Նյութը՝ Սիսակ Աբրահամյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-05 20:02
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՃՈՒՄ Է ԵՐԵՔ ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻ ԱՐԱԳ, ՔԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹԻՎԸ
Ժամանակակից հասարակությունը չի կարող իր կյանքը պատկերացնել առանց սառնարանների, օդորակիչների, նոութբուքերի, սմարթֆոնների և էլեկտրոնային ու էլեկտրական այլ սարքավորումների։

Կենսամակարդակի բարձրացումը աշխարհի բնակչության մեծ մասին հնարավորություն է տալիս հրաժարվել արդեն հնացած տեխնիկայից և գաջեթներից։ Դրա հետևանքով առաջանում են էլեկտրոնային թափոնների հսկայական սարեր։

Էլեկտրահաղորդակցության միջազգային միության (ԷՄՄ) նոր զեկույցի համաձայն, որը պատրաստվել էր մի շարք այլ կազմակերպությունների աջակցությամբ, 2019 թվականին թափոնի են վերածվել 53,6 միլիոն տոննա համակարգիչներ, նոութբուքեր, համակարգչային կցորդներ, բջջային հեռախոսներ, հեռուստացույցներ, սառնարաններ և այլ կենցաղային տեխնիկա։ Այդ ցուցանիշը 21%-ով ավելի էր, քան հինգ տարի առաջ։ Մինչև 2030 թվականը էլեկտրոնային թափոնների ծավալը կարող է հասնել 74 միլիոն տոննայի, այսինքն՝ փաստացի կկրկնապատկվի 16 տարվա ընթացքում։ Հիմնականում կենցաղային թափոնների մեծ մասը էլեկտրոնիկան է. մարդիկ հաճախ գերադասում են գնել նորը, քան վերանորոգել հին տեխնիկան։

«Վերջին 5 տարում էլեկտրոնային թափոնների քանակը երեք անգամ ավելի արագ է աճում, քան Երկիր մոլորակի ազգաբնակչության թիվը, և 13%-ով ավելի արագ, քան համաշխարհային Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ)»,- հայտարարել է ԷՄՄ-ի ներկայացուցիչ Դորին Բոգդան-Մարտինը։ Նա ընդգծել է, որ էլեկտրոնային աղբի սարերը արդյունք են չորրորդ արդյունաբերական հեղափոխության։

Էլեկտրահաղորդակցության միջազգային միության փորձագետները զգուշացնում են, որ էլեկտրոնային թափոնները մեծ վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի և մարդկանց համար։ Աղբանոց նետված շատ սարքավորումներ պարունակում են թունավոր տարրեր կամ վտանգավոր նյութեր, մասնավորապես սնդիկ, որը ուղղակիորեն ազդում է մարդու ուղեղի և օրգանիզմի կոորդինացիայի վրա։

Այսօր էլեկտրոնային թափոնի միայն 17,4%-ն է վերամշակվում մարդու համար անվտանգ պայմաններում։ Մնացած մասը մնում է աղբանոցներում, մինչդեռ այդ սարքերը պարունակում են ոսկի, արծաթ, պղինձ, պլատին և թանկարժեք այլ մետաղներ։ Դրանց ընդհանուր արժեքը գնահատվում է 57 միլիարդ դոլար, որը գարազանցում է երկրների մեծ մասի Համախառն ներքին արդյունքը։

Աշխարհի տարբեր անկյուններում կուտակվող էլեկտրոնային թափոնների քանակը մի քանի անգամ ավելի է, քան մարդու կյանքին վտանգ չսպառնացող պայմաններում վերամշակվող թափոնների քանակը։ «Աճելու միտում ունեցող այս հիմնախնդրի մասին մարդկանց իրազեկման աստիճանը բարձրացնելու համար անհրաժեշտ են համատեղ լրացուցիչ ջանքեր»,- հայտարարել է ՄԱԿ-ի Ուսումնական և գիտահետազոտական ինստիտուտի (ՅՈՒՆԻՏԱՐ) գործադիր տնօրեն Նիխիլ Սեթը, որը մասնակցել է զեկույցի պատրաստմանը։

2019 թվականին էլեկտրոնային թափոնի ամենամեծ զանգվածը՝ 24,9 միլիոն տոննա, բաժին է հասել Ասիային։ Հաջորդը Հյուսիսային և Հարավային Ամերիկաներն են՝ 13,1 միլիոն տոննա ցուցանիշով, ապա Եվրոպան (12 միլիոն տոննա)։ Աղքատ երկրներում, բնականաբար, թափոնի քանակը ավելի քիչ է. Աֆրիկայում և Օվկիանիայում այն կազմում է համապատասխանաբար 2,9 և 0,7 միլիոն տոննա։