Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-09 23:53
Ժամանակավոր անաշխատունակության և խնամքի նպաստ ստացողների շրջանակը կընդլայնվի
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Փաթեթն ընդունվեց միաձայն՝ 86 «կողմ» ձայնով:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը հայտնեց, որ գործող կարգավորումներով՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող գործատուի վարձու աշխատողը չունի ժամանակավոր անաշխատունակության և խնամքի նպաստի իրավունք: Առաջարկվում է վերանայել այս կարգավորումը, որով միկրոձեռնարկատիրության սուբյեկտը չաշխատող անձի կարգավիճակից անցում կկատարի դեպի աշխատող անձի կարգավիճակ:

Փոխնախարարը նշեց, որ օրենքի ընդունմամբ՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող գործատուի վարձու աշխատողը կարող է ստանալ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ, կարող է նաև հավակնել ժամանակավոր անաշխատունակության նպաստի, եթե այդ ընթացքում հիվանդացել է, ինչպես նաև նրա մայրության նպաստը ևս կնշանակվի և կհաշվարկվի գործատուի կողմից: