսում են նայել, լսել կորեական երաժշտություն, սիրահարվում են երգիչներին ու դերասաններին, և ցանկություն է առաջանում տվյալ դրաման դիտել կամ երգը լսել բնագրի լեզվով ու հասկանալ:

 

Կա կորեախոս զբոսավարների պակաս

Վերջերս կորեացիներն էլ մեծ հետաքրքրություն են հանդես բերում մեր տարածաշրջանի հանդեպ։ Նախորդ տարիներին Կորեայից ունեցել ենք զբոսաշրջիկների մեծ հոսք, և զգացվել է կորեախոս զբոսավարների պակաս: Կորեացիները օտար լեզուներ սովորելու մեծ հակում չունեն, անգլերենին այդքան լավ չեն տիրապետում, և նրանց համար հաճելի է, եբր իրենց հետ իրենց լեզվով են խոսում: Հետևաբար՝ կորեերեն իմանալու դեպքում զբոսաշրջության բնագավառում աշխատանք գտնելու և առաջընթացի մեծ հնարավորություն կստեղծվի: Սրանից բացի Հայաստանով շատ են հետաքրքրվում նաև կորեացի գործարարները: Վերջին երկու տարվա ընթացքում գործարար աշխարհի ներկայացուցիչների համար նույնիսկ ֆորումներ են իրականացվել, որպեզի թե° իրենց արտադրանքը ներկայացնեն Հայաստանում, թե° Հայաստանի գործարարներին լսեն ու փորձեն համատեղ ծրագրեր իրականացնել: Բնականաբար, գործարար կապերի ընդլայնմանը զուգահեռ կորեերեն իմացողների պահանջարկը ևս կավելանա:

 

Կորեական այբուբենը՝ մի առավոտում սովորելու գիր

Առաջին հայացքից կորեերենը դժվար է թվում: Ոմանք անգամ ասում են՝ նույն չինարենն է, բայց իրականում կորեական գրերը հիերոգլիֆներ չեն, տառեր են: Այբուբենը կոչվում է §հանգլ»  և նշանակում է §առավոտյան գիր», որովհետև այնքան հեշտ է, որ մի առավոտում հնարավոր է սովորել: Կորեերենը շատ է տարբերվում մյուս լեզուներից, բայց հեշտ է սովորել, հատկապես երբ սիրում ես լեզուն:

 

Սեջոնգ Հակդանգ դպրոցի դասերը Բրյուսովի պետական համալսարանում կմեկնարկեն սեպտեմբերից: Շուշան Խատայանը հույս հայտնեց, որ դասերը հեռավար չեն անցկացվի, սակայն համոզված է, որ նույնիսկ այդ դեպքում իրենց տված գիտելիքի որակը չի տուժի: